Լրահոս
Օրվա լրահոսը

Փառատոն՝ առանց բնապահպանության նախարարության

Հոկտեմբեր 31,2009 00:00

Հոկտեմբերի 25-ից սկսած՝ 5 օր շարունակ անցկացվեցին բնապահպանական թեմայով ֆիլմերի ցուցադրություններ, ցուցահանդեսներ, դասընթացներ, սեմինար-քննարկումներ, կլիմայական փոփոխությունների, թափոնների վերամշակման, ջրի խնդիրների մասին քննարկումներ, էկո-էքսպո, դիմակահանդես-քայլերթ: Ահա եւ ավարտվեց «Արեւորդի» երկրորդ միջազգային բնապահպանական փառատոնը՝ ամփոփելով արդյունքները: Առաջին մրցանակին արժանացավ 2008-ին Մեծ Բրիտանիայում նկարահանված՝ ռեժիսոր Ֆրեննի Արմսթրոնգի «Հիմարության դարը» վավերագրական ֆիլմը, «Վայրի բնության մասին լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակ շնորհվեց ռուս ռեժիսոր Էդգար Բարտենեւի «Նյարմային»: «Լավագույն կրթական բնապահպանական ֆիլմ» անվանակարգում մրցանակի արժանացավ ֆինն ռեժիսոր Ջոն Վեբստերի «Աղետի բաղադրատոմսերը» նկարը, մանկական մրցութային ծրագրում էլ՝ 16-ից ցածր տարիքի ռեժիսորի հեղինակած լավագույն բնապահպանական ֆիլմ ճանաչվեց իտալացի մի խումբ պատանիների կողմից նկարահանված «Էկոլոգիական հասարակություն եւ աղբի հրեշը» ֆիլմը:
Ժյուրիի հատուկ մրցանակին արժանացավ նաեւ Տիգրան Պասկեւիչյանի «Թեղուտ. զավակների հացը» ֆիլմը» (Հայաստան), Հանդիսատեսի մրցանակը տրվեց Յոսի Վայսլերի «Մահվան պատը» (Իսրայել) ֆիլմին:
«Արեւորդիի» տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ամփոփելով արված աշխատանքները, նկատեց. «Ամբողջ աշխարհից բազմաթիվ հյուրեր մեզ միացան՝ ռեժիսորներ, արվեստագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ ճանաչված բնապահպաններ: Փորձեցինք իրականացնել անկարելին եւ կարծես՝ ստացվեց: Ցավում եմ, որ միայն բնապահպանության նախարարությունը չհասկացավ փառատոնի նշանակությունն ու չաջակցեց մեզ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել