Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՔՈՒՆՑԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ «ԿՈՐՑՐԵԼ ԵՆ»

Սեպտեմբեր 09,2009 00:00

Երեկ Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ղեկավար Արթուր Սաքունցը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված 2009 թ. մայիսի 21-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի վարչության կենտրոնի քննչական բաժնի քննիչ Տ. Ա. Հարությունյանի կողմից կայացրած որոշման հետ: Այն առնչվում է «Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Միքայել Դանիելյանի նկատմամբ՝ Հայաստանի Առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի կողմից ձայնագազային ատրճանակից կրակոցներ եւ ֆիզիկական բռնություններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի հետ: «Նշված քրեական գործով հանդես եմ եկել որպես վկա, ցուցմունք եմ տվել Կենտրոնի քննչական բաժնում, վկայակոչել, թե ինչպես է Տիգրան Ուրիխանյանը երկրորդ անգամ, մինչ ոստիկանության աշխատակիցների ժամանելը, բռունցքներով հարձակվում Միքայել Դանիելյանի վրա, միաժամանակ հայհոյում նրան` նշավակելով Միքայել Դանիելյանին՝ հոմոսեքսուալների, «Եհովայի վկաների» իրավունքների պաշտպան եւ «ՑՌՈՒ-ի ագենտ»: Այս քրեական գործի կարճման որոշման մեջ որեւէ ակնարկ անգամ չկա իմ՝ որպես վկա լինելու մասին»,- ասում է Ա. Սաքունցը: Վերջինս հավելում է, որ իր վկայությունը նշանակություն ունի վերը նշված, արդեն կարճված քրեական գործում. «Այդ իսկ պատճառով Կենտրոնի քննչական բաժնի քննիչի կողմից իմ վկայության մոռացության մատնելը հիմք է տալիս ինձ կասկածելու, որ տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք կամ հանցագործության պարտակում: Սույն հայտարարությամբ պահանջում եմ ՀՀ գլխավոր դատախազությունից՝ քննության առնել Կենտրոնի քննչական բաժնի քննիչի որոշումը եւ պարզել, թե ուր է կորել իմ վկայությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել