Լրահոս
Օրվա լրահոսը

Նախօրոք 1000 դրամ են պահանջում

Նոյեմբեր 28,2009 00:00

«Օրանժը» միեւնույն սկզբունքով է տրամադրում անվճար եւ վաճառքի հանված հեռախոսահամարները

Նախքան Հայաստանում գործունեություն ծավալելը, բջջային կապի 3-րդ օպերատոր «Օրանժ» ընկերությունը ձեռնամուխ էր եղել բաժանորդ հավաքելու յուրօրինակ գործելաոճի եւ մինչեւ նոյեմբերի 5-ն ընկերության կայքում գրանցվողներին խոստանում էր նախընտրած հեռախոսահամարները (բացի «ոսկե» համարներից) անվճար տրամադրել: Դեռ մի կողմ ենք թողնում այն հարցը, որ մարդիկ ոչ բոլոր հեռախոսահամարները կարող էին ընտրել: Այն ժամանակ «Օրանժի» կայքում տեղադրված էր հայտարարություն, ըստ որի՝ նոյեմբերի 5-ից հետո, 15 օրվա ընթացքում, համապատասխան փաստաթղթով ներկայանալով ընկերության սպասարկման կենտրոններ, մարդիկ կարող էին վերցնել իրենց նախընտրած հեռախոսահամարը: Նշված ժամկետում բաժանորդները պետք է ակտիվացնեին հեռախոսահամարը, հակառակ դեպքում՝ այն վաճառքի կհանվեր: Այնուհետեւ անվճար հեռախոսահամարների տրամադրման ժամկետը երկարաձգվեց մինչեւ դեկտեմբերի 5-ը: Սակայն պարզվում է, որ դրանց դիմաց «Օրանժը» նախօրոք 1000 դրամ է պահանջում: Երբ, ներկայանալով «Օրանժի» սպասարկման կենտրոն, մարդիկ պահանջում են կայքի միջոցով իրենց ընտրած հեռախոսահամարը, կենտրոնի աշխատակիցները հայտնում են, որ պետք է նախօրոք 1000 դրամ վճարել, որպեսզի իրենք լիցքավորեն եւ ակտիվացնեն համարը: «Հետո այդ գումարը կարող եք օգտագործել»,- սիրալիր տոնով ասում են նրանք: Փաստորեն, ընկերությունն իր ծառայություններից օգտվողներին հնարավորություն չի տալիս ինքնուրույն որոշումներ կայացնել եւ գոնե մինչեւ անվճար համարների տրամադրման վերջնաժամկետը լիցքավորել դրանք: Նշենք, սակայն, որ կայքում նախօրոք չգրանցվածներն էլ, այցելելով «Օրանժի» գրասենյակներ, վճարում են 1000 դրամ եւ վերցնում իրենց նախընտրած հեռախոսահամարը (բացի հատուկ համարներից), որը նույնպես այդ գումարի չափով լիցքավորված է լինում: Ուստի անհասկանալի է, թե ինչո՞ւ էր «Օրանժը» անվճար համարներ տրամադրելու մասին աղաղակող հայտարարությամբ ու գովազդով հանդես գալիս, եթե դրանք պետք է տրվեին նույն սկզբունքով, որով վաճառքի հանվածներն են տրամադրվում: Նկատենք, որ անվճար համարների մասին հայտարարությունում 1000 դրամները նախօրոք վճարելու վերաբերյալ խոսք չկար: Պարզվում է նաեւ, որ ընկերությունն առաջնորդվում է՝ «ով շուտ է դիմում՝ նա շահում է» սկզբունքով: Բաժանորդներից մեկի խոսքով, երբ ինքը դիմել է սպասարկման կենտրոն եւ պահանջել կայքի միջոցով իր ընտրած հեռախոսահամարը, նրան տեղեկացրել են, որ այն արդեն ուրիշի են տրամադրել:

Ընկերության մամուլի քարտուղարից նշված հարցերի շուրջ մեկնաբանություն ստանալու մեր փորձերն ապարդյուն անցան. պատասխանում էր միայն նրա բջջայինի ինքնապատասխանիչը: Ավելի ուշ մեծ դժվարությամբ կապ հաստատելով «Օրանժ Արմենիա» գրասենյակի հետ` տեղեկացանք, որ մամուլի քարտուղարը «ոչ թե միտումնավոր չի պատասխանում հեռախոսազանգերին, այլ գտնվում է արձակուրդում»: Մեզ խորհուրդ տվեցին խոսել մարկետինգի հարցերով պատասխանատու Արամ Մկրտչյանի հետ, ում բջջայինը նույնպես չպատասխանեց: Չնայած նա տեղեկացվեց, որ իրեն զանգողը լրագրող է, սակայն պատասխան զանգ ստանալու մեր հույսերն այդպես էլ չարդարացան:

Նշենք, որ այս օրերին «Օրանժի» սպասարկման կենտրոններից նույնպես օրվա շատ ժամերի հեռախոսով որեւէ տեղեկություն ստանալ հնարավոր չէ: Միշտ կարելի է լսել միեւնույն պատասխանը. «Զանգերի մեծ քանակի պատճառով այս պահին ազատ օպերատոր չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել