Լրահոս
Օրվա լրահոսը

«Նկարներս ունենան մեդիտատիվ ազդեցություն»

Հոկտեմբեր 08,2009 00:00

Նման ցանկություն ունի նկարչուհի Եվգինե Մարտիրոսյանը

«Նկարիչն այն մարդն է, որը տեսնում է»,- ասում է երիտասարդ նկարչուհի, հայտնի գեղանկարիչ Արթուր Սարգսյանի տիկին Եվգինե Մարտիրոսյանը, որի «Տեսնել՝ նշանակում է աչքերով զգալ» ցուցահանդեսը օրերս բացվեց ՆՓԱԿ-ում:

«Սա իմ երրորդ անհատական ցուցահանդեսն է, առաջինն ունեցել եմ 10 տարի առաջ՝ 1999-ին, երկրորդն էլ՝ 2004-ին: Առաջին երկու ցուցահանդեսներս այլ ոճերում են եղել: Երկար տարիներ նկարելով, հավաքելով իմ աշխատանքները՝ հասկացա, որ ժամանակն է հանդիսատեսի դատին հանձնել: Նոր հավաքածուում ներգրավված է տարբեր տարիների 14 աշխատանք: Չցանկացա «խցկել» բոլոր աշխատանքներս ագահի պես, քանի որ ցանկությունս էր՝ մաքուր տրանսցենդենտալ վիճակ լիներ, որ ես կարողանայի ողջ էներգիան տալ իմ նկարներով»:

Եվգինե Մարտիրոսյանը ստեղծագործում է աբստրակտ ոճում եւ իրեն համարում ալտերնատիվ նկարչուհի. «Հայաստանի պայմաններում նման ոճում միայն ես եմ ստեղծագործում, աբստրակտ արվեստով քիչ են զբաղվում: Մինչ առաջին ցուցահանդեսս, հանրությունը իմ մասին դեռ չէր լսել, կարելի է ասել՝ ինձ համար էի նկարում: Հետո սկսեցի այլ ուղղություններում ինձ փնտրել՝ այդ թվում՝ սյուրռեալիստական, բայց հետո նորից անդրադարձա աբստրակցիային: Հիմնականում ազդված եմ 60-ականների մոնոքրոմ աբստրակցիոնիստներից, ինձ ավելի մոտ եմ զգում նաեւ իմպրեսիոնիստներին, իսկ ավելի շատ՝ պոստիմպրեսիոնիստներին: Իսկ այն ոճը, որում այժմ աշխատում եմ՝ կոչվում է պուանթելիստական: Պուանթ՝ ֆրանսերենից թարգմանած նշանակում է կետ, պուանթելիզմ՝ կետերով կոմպոզիցիա, այսինքն՝ դա գույնի, գծի եւ շարժումի համադրություն է՝ ներառված դինամիկայով»:

Նկարչուհու փոխանցմամբ, «Նպատակս՝ ներդաշնակության արվեստ ստեղծելն է: Ներդաշնակությունը կարող է տրոհվել տոնի, գույնի, գծի տարրերի: Այս ներդաշնակությունները կարող են արտահայտել ուրախություն, սառնություն, տխրություն, ազդել մարդկային զգացողությունների վրա: Ես ցանկանում եմ, որ իմ նկարներն ունենան մեծ մեդիտատիվ ազդեցություն, ի զորու լինեն իրենց հաղորդած զգացողության շնորհիվ դիտողին կլանել նկարի մեջ: Նպատակս է նաեւ, որ մարդիկ նկարչությանը վերաբերվեն այնպես, ինչպես երաժշտությանը. լսելիս չփնտրեն կոնկրետ առարկա, կոնկրետ պատմություն, ուղղակի զգան: Ինքս ստեղծագործելիս հիմնականում լսում եմ դասական երաժշտություն՝ Բախ: Ազդվում եմ երաժշտությունից, իսկ իմ բիոռիթմն այնպիսին է, որ աշխատում եմ օրվա երրորդ կեսից հետո: Այդ ժամանակահատվածում դառնում եմ նկարչուհի, իսկ մինչ այդ սիրող կին եմ»:

Եվգինեն նշեց, որ իր առաջին քննադատը ամուսինն է՝ նրա հետ ե՛ւ հեշտ է, ե՛ւ բարդ:

Ե. Մարտիրոսյանը, ի տարբերություն ամուսնու, Նկարիչների միության անդամ է. «Թող տարօրինակ չթվա, բայց ես մնացել եմ միության անդամ, իսկ ինչ վերաբերում է ամուսնուս, նա չի ցանկանում անդամ լինել, եւ թող դա ոչ ոքի չզարմացնի եւ ոչ էլ զայրացնի: Միության անդամ լինելը մեծ առավելություններ չի պարունակում. անկախությունից հետո ստեղծվեցին մասնավոր ցուցասրահներ, որոնք իդեալոգիայով են աշխատում՝ գաղափարական ուղղվածություն ունեն, մենք ավելի շատ սկսեցինք համագործակցել նրանց հետ: Ցավը միայն այն է, որ մասնավոր ցուցասրահները դժվարությամբ են գոյատեւում եւ ժամանակի ընթացքում փակվում են»: Մեր զրուցակիցը նշեց, որ ցուցահանդեսներ կազմակերպելը մեծ դժվարություն չի ներկայացնում, կարեւորը ցանկությունն է. «Օրինակ, մասնավոր ցուցասրահների պարագայում սրահ վարձելն այդքան էլ մեծ գումար չի պահանջում: Ամեն դեպքում, եթե ուզում ես ստեղծագործություններդ ներկայացնել հանրությանը, ներկայացնում ես, իսկ ֆինանսական խնդիրներ բոլոր ժամանակներում էլ լինում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել