Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 17,2009 00:00

Աֆղանստանում ընտրությունների երկրորդ փուլ կլինի

\"\"ՄԱԿ-ում Աֆղանստանի ներկայացուցիչ Սաիդ Թաիփ Ջավադը հայտարարել է այդ երկրում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման հնարավորության մասին: «BBC»-ի փոխանցմամբ, ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու են երկրի գործող նախագահ Համիդ Քարզայն ու նրա գլխավոր ընդդիմախոս, Աֆղանստանի ԱԳ նախկին նախարար Աբդուլլա Աբդուլլան: Ջավադն ասել է, թե ընտրությունների երկրորդ փուլի անցկացման մասին կհայտարարվի առաջիկա օրերին: Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի պաշտոնական արդյունքների համաձայն, առջեւում էր Քարզայը: Աֆղանական ընդդիմությունը՝ ի դեմս Աբդուլլայի, վիճարկում էր ընտրությունների արդյունքները: Աղբյուրի մատուցմամբ, չի բացառվում, որ հաջորդ շաբաթ ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների հրապարակումից հետո էլ երկրորդ փուլ անցկացնելու անհրաժեշտություն առաջանա: Դա տեղի կունենա այն դեպքում, եթե ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումների արդյունքում պարզվի, որ փոխվել է թեկնածուների ստացած քվեների միջեւ եղած հավասարակշռությունը, եւ որ մրցակիցներից մեկի ստացած քվեները 50 տոկոսից պակաս են: Եվրոպական Միության դիտորդները չեն բացառել, որ տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ստացված քվեների մոտ քառորդ մասը կեղծվել է, եւ հավելել են, թե 1,5 մլն քվեաթերթիկներից 1,1 միլիոնը Քարզայի օգտին քվեարկած լինելու պաշտոնական տեղեկությունը կասկածահարույց է:

Ռուսաստանի գործերը ՄԱԿ-ի հանձնաժողովում վատ են

\"\"ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը խստորեն քննադատել է Ռուսաստանին՝ լրագրողների եւ իրավապաշտպանների սպանությունների, դատական համակարգի կախվածության, ինչպես նաեւ Չեչնիայում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ մարդկանց առեւանգելու համար: «Reuters» գործակալությունը տեղեկացնում է, որ Ժնեւում 24 հոգուց բաղկացած ռուսական պատվիրակությունը, որը գլխավորում է ՌԴ արդարադատության նախարար Գեորգի Մատյուշկինը, ստիպված է լինելու ուրբաթ օրը նորից ներկայանալ Հանձնաժողովին: Այստեղ քննարկումները սկսվել եւ անմիջապես հաջորդել են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Մոսկվա կատարած այցին, որի ընթացքում նա Մոսկվային կոչ էր արել կանխել ընդդիմախոսների վրա հարձակումները: «Ապշեցուցիչ է այն, թե ինչ վտանգների են ենթարկվում այն մարդիկ, ովքեր Ռուսաստանում հանդես են գալիս մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից: Լրագրողների եւ իրավապաշտպանների մահացության մակարդակը շատ բարձր է»,- հայտարարել է ՄԱԿ-ի հանձնաժողովում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Ռութ Վեջվուդը՝ հիշեցնելով չբացահայտված սպանությունների մասին, եւ այդ համատեքստում մատնանշել մասնավորապես «Նովիե Իզվեստիա» թերթի լրագրող Աննա Պոլիտկովսկայայի, նրա գործընկեր Անաստասիա Բաբուրովայի, «Ֆորբս» պարբերականի ռուսական տարբերակի խմբագիր Պոլ Խլեբնիկովի եւ իրավապաշտպան Նատալիա Էստեմիրովայի սպանությունները:

ՄԱԿ-ի հանձնաժողովում Ռուսաստանին քննադատել է նաեւ Մեծ Բրիտանիայի լիազոր ներկայացուցիչ Նայջել Ռոդլին՝ մատնանշելով ոստիկանության կողմից ձերբակալվածների նկատմամբ դաժան վերաբերմունքի փաստերը:

Հանձնաժողովը, որի անդամ 18 անկախ փորձագետները ուսումնասիրում են քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային համաձայնագրի կատարման վիճակը հինգ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, իրենց զեկույցը հրապարակելու են հոկտեմբերի 30-ին:

Ղազախստանը ԱՄՆ-ի համար՝ նոր գլխացավանք

\"\"Ղազախստանը ԱՄՆ-ի համար կարող է հերթական գլխացավանքը դառնալ, եթե սկսի զարգացնել սեփական միջուկային ծրագիրը: «News.ru»-ի մատուցմամբ, ամերիկյան հետախուզության վերլուծաբանները նման իրական մտավախություն ունեն: Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ուզում է է՛լ ավելի ակտիվորեն զբաղվել ուրանի արտահանմամբ, ընդ որում՝ հարեւան երկրներին վաճառելով ոչ թե հանքաքար, այլ ավելի արժեքավոր վառելիք: Այս մասին ասված է ԱՄՆ Ազգային հետախուզությանը կից Բաց տեղեկատվության կենտրոնի զեկույցում, որը, ի դեպ, գաղտնի չի պահվում:

Անկախության ձեռքբերումից ի վեր Ղազախստանը ատոմային հարցերով միշտ համագործակցել է ԱՄՆ-ի հետ: ԽՍՀՄ փլուզումից հետո այդ երկիրը հրաժարվել է իր տարածքում տեղակայված միջուկային զենքից, թեեւ ուրանի իր պաշարներով աշխարհում երկրորդն է՝ Ավստրալիայից հետո: Վերլուծաբանների կարծիքով, չնայած ներկայումս ուրանի հարստացման հարցում Ղազախստանին օգնում են ռուս մասնագետները, բայց առաջիկայում Աստանան կարող է որոշել, որ ավելի շահավետ է ձեռք բերել ուրանի հարստացման սեփական տեխնոլոգիաներ, եւ չի բացառվում, որ այդ երկիրը համապատասխան կապեր հաստատի նաեւ Իրանի հետ, որն արդեն երկար ժամանակ նման փորձառություն ունի:

ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻՆ ՈՐՈՇԵԼ Է ԲԱՐԵՓՈԽԵԼ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

\"\"Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մտադիր է երկրի դատական համակարգում բարեփոխումներ նախաձեռնել եւ պատրաստ է դրա համար փոփոխություններ կատարել նաեւ երկրի Սահմանադրության մեջ եւ այն ներկայացնել հանրաքվեի: Իր այդ մտադրության մասին Բեռլուսկոնին հայտարարել է Բուլղարիա կատարած այցի ժամանակ՝ ասելով, թե եկել է վճռական քայլերի դիմելու ժամանակը: Նա պարզաբանել է, որ իրապես ժողովրդավարական երկրում այնպիսի մեծ իշխանություն, ինչպիսին ունեն իտալական դատարանները, չընտրվող պաշտոնյաները չպետք է ունենան:

Հիշեցնենք, որ վերջերս Իտալիայի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել «Ալֆանոյի օրենքը» եւ Բեռլուսկոնիին զրկել էր այդ օրենքով պետական բարձրաստիճան պաշտոնյաների համար սահմանված քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությունից:

Հենց այդպիսի վճիռ արձակելուց հետո էլ հնարավոր էր եղել վերսկսել մի քանի քրեական գործերի նախաքննությունը, որոնցով անցնում է վարչապետ Բեռլուսկոնին: Իսկ նա, որ նաեւ խոշոր մեդիամագնատ է, տարբեր ժամանակահատվածներում մեղադրվել է կոռուպցիայի, հարկերից խուսափելու, կուսակցության անօրինական ֆինանսավորման եւ այլ հանցանքների մեջ:

Ի դեպ, «La Repubblica» թերթը նախօրեին հրապարակել է Իտալիայի հասարակության շրջանում անցկացված հարցախույզի արդյունքները, որոնց համաձայն, Բեռլուսկոնիի գլխավորած կառավարության աշխատանքից գոհ է միայն երկրի բնակչության 45 տոկոսը, դժգոհ՝ 51 տոկոսը: Սա այն դեպքում, երբ նրա վարկանիշը մեկ տարի առաջ հասել էր իր բարձրագույն կետին. այն ժամանակ նրան պաշտպանում էր իտալացիների 62 տոկոսը:

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼ

Վրաստանի խորհրդարանում երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսելու նպատակով ստորագրահավաք է սկսվել: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, «Ուժեղ Վրաստան» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության անդամ Կարլո Կոպալիանին երեկ իր հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ Եվրամիության հանձնաժողովի զեկույցը, որի համաձայն Սահակաշվիլին մեղավոր էր ճանաչվել անցյալ տարվա օգոստոսին Հարավային Օսեթիայում պատերազմ սկսելու մեջ, թույլ է տալիս նման նախաձեռնություն սկսել: Վրացական օրենսդրության համաձայն՝ երկրի նախագահին անվստահություն հայտնելու հարց կարող է հարուցվել, եթե այդ նախաձեռնության տակ ստորագրի խորհրդարանի 150 պատգամավորների ոչ պակաս, քան մեկ երրորդ մասը: Միայն այդ դեպքում խորհրդարանը կարող է հարցի քննարկումը տեղափոխել Վրաստանի Գերագույն, ապա նաեւ՝ Սահմանադրական դատարան:

Ի դեպ, երեկ վրացական ընդդիմությունը հայտարարել է նաեւ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով իր բողոքի ակցիաները վերսկսելու մասին:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՐԿՈՒ ԿՈՐԾԱՆԻՉ ԲԱԽՎԵԼ ԵՆ

\"\"Ամերիկացի ռազմական օդաչուն անհայտ կորել է այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների երկու F-16 կործանիչներ երկնքում բախվել են՝ հենց Ատլանտյան օվկիանոսի վրա: Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան, Հարավային Կարոլինայում, գիշերային ուսումնական թռիչքի ժամանակ: Երկու օդանավերի բախումից հետո օդաչուներից մեկին հաջողվել է օդակայան վերադառնալ եւ բուժզննում անցնել: Այդ մասին տեղեկացնում է AFP գործակալությունը: Երկրորդ օդաչուի որոնումները շարունակվում են, բայց առայժմ՝ ապարդյուն: Ենթադրվում է, որ նրա վարած օդանավը ընկել է օվկիանոսի ափից 30 մղոն (48 կմ) հեռավորության վրա: ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը օդաչուի որոնողական աշխատանքներն իրականացնելու համար տրամադրել է երկու փրկարար նավ եւ ուղղաթիռ: Միջադեպը քննելու համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել