Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՏՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՎԱՐԻ

Նոյեմբեր 24,2009 00:00

Երեկ Երեւանում մեկնարկել է «ՖրութՖուլ Արմենիա» 5-րդ միջազգային համաժողովը: Համաժողովի նպատակը միջազգային եւ տեղական ընկերությունների միջեւ գյուղատնտեսության ոլորտի խնդիրների քննարկումն ու նոր ձեռքբերումները ներկայացնելն է: Քննարկմանը ներկա վարչապետ Տիգրան Սարգսյանն իր խոսքում նշել է. «Մենք չափազանց կարեւորում ենք գյուղատնտեսության ոլորտում նորամուծությունների եւ նորարարության գաղափարները, որոնք առաջ կքաշեն մեր տաղանդաշատ երիտասարդները՝ հաշվի առնելով նաեւ միջազգային փորձը։ Մենք պատրաստ ենք աջակցել, սատարել ձեզ այդ աշխատանքում, քանի որ կարիք ունենք թարմ գաղափարների»: Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանն էլ ներկայացրեց իրենց նախարարության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները, որի նպատակը Թուրքիայի գյուղատնտեսության  հնարավորությունները պարզելն ու նաեւ բացահայտելն է, թե սահմանի բացման դեպքում ինչ կարող է սպառնալ հայ գյուղացուն: Ըստ փոխնախարարի, թուրքական շուկան շատ ավելի թանկ է, քան Հայաստանինը. «46 պարենային մթերքների գները Թուրքիայում ավելի բարձր են, քան Հայաստանում: Միայն 6-7 ապրանքներ կան, որոնց գները մեզ մոտ ավելի բարձր են»: 
«panorama.am»-ի փոխանցմամբ, փոխնախարարը խոսել է նաեւ այն մասին, որ  Թուրքիան, լինելով Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ, անտեսում է այդ կազմակերպության խիստ պահանջներն ու պաշտպանում է իր տեղական արտադրողներին: Նրա խոսքերով. «Թուրքիան Հայաստանին մի փոքր վերապահումով է մոտենում: Հայաստանի՝ ԱՀԿ անդամ լինելուն էլ Թուրքիան կողմ է քվեարկել վերապահումով, այսինքն՝  այն պայմանով, որ Հայաստանի հետ հարաբերություններում չի պահպանելու ԱՀԿ-ի կանոնները»:
Այսինքն, փոխնախարարը չի ժխտում, որ Թուրքիան Հայաստանի հետ կարող է «խտրական քաղաքականություն» իրականացնել, եթե որպես առաջին պայման Հայաստանը չներկայացնի ԱՀԿ-ի՝ Թուրքիային ընձեռած վերապահումը հանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել