Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիամ Ղազանչյանը՝ Ջուլիետի կերպարում

Սեպտեմբեր 12,2009 00:00

Հանդիսատեսը կարծեց, թե բեմում պոկվեցին պարանները եւ դերասանուհին վայր ընկավ…

Վ. Փափազյանի անվան շեքսպիրյան փառատոնի շրջանակում դերասանուհի Մարիամ Ղազանչյանը օրերս թատերասեր հանրության դատին ներկայացավ Ջուլիետի կերպարով: Դերասանուհին խոստովանեց, որ ներկայացումից առաջ բավական հուզված էր:

Ներկայացման բեմադրիչը Համազգային թատրոնի դերասան, թատրոնի եւ կինոյի ինստիտուտի դասախոս Կարապետ Բալյանն է: Վերջինս նաեւ պիեսի հեղինակն է: Սա Կ. Բալյանի առաջին լուրջ ռեժիսորական փորձն էր:

Մ. Ղազանչյանը խոստովանեց, որ ռեժիսոր-դերասան հարաբերություններն այնքան էլ համերաշխ չեն եղել:

«Ես ու Կարոն անընդհատ վիճում էինք, առանց վեճերի անհնար է…»,- ասաց Մ. Ղազանչյանը ու հավելեց, որ մինչ այդ աշխատել է տարբեր ռեժիսորների հետ, այդ թվում սեփական հոր՝ Հակոբ Ղազանչյանի հետ, ինչը, ի դեպ, այդքան էլ հեշտ գործ չէ: Հակոբ Ղազանչյանը աշխատելիս բավական խիստ է եւ պահանջկոտ:

Պիեսին Կ. Բալյանը տվել է բեմական լուծումներ: Հանդիսատեսին Ջուլիետը ներկայանում է խամաճիկի կարգավիճակով: Ողջ ներկայացման ընթացքում նա փորձում է ազատվել պարաններից…

«Մարդն իր կյանքում գրեթե միշտ անտեսանելի կապանքներով կապված է լինում շրջակա միջավայրին եւ ոչ միշտ է, որ հաղթահարելով բոլոր արգելքները՝ թոթափում է այդ կապանքները: Իսկ թե ինչ է սպասվում պատնեշից այն կողմ, ոչ ոք չգիտի… Գուցե երջանիկ ապագա… կամ՝ մա՞հ… Այդպիսին է Ջուլիետի ճակատագիրը, ում սիրո ուղին անհայտ է: Բոլորը փորձում են տնօրինել աղջկա կյանքը»,- պարզաբանում է Կ. Բալյանը:

Դերասանուհի Մ. Ղազանչյանը ասաց, թե իրեն այնքան են դուր եկել եւ պիեսը, եւ ռեժիսորի հղացած լուծումները, որ զսպել է անգամ ձեռքերի ցավը՝ պարաններից առաջացած…

Հարցին, թե էլ ի՞նչ բեմական հնարքներից չի հրաժարվի դերասանուհին, Մ. Ղազանչյանը դժվարացավ պատասխանել: Ասաց միայն, որ բեմի մարդը պետք է կարողանա հաղթահարել ճանապարհին հանդիպող դժվարությունները: Անվախ դերասանուհուն նույնիսկ բարձունքը չէր վախեցրել… Մարիամը առանց երկյուղի պարաններով հմտորեն վեր էր բարձրանում եւ նույնքան հմտորեն ցած իջնում… Ի դեպ, զգալի աշխատանք էր տարված բեմական պլաստիկայի վրա: Այն դերասանուհու եւ ռեժիսորի խոսքերով՝ Արինա Արարատյանի շնորհքն է, ինչի համար շնորհակալ են նրանից: Մարիամը իր հանդիսատեսի հետ անկեղծ էր…

Ներկայացման ավարտին, երբ բեմում մի պահ մարեց լույսը, քար լռության մեջ հանդիսականներից շատերը կարծեցին, թե պոկվեցին պարաններն ու դերասանուհին անհաջող վայրեջք կատարեց… Պարանները, իսկապես, պոկվեցին, այդպես նախատեսված էր սցենարով ու Ջուլիետը ազատվեց կապանքներից… Հեռվում հայտնվեց աղոտ լույսի ճառագայթը, եւ հերոսուհին շտապեց դեպի իր սիրեցյալը՝ Ռոմեոն…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել