Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Էլի պատռեցին Հայաստանի եւ ԼՂՀ քարտեզները

Հոկտեմբեր 30,2009 00:00

Ոստիկաններն էլի խոչընդոտեցին բողոքի այն գործողությունը, որի մասին նախապես տեղյակ էր վարչապետը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ հանցագործության մասին հաղորդմամբ դիմել է ՀՀ ոստիկանապետին, գլխավոր դատախազին եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Հաղորդման մեջ նշվում է, որ ինքը եւ ՀՀ այլ քաղաքացիներ հոկտեմբերի 29-ին ՀՀ կառավարության շենքի առջեւ պաստառներով կազմակերպել էին բողոքի գործողություն՝ ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման, «ինչպես նաեւ՝ ի անհամաձայնություն վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ԱԺ դահլիճում հնչեցրած մտքի, թե «Հայոց աշխարհի շահերը տարբեր են»: Մեր բողոքի գործողության նպատակն էր հիշեցնել, որ «Հայոց աշխարհի շահերը միասնական են»: Հիշեցնենք նաեւ, որ ԱԺ-ում պատգամավորը վարչապետին տեղյակ էր պահել բողոքի նախատեսվող գործողության մասին:

Զարուհի Փոստանջյանը նշել է. «Ի տարբերություն մեկ շաբաթ առաջ նույն տեղում կայացած բողոքի գործողության՝ այս անգամ ոստիկանների ապօրինի արարքը միայն մեր առջեւ ոստիկանական պատ կազմելու մեջ էր, որը նպատակ ուներ պաստառները փակել անցորդների աչքից:

Բողոքի գործողության երկրորդ մասը, որը նախատեսված էր անցկացնել Բաղրամյան պողոտայում՝ նախագահական նստավայրի դիմաց, մեզ չհաջողվեց: Երբ շուրջ երկու տասնյակի հասնող ցուցարարներս խաղաղ երթով հասանք մինչեւ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկ՝ ԱԺ գլխավոր մուտքից շուրջ 30 մետր հեռավորության վրա մեր ճանապարհը փակեցին ոստիկանության համազգեստով շուրջ 25 անձինք՝ Երեւանի Արաբկիրի բաժնի ոստիկանության կապիտան ներկայացած ոստիկանի գլխավորությամբ: Նրանք կենդանի շղթա կազմեցին ու կասեցրեցին մեր երթը՝ այդ կերպ հերթական անգամ կոպտորեն ոտնահարելով ինչպես բողոքի մասնակիցների քաղաքացիական իրավունքները, այնպես էլ ՀՀ օրենսդրությունը: Քանի որ մենք առաջ գնալու հնարավորությունից զրկված էինք, կանգ առանք եւ ոստիկաններից խնդրեցինք մեզ տրամադրել որեւէ փաստաթուղթ՝ մեր տեղաշարժը խոչընդոտելու հիմքի վերաբերյալ, սակայն մեր խնդրանքը մերժվեց: Ըստ ոստիկանների՝ իրենք էլ չգիտեին, թե որ օրենքի հիման վրա են խոչընդոտում մեր տեղաշարժը: Միակ պատճառաբանությունը հետեւյալն էր, թե նախագահը միջոցառում է անցկացնում, եւ իրենք նպատակահարմար չեն գտնում մեր տեղաշարժը: Մենք՝ ցուցարարներս, փորձեցինք այդ վայրում՝ Բաղրամյան փողոցում, շարունակել մեր բողոքի գործողությունը: Երբ պաստառներով կանգնած երգում ու վանկարկում էինք, ոստիկանները սկսեցին հրել ու հետ մղել մեզ ու պատռեցին Հայաստանի ու Արցախի քարտեզը: Ոստիկաններից մեկը, որը փոխգնդապետի ուսադիրներով էր, ինձ սպառնում էր, թե ես խուլիգանություն եմ անում»: Հիշեցնենք, որ նախորդ անգամ էլ Զարուհի Փոստանջյանին ոստիկանը մեղադրել էր, թե նա գողացել է իր հեռախոսը եւ փորձել պատգամավորին բերման ենթարկել:

Արձանագրելով, որ իրենց գործողությունները դարձյալ խոչընդոտվել են՝ «Ժառանգության» պատգամավորը հաղորդման մեջ արձանագրել է. «Ոստիկանների նման վերաբերմունքը միանշանակ փաստում է, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը ահաբեկված է շուրջ երկու տասնյակ խաղաղ ցուցարարներից եւ նրանց պաստառներից:

ՀՀ ոստիկանության աշխատակիցներին տեղեկացնում եմ, որ մենք օգտվում ենք մեր սահմանադրական իրավունքներից: Ոստիկանների կողմից վերը նշված գործողությունները ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ քրեական օրենսգրքի խախտում են»: Եվ խնդրել է ընթացք տալ այս հաղորդմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել