Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԻ ԻՍՊԱՆԱԿԱՆ ԹԵԶԸ

Նոյեմբեր 18,2009 00:00

Վերջերս Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում (Universidad Complutense de Madrid) մասնակցեցի մի հետաքրքիր արարողության: Մեր հայրենակից Արթուր Արիստակեսյանի «Հայկական ցեղասպանությունը եւ միջազգային ռեակցիան» (El Genocidio Armenio (1894-1922) y la Reacciցn Internacional) դոկտորական թեզի պաշտպանությունն էր իսպաներեն լեզվով: Միայն պետք էր տեսնել բազմաթիվ թուրքերի տարբեր բնույթի գործողությունները՝ ձախողելու այդ միջոցառումը: Չնայած այդ ամենին՝ Արթուրն իրեն հիանալի դրսեւորեց: Ուսումնասիրելով եվրոպական բազմաթիվ արխիվներ՝ նա հրապարակ էր հանել 50-ից ավելի դեռեւս չուսումնասիրված, չհրատարակված նոր փաստեր, թուրքերի ոճրագործությունները հաստատող հոդվածներ, վավերագրական նյութեր, նկարներ: Այս գիտական հետազոտությունը նաեւ ներկայացնում է Իսպանիայի դերը եւ գործողությունները հայ ժողովրդի հանդեպ՝ այդ ծանր տարիներին: Թեմայի հիանալի իմացությամբ, գիտական խորը վերլուծությամբ, լեզվի գերազանց տիրապետմամբ, հարցադրումների վստահ պատասխաններով հեղինակը «ստիպեց» գիտական հանձնաժողովի անդամներին միաձայն գնահատել «գերազանց», որը, վերջիններիս խոստովանությամբ, հազվադեպ է լինում: Հարկ է նշել, որ Իսպանիան ակտիվ կապերի մեջ է Թուրքիայի հետ, եւ ներկա վարչակարգը շահագրգիռ է Թուրքիայի՝ Եվրամիությանը անդամակցելուն: Քիչ չեն նաեւ իսպանական տեղեկատվության միջոցների թուրքանպաստ հաղորդումները: Այս բոլորն իր ազդեցությունն է թողնում իսպանական հասարակական կարծիքի վրա: Նման պայմաններում, միայնակ, առանց որեւէ օգնության, Արթուրը կարողացավ հասնել իր նպատակին: Ա. Արիստակեսյանը մի շարք գիտական եւ քաղաքական, այդ թվում՝ հայանպաստ հոդվածների հեղինակ է: Տիրապետելով նաեւ անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն լեզուներին, նա լայն հասարակությանն է ծանոթացնում մեր ազգին հուզող խնդիրները: Նրա որոշ հոդվածներ տեղ են գտել հետեւյալ ինտերնետային էջում՝ www.arispoliticalanalysis.blogspot.com:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել