Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցույթը առանձնահատուկ է լինելու

Նոյեմբեր 19,2009 00:00

Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամը կոմպոզիտորի որդու՝ Արա Բաբաջանյանի ղեկավարությամբ հայտարարել է էստրադային երգի երիտասարդ կատարողների մրցույթ: «Առավոտի» հետ զրույցում մրցույթի համակարգող Արմինա Դարբինյանն ասաց, որ մրցույթի նախընտրական փուլն արդեն ավարտվել է: Երկօրյա լսումներից հետո մոտ 100 դիմորդից մրցույթին կմասնակցի լավագույն 20-ը: Առաջին փուլում, որը դեկտեմբերի 12-ին է, մասնակիցները կկատարեն Ա. Բաբաջանյանի երգերից, 2-րդ փուլին՝ դեկտեմբերի 14-ին, երիտասարդ կատարողները կներկայացնեն ճանաչված հիթեր: Տիկին Դարբինյանի գնահատմամբ, նախընտրական փուլում հասցրել են նկատել տաղանդավոր երիտասարդների. «Իհարկե, նրանց պետք է աշխատել, բայց որ տաղանդավորներ կային մասնակիցների մեջ՝ դա ուրախալի է, տաղանդավորները մեծամասնություն չեն, տաղանդավորներին փնտրում ու հայթայթում ենք»: Միջազգային մրցույթին կմասնակցեն նաեւ Վրաստանից, Իրանից, Լատվիայից ներկայացուցիչներ: Տիկին Դարբինյանի խոսքով, մրցույթն առանձնահատուկ է լինելու. «Այն, ինչ տեսնում ենք տարբեր հեռուստաալիքներով, սիրողական բնույթի են, իսկ այս մրցույթում ընդգրկված են նեղ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներ կամ շրջանավարտներ: Նշաձողը փորձել ենք ավելի բարձր պահել: Արտերկրում կազմակերպվող մրցույթներում Հայաստանը ներկայացնելիս մենք խնդիր ունենք գրագետ կատարողների ընտրության հարցում»: Տիկին Դարբինյանի խոսքով, մրցույթը կխթանի նաեւ կոմպոզիտորի արվեստը պրոպագանդելուն ու կխրախուսի, որ երիտասարդները սիրեն եւ ճանաչեն կոմպոզիտորի գործերը: Մրցույթում լավագույնը ճանաչվածները դեկտեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմասնակցեն մրցանակաբաշխությանը եւ գալա համերգին: Լավագույն տեղը զբաղեցրած մասնակիցը հատուկ մրցանակ կստանա Արա Բաբաջանյանի ձեռքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել