Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ՝ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՈՎ

Հոկտեմբեր 27,2009 00:00

«Արեւորդին» արդեն մեկնարկել է

\"\"«Երես չդարձնենք բնությունից, որ բնությունն էլ մեզնից երես չդարձնի», «Մենք ընտրում ենք ֆոտոխցիկը՝ հրացանի փոխարեն», «Բնության պահպանությունը՝ տնտեսության զարգացման գրավական»…

Բնապահպանական այս կոչերով ու կարգախոսներով, երաժշտական ու կրկեսային խմբերի ուղեկցությամբ կիրակի օրը՝ հոկտեմբերի 25-ին, շուրջ 500 երեխաներ եւ պատանիներ թափոններից պատրաստված կենդանակերպ զգեստներով դիմակահանդես-երթով բացեցին «Արեւորդի» երկրորդ միջազգային բնապահպանական փառատոնը:

\"\"Կենդանիների դիմակահանդես-քայլերթը սկսվեց Մատենադարանից եւ ավարտվեց «Մոսկվա» կինոթատրոնին հարող տարածքում, որտեղ դիմակահանդեսի մասնակիցներին դիմավորեցին երաժշտական խմբերն ու պոլիէթիլենային աղբից պատրաստված ոչնչացող կենդանատեսակների քանդակները: Ըստ փառատոնի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի, ակցիան նպատակ ունի բարձրաձայնել կենդանիների իրավունքների պաշտպանության մասին, հիշեցնել այն պատասխանատվության մասին, որ մարդիկ կրում են իրենց շրջապատի համար. «Դիմակահանդեսի առկայությունն այնքանով եմ կարեւորում, որ այն երեխաներին կմիաբանի ընդհանուր գաղափարի շուրջ, կօգնի լինել մի արժեքային համակարգի մեջ եւ փոխել հասարակության մեջ կարծրատիպերը: Մի նոր սերունդ է գալիս, որն այլ կերպ կվերաբերվի մեր մնայուն արժեքներին, կգիտակցի բնության հետ ճիշտ հարաբերվելու իր պարտականությունը»:

Դիմակահանդես-քայլերթին մասնակցում էին 10-16 տարեկան երեխաներ եւ պատանիներ՝ Երեւանից եւ մարզերից, որոնք մարմնավորում էին Հայաստանում վտանգված տարբեր կենդանատեսակների եւ թռչունների:

Մասնակից պատանիները «Առավոտի» հետ զրույցում նշեցին, որ քայլերթով ցանկանում են կոչ անել անցորդներին՝ պահպանել բնությունն ու միանալ առաջիկա օրերին ծավալվող բազմաբնույթ բնապահպանական միջոցառումներին:

Հովազի դիմակով ու կերպարով 14-ամյա Վիգենի խոսքով, «Չէի ցանկանա այս օրն անցներ առանց պտուղներ տալու: Հույս ունեմ, որ բոլորը կարձագանքեն մեր կանչին եւ այսուհետեւ խնամքով կվերաբերվեն կենդանի արարածներին»:

14-ամյա Ալիսան գտնում է, որ ճիշտ ժամանակին եւ ճիշտ պահին է կազմակերպվել դիմակահանդեսը. «Հայաստանն էլ վերջապես սկսեց աղբի դեմ պայքարել, դա շատ լավ է, որովհետեւ զարգացած պետություններում մարդիկ թափոնները դեն չեն նետում՝ վնասելով իրենք իրենց: Մենք նետում ենք՝ առանց մեկ վայրկյան մեր առողջության մասին մտածելու: Այսօրվա մեր շարժումով սկսում ենք կյանք՝ առանց թափոնների»:

Ըստ զատիկի կերպարով 13-ամյա Անիի, իրականում կենդանիները, ինչպես, օրինակ, զատիկները, այդքան էլ պաշտպանված չեն Հայաստանում. «Ոչ բոլորն են զատիկների նկատմամբ բարեհամբույր, զատիկ տեսնելիս անմիջապես սատկացնում են ճանճերի ու մոծակների պես: Բայց չէ՞ որ դրանք բնության մի մասնիկն են: Իմ հագուստով, որն ինքս եմ պատրաստել աղբի թափոններից, ուզում եմ մարդկանց հասկացնել, որ չվնասեն զատիկներին»:

Ծիծեռնակների բույն «մարմնավորած» 14-ամյա Անահիտի փոխանցմամբ՝ առաջնահերթ խնդիր է մտածել թռչունների պահպանման մասին. «Կենդանական աշխարհի մասին մտածելիս չպետք է մոռանալ թռչուններին, մասնավորապես՝ ծիծեռնակներին: Ցավոք, վերջինների բներն անխնա ոչնչացվում են: Իմ այս կոստյումը պատրաստելիս մեծ հույսեր էի կապում, որ մարդիկ կտեսնեն ու կհասկանան՝ չի կարելի թռչուններին տեղահան անել»:

Թիթեռի կերպարով հանդես եկող 12-ամյա Անուշը մտահոգված է Հայաստանի թիթեռներով. «Նրանք այնքան մեղք են հայերի ձեռքերում… Ինչ ասես չեն անում՝ բռնում են, թեւերն են պոկում հաճույքի համար, չորացնում, վառում… Ուզում եմ դիմակահանդեսից հետո ոմանք գոնե հասկանան, որ չի կարելի թիթեռներին բռնել»:

Ոզնու կերպարով 13-ամյա Կարինայի համար հետաքրքիր է դիմակահանդեսի այս կոստյումների միջից տեսնել, թե ինչպես են մարդիկ վերաբերվում, արձագանքում իրենց. «Օրինակ, որքան հասկացա, հայերը այդքան էլ չեն սիրում ոզնիներ, երեւի խեղճերը փշոտ են, դրա համար»:

Արջի կոստյումով 12-ամյա Անին էլ նշեց. «Պետք է պահպանել Հայաստանի տարածքում բնակվող կենդանիներին, դրանով մեծ լավություն արած կլինենք բնությանը: Եթե այսպես շարունակվի, Հայաստանում ոչ մի կենդանի չի մնա: Հայաստանում գրեթե արջ չի մնացել, մարդկանց միայն որսն է հետաքրքրում»:

Սիսիանից ժամանած մեղվի կերպարով 15- ամյա Իսկուհին մեզ հետ զրույցում ասաց. «Դիմակահանդեսի մասնակիցներիս հագուստները պատրաստված են աղբից, դրանով բնությանն ազատել ենք ավելորդ թափոններից: Չպետք է մոռանալ, որ կյանքում ամեն ինչ գեղեցիկ է, նույնիսկ՝ աղբը»:

Կենդանիների դիմակահանդեսին հաջորդեց «Արեւորդու» պաշտոնական բացումը «Մոսկվա» կինոթատրոնում՝ Յան Արթհյուս Բերտրանի «Տուն» վավերագրական ֆիլմի երեւանյան պրեմիերայով: Նկարը պատմում է բնության հանդեպ մարդու գործած սխալների մասին: Ֆիլմում հեղինակը ներկայացնում է մոլորակի ստեղծման, բնության ու մարդու կապի, սպասվելիք վտանգների, գլոբալ տաքացման եւ այլնի մասին: Ֆիլմը նկարահանված էր վերեւից, այն հարուստ էր բացառիկ կադրերով:

Փառատոնը «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին շնորհեց «Առաջին արեւորդցի» տիտղոսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել