Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրով եմ ստեղծագործում»

Դեկտեմբեր 23,2009 00:00

\"\"Իր աշխատանքների մասին ասում է նկարիչ-կոնստրուկտոր Նորիկ Ճորուխյանը

«Յուրաքանչյուր աշխատանք, եթե սիրով ու նվիրումով ես անում, հոգեհարազատ է դառնում: Ես իմ աշխատանքներին այդպես եմ վերաբերվել»,- «Առավոտի»  հետ զրույցում ասում է ավտոմեքենաների նոր մոդելների հեղինակ, նկարիչ-կոնստրուկտոր Նորիկ Ճորուխյանը: Նա շուրջ 10 տարի աշխատել է Երեւանի ավտոմոբիլային գործարանում` որպես մեքենաների ձեւավորմամբ զբաղվող տեխնիկական էսթետիկայի բյուրոյի պետ: Այդ տարիներին «ԵՐԱԶ-3730»-ի բազայի վրա ստեղծվում էին նոր մոդելներ, եւ նմուշների արտաքին դիզայնի հետ կապված բոլոր աշխատանքները կատարվում էին նորաստեղծ տեխնիկական էսթետիկայի բյուրոյի կողմից: Այդ տարիներին Ն. Ճորուխյանն աշխատում էր նաեւ մեկ ուրիշ գեղարվեստա-կոստրուկտորական նախագծի վրա. նոր միկրոավտոբուս՝ ստեղծված «ԵՐԱԶ-3730» մոդելի բազայի վրա: Աշխատանքը ժամանակին մակետի տեսքով ցուցադրվում է Մոսկվայում բացված միջազգային ցուցահանդեսում եւ արժանանում բարձր գնահատանքի: Այժմ նայելով մակետին՝ կհամոզվես, որ  30 տարի անց էլ այդ միկրոավտոբուսը ժամանակակից է: Հեղինակն այդ աշխատանքի համար ստացել է հեղինակային վկայական, ինչը նշանակում էր, որ այն կարող էր մտնել արտադրություն, սակայն բնակարանում պահվող «Արմենիա» տուրիստական միկրոավտոբուսի մակետն ու հեղինակային իրավունքի վկայականն առայսօր մեր զրուցակցի մոտ միայն հիշողություններ են արթնացնում: «Խորհրդային կարգերը փոխվեցին, ավտոգործարանը փակվեց, եւ այդ մեքենան այդպես էլ կյանքի ուղեգիրը չունեցավ»,- նշում է նկարիչ-կոնստրուկտորը: Մեր զրուցակիցը գտնում է, որ Հայաստանում ավտոարտադրանք էլ երբեք չի լինի, որովհետեւ մեր երկիրը փոքր է ու կղզիացած: Հարցրինք՝  իսկ երբեւէ ցանկություն չի՞ առաջացել աշխատել այնպիսի երկրում, որտեղ զարգացած ավտոարտադրություն կա: Պատասխանեց. «Մինչեւ հիմա էլ սիրում եմ իմ գործը, բայց ուրիշ երկիր գնալ չեմ ցանկանում…»: Մայրաքաղաքի տրանսպորտի ու երթեւեկության մասին հետաքրքրվելով, հարցրինք՝ ինչպիսի՞ նախագծեր կաներ երեւանյան փողոցների համար: Ն. Ճորուխյանը նշեց. «Խցանումների հիմնական պատճառը երթուղային տաքսիներն են: Դրանց փոխարեն պետք է լինեն գոնե ավտոբուսներ: Եթե նախագծեի՝ միայն էլեկտրամոբիլներ կստեղծեի, բայց, ցավոք, տրոլեյբուս, տրամվայ չի աշխատի Երեւանում, որովհետեւ փողոցներն ազատ չեն, զուգահեռ փողոցներն էլ քիչ են»:
Երկար տարիներ նկարիչ-կոնստրուկտորն աշխատել է նաեւ հեռուստատեսության երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագրությունում՝ որպես բեմադրող նկարիչ: Մեր զրուցակիցը այսօր ստեղծում է նաեւ ժամացույցներ՝ նախատեսված պատի, սեղանի եւ բուխարիկի վրա դնելու համար: Ձեւավորումը հեղինակը թղթի վրա նախօրոք է անում: Դրանք պատրաստվում եւ հավաքվում են փայտից, հեղինակն օգտագործում է գունավոր մետաղներ, իսկ աշխատանքներն իրենց բնույթով, նրբությամբ գրեթե ոսկերչականի են հասնում: Կան ժամացույցներ, որոնց վրա հեղինակն աշխատում է 3 ամիս: Նրա բոլոր աշխատանքները մասնակցել են ոսկերիչների ցուցահանդեսին: «Գառնու հեթանոսական տաճար», «Մայր աթոռ Սուրբ Էջմիածին» եւ այլ անվանումներով նրա ժամացույցներն այսօր զարդարում են հայտնի մարդկանց տները:
Ն. Ճորուխյանը նաեւ հարյուրավոր կրծքանշանների հեղինակ է, որոնք ինքն է ձեւավորում: «Ժամանակին ընդունված էր կրծքանշաններ կրելը: Զանազան միջոցառումների համար պատվիրում էին: Նախկինում դրանց պահանջարկը մեծ էր, նույնիսկ խանութների վաճառողների համար խանութի անունով կրծքանշաններ կային, եւ վաճառողները պարտադիր պետք է կրեին, այսօր իրավիճակը փոխվել է»,- դժգոհում  է վարպետը, որ կյանքի կոչվելու պատրաստ շատ նախագծեր ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել