Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԲՍՈՒՐԴ. ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է

Հոկտեմբեր 30,2009 00:00

Դատական գործընթացին հետեւելով

\"\"«7-ի գործից» անջատված Նիկոլ Փաշինյանի նկատմամբ շարունակվում է քրեական գործով դատական վարույթը:

Գործը ընդդատյա է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանին, մինչդեռ Մնացական Մարտիրոսյանի դատավոր լինելը ողջամիտ կասկած է հարուցում տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ:

Խնդիրն այն է, որ հարգարժան դատավորը տեղեկացված է «7-ի գործի» բոլոր փաստերին, հանգամանքներին եւ մանրամասներին, ընդսմին, դատավարության տարբեր փուլերում էլ թույլ է տվել քրեադատավարական նորմերի աղաղակող խախտումներ եւ կայացրել անարդար դատավճիռ:

1. «7-ի գործով» մինչդատական վարույթ իրականացնող մարմինը 11 անձանց, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին, առանց իրավական հիմքերի մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 3-րդ եւ 300 հոդվածի 1-ին մասերով: Գործի քննության նախապատրաստական եւ հետազոտման փուլում դատավորը կոծկել է դրանք (հետագայում մեղադրանքները վերացվել են):

Անկողմնակալ դատավորը այս հանգամանքում պարտավոր էր ընդունելու քրեական հետապնդումը դադարեցնելու կամ գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին որոշում (Քրեական դատավարական օրենսգրքի 292, 294 հոդված):

Այժմ Փաշինյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225 հոդվածի եւ 316 հոդվածի 1-ին մասերով: Վերագրված մեղադրանքները հիմա էլ իրավական հիմքեր չունեն, հանցակազմի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ կողմերը բնորոշող հատկանիշները, տարրերը բացակայում են, իսկ արարքի եւ հետեւանքի միջեւ պատճառական կապն ապացուցված չէ:

Անորոշությունը պայմանավորված է նրանով, որ սպանություններով եւ այլ բռնարարքներով ուղեկցված անկարգությունների կազմակերպիչները դեռեւս պարզված չեն, մինչդեռ առաջացած հետեւանքների պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է (աբսուրդ):

Արհեստավարժ դատավորը քրեական պատասխանատվությունը բացառող այս հանգամանքը կրկին կոծկել է եւ դատաքննություն նշանակելու որոշում ընդունել:

2. «7-ի գործով» դատաքննության փուլում մեղադրողի միջնորդությամբ որոշում է ընդունել ապացույցների հետազոտումը սահմանափակել մինչեւ այդ պահը հետազոտված ապացույցներով, մինչդեռ դեռեւս չհետազոտված ապացույցները վերաբերել են գործի այնպիսի էական հանգամանքներին, որոնք չէին ստացել բավարար լուծում (Քրեական դատավարական օրենսգրքի 352 հոդված):

3. Անհիմն հարգել է մեղադրող կողմի՝ մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները՝ խստացման կամ մեղմացման առումով լրացում կամ փոփոխում կատարելու պահանջով դատաքննությունը հետաձգելու միջնորդությունը:

Քրեական դատավարության օրենսդրությամբ առաջադրված մեղադրանքը փոխելու կամ լրացնելու մեկ հիմք է նախատեսում՝ երբ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել եւ չէին էլ կարող հայտնի լինել մինչդատական վարույթում:

Իրականում դատաքննության ընթացքում որեւէ հանգամանք ի հայտ չի եկել, որոնք հայտնի չեն եղել եւ չէին էլ կարող հայտնի լինել մինչդատական վարույթում: Հիշյալ երկու աճպարարություններով դատավորը եւ մեղադրող կողմը կանխամտածված կոծկել են մեղադրանքները սարքված լինելու հանգամանքը, ըստ որում, վերագրված մեղադրանքները ենթակա էին դադարեցման՝ հանցակազմի բացակայության հիմքով, մինչդեռ հարմարեցվել է հանցագործությունները ապաքրեականացվելու հնարքի հիմքին:

4. Դատավոր Մարտիրոսյանը որոշում է կայացրել «7-ի գործի» ընդդատությունը փոփոխելու մասին: Դատավարության օրենսդրությամբ գործը քննող դատարանը համապատասխան դեպքում կարող է ընդդատությունը փոխելու որոշում ընդունել, եթե տվյալ գործով քրեական դատավարությանը մասնակցող անձանցից շատերը բնակվում են տվյալ առաջին ատյանի դատարանի դատական տարածքից դուրս, բայց բոլոր մեղադրյալների համաձայնությամբ (Քրեական դատավարության օրենսգրքի 50 հոդված):

Գործով մեղադրյալները ընդդատությունը փոխելուն համաձայն չեն եղել: Նորմի խախտմամբ տրոհվել է «7-ի գործը», ի դեպ, վարժեցրած վկաների ցուցմունքներով կայացրել է անարդար դատավճիռ, իսկ մեղադրյալների մեղավորությունն արդարացնող ապացույցները փակել են: Ողջամիտ խորհենք. հիշյալ ապօրինությունները գործող դատավորը անկողմնակա՞լ է, թե՞ կողմնակալ:

Իմ համոզմամբ, դատավորը պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել