Լրահոս
Օրվա լրահոսը

Կենդանասեր մարդուց՝ մարդասեր կենդանիներ

Հոկտեմբեր 27,2009 00:00

Հարցազրույց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ:

Հոկտեմբերի 4-ը Կենդանիների պաշտպանության միջազգային օրն էր: Եվրոպական երկրներում հոկտեմբեր ամսին կազմակերպում են բազմաթիվ միջոցառումներ միջազգային եւ ազգային մակարդակներում. առավել առաջադեմ պետություններում՝ ուղղված կենդանիների բարեկեցության մակարդակի բարձրացմանը, իսկ պակաս զարգացածներում՝ ուղղված կենդանիների մասին օրենսդրության բարելավմանը, փողոցային կենդանիների գլխաքանակի վերահսկմանը եւ այլն:

Վերջին տարիներին մեր երկրում եւս սկսեցին բացվել կենդանիների պաշտպանության կազմակերպություններ, ձեւավորվել կենդանասերների շարժում: Մի խումբ քաղաքական, հասարակական, արվեստի հայտնի գործիչների եւ ոլորտային մասնագետների նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ ստեղծվեց նաեւ փողոցային շների հիմնախնդրի մարդասիրական միջոցներով եւ միջազգային համագործակցությամբ լուծելու նախաձեռնող խումբ, որի մասնակիցներից է նաեւ Լարիսա Ալավերդյանը:

– Պատահակա՞ն է, արդյոք, որ մարդու իրավունքների պաշտպանությունից զատ, դուք նաեւ կենդանիների իրավունքների պաշտպանությամբ եք զբաղվում:

– Արժեքային տեսակետից այս երկու ոլորտներն էլ մարդկային որակներին են վերաբերում: Երկուսն էլ գթասրտության, արժանապատվության եւ պատասխանատվության դրսեւորումներ են: Երկու դեպքում էլ դրդապատճառն ամենաանպաշտպանի պաշտպանությունն է: Եվ ինչո՞ւ «մարդու իրավունքների պաշտպանությունից զատ», մեր հասարակության մի ստվար զանգված գթասրտության այնպիսի պակաս ունի, որ հարկ է պաշտպանել ինչպես կենդանիներին, այնպես էլ կենդանասերներին, ովքեր ջանում են պաշտպանել կենդանիներին:

– Ձեր կարծիքով, որքանո՞վ են այսօր օրհասական կենդանիների պաշտպանության խնդիրները, երբ երկրում առկա են մարդուն առնչվող բազմաթիվ չլուծված հարցեր: Ոմանք անգամ անվայելչություն են համարում կենդանիներով զբաղվելը:

– Սովորաբար, նման կերպ արտահայտվում են մարդիկ, ում համար, մեղմ ասած, առաջնային չէ ոչ մի մարդասիրական խնդիր: Այդպիսիք մարդկանց խնդիրներով եւս հազվադեպ են զբաղվում: Այստեղ ընտրության կամ առաջնահերթությունների հարց դրված չէ: Երկու խնդրով էլ չեն զբաղվում միեւնույն պատճառով. մեր հասարակության արժեքային սանդղակում մարդասիրության վրա հիմնված արժեքները վերջին տեղում են: Իսկ այս հիմնախնդիրը կրկնակի մարդասիրական է, եւ դրանով չզբաղվելն է անվայելուչ:

– Ի՞նչ եք կարծում, կենդանասերների շարժման մասին Հայաստանում ի՞նչ արդյունքների կարելի է հասնել:

– Նշեմ, որ կենդանասերների թիվը բավական մեծ է եւ այն գնալով աճում է, այնպես որ, շուտով շարժումը զգալի ծավալի կհասնի: Կարծում եմ՝ այս գործընթացը զուգորդվելու է հասարակության մեջ մարդասիրական բարոյական արժեքների կայացման գործընթացին, երբ առաջնահերթություն է առաջանում պաշտպանել հասարակության առավել խոցելի անդամներին:

– Գոյություն ունի Ընտանի կենդանիների պաշտպանության եվրոպական կոնվենցիա: Որպես պատգամավոր, ինչպե՞ս եք վերաբերվում խորհրդարանի կողմից այս փաստաթղթի վավերացմանը:

– Անշուշտ, այն անհրաժեշտ է վավերացնել, եւ մի քանի պատգամավորներով աշխատելու ենք այդ ուղղությամբ: Բայց մինչ եվրոպական նորմերի ընդունումը, անհրաժեշտ է օգտվել արդեն իսկ գոյություն ունեցող միջազգային համընդհանուր փաստաթղթերի դրույթներից:

– Ձեր տվյալներով, այս ուղղությամբ մեր իշխանություններն ի՞նչ ծրագրեր են իրականացնում:

– Բարի կամքի առկայությունն արդեն իսկ կա: Այսպես, փողոցային շների հիմնախնդիրը մարդասիրական միջոցներով լուծելու նախաձեռնող խմբի մի քանի մասնակիցներս, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ, հասարակական եւ արվեստի գործիչներ, ոլորտային մասնագետներ, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպման արդյունքում ստացել ենք համաձայնություն՝ քաղաքապետարանի շրջանակում ստեղծել թափառող կենդանիների խնդրի լուծման հանրային վերահսկման խորհուրդ, որը կզբաղվի համալիր ծրագրի մշակմամբ: Քաղաքապետը նաեւ պատրաստակամություն հայտնեց ընդունել կենդանիների պաշտպանության միջազգային կազմակերպությունների համագործակցության առաջարկները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել