Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՍՅԱԿՈՒԹՅՈ՛ՒՆ, ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿՈ՛ՒՄ

Փետրվար 02,2010 00:00

Նման բառերով բնորոշվեց հայկական եթերի վիճակը Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստում

Օրերս Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացավ Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի հերթական նիստը, որտեղ քննարկվեց հայկական հեռուստաեթերի ներկա վիճակը, հեռարձակվող հաղորդումների բացասական ազդեցությունը: Մշակույթի ենթահանձնաժողովը ստացել էր նամակ՝ հայկական հեռուստաեթերով «բռնության մշակույթ» տարածելու եւ ազգային արժեհամակարգի դեմ ոտնձգություններ պարունակող հաղորդումների վերաբերյալ: Նամակի հեղինակներն են Հանրային խորհրդի անդամներ «Սինոփսիս-Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանը եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
«Մոտ կես տարի առաջ երկրի նախագահի հետ Հանրային խորհրդի անդամների հանդիպման ժամանակ մեր մտահոգությունը ներկայացրինք, որ հայկական որոշ հեռուստաալիքներով հեռարձակվում են հաղորդումներ եւ կրիմինալ սյուժեներով սերիալներ, որոնք ներազդում են մեր ազգաբնակչության գիտակցության վրա՝ սերմանելով ընկճվածության եւ ապագայի նկատմամբ հավատի կորուստ: Մոտ երկու շաբաթ առաջ սկսեցինք թեմայի վերաբերյալ հանդիպումներ կազմակերպել կրթօջախներում, դպրոցներում, բուհերում: Պարզեցինք, որ այդ հեռուստահաղորդումները եւ հեռուստասերիալները իսկապես պահանջված են: Բայց միաժամանակ պարադոքսալ իրավիճակ է՝ նույն հեռուստադիտողները նաեւ բողոքում են…. Դպրոցականներից մեկին հարցրի՝ ինչո՞ւ ես նայում, ասաց՝ դա նարկոտիկի պես բան է»,- մտահոգված ներկայացնում է Հ. Մուսայելյանը:
Ինչպես պարոն Մուսայելյանն է պատմում, դպրոցականները անգամ բողոքել են՝ ծնողների հետ համատեղ հաղորդումներ նայելիս անհարմար զգալու մասին. «Եթերից, սերիալներից բխող ժարգոնը այսօր մտնում է մեր տներ, դպրոց, բուհեր: Չարենցի դպրոցում երկու ամիս առաջ 11-րդ դասարանի երեխան սպանում է 9-րդ դասարանի երեխայի՝ սուր գործիքի 31 հարվածով: Երբ նրան քննել են՝ ձեռք է առել քննիչներին. դու ասես այս սերիալի այսինչը լինես, դու՝ այնինչը… Մեկ այլ դեպք. Սարուխան գյուղում երկու ամիս առաջ 3 հոգի դիմակավորված, զենքերով մտնում են մի ծեր կնոջ տուն, որին հաջողվում է օգնություն կանչել: 3-ից երկուսը կարողանում են փախչել, երրորդին չի հաջողվում եւ մտնում է մահճակալի տակ: Հանում են, դիմակը պատռում եւ ո՞վ լինի՝ նույն գյուղի դպրոցի 8-րդ դասարանի աղջիկ: Հասկանո՞ւմ եք՝ ուր ենք հասել…»:
Նամակի հեղինակը նշեց նաեւ, որ մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը ՀՀ ղեկավարին առաջարկվելու է միջոցառումների ծրագիր, ըստ որի՝ կստեղծվի աշխատանքային խումբ եւ կվերահսկի հայկական հեռուստաեթերը:
«Տարոն» գեղագիտական կենտրոնի տնօրեն Հովհաննես Թադեւոսյանը նեղսրտեց, որ չափազանց շատ են ուշացել, այդ ծրագիրը պետք է ավելի շուտ առաջարկվեր, ասենք՝ մինչեւ մարտի 31-ը:
«Հարցը կարեւոր է եւ այնքան տարակարծություն կարող է առաջանալ այս առումով, որ դժվար թե մինչեւ մարտի 31-ը այդ ծրագիրը վերջացնենք»,- պատճառաբանեց Հ. Մուսայելյանը:
Երգչուհի Գայանե Ներսիսյանը անհանգստացած էր հայկական հեռուստաեթերով հեռարձակվող երաժշտական տեսահոլովակների որակով: Նա առաջարկեց մի կետով էլ անպայման անդրադառնալ դրանց: Երգչուհու խոսքով, եթերը լցվել է անբարո հաղորդումներով. «Անհասկանալի է, թե ում է դա ձեռնտու: Թվում է՝ որոշ հեռուստաընկերություններ ուղղակի նպատակաուղղված են ցուցադրում անբարո տեսահոլովակներ: Մենք ուղղակի բոլորս մոլորվել ենք այս ազգադավ քաղաքականության մեջ»:
Պարարվեստի եւ պարագետների միության նախագահ Կարեն Գեւորգյանին էլ մտահոգում է եթերով պրոպագանդվող ոչ ճիշտ հայկական պարարվեստը. «Անբարոյականություն չէ՞, արդյոք, երբ ազգային պարարվեստը խեղաթյուրված ներկայացնում են հանրությանը, ավելի վատ էրոտիկա չէ՞ դա: Դա էլ արգելեք»:
Հանրային խորհրդի անդամ, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, տարածքային ինքնակառավարման ենթահանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանը ներկայացրեց մի նախագիծ, ըստ որի՝ հայկական հեռուստաեթերը պետք է վերահսկվի: «Սա մի նախագիծ է, որը նշում է, թե ինչ չի կարելի ցուցադրել հեռուստաեթերով: Խոսքը էրոտիկ բնույթի կամ պոռնո հաղորդումների մասին է: Նախագիծը նպատակ ունի օրենքի ուժ ստանալու, իսկ բոլոր այն հեռուստաընկերությունները, որոնք կխախտեն կետերը, ուղղակի կզրկվեն լիցենզիայից», -շեշտեց պարոն Առաքելյանը:
Ըստ այդ նախագծի՝ պոռնո, բացահայտ բռնություններ, ռասիզմ պարունակող հաղորդումների ցուցադրումը արգելվում է, իսկ էրոտիկ բնույթի հաղորդումների ցուցադրությունը թույլատրվում է ժամը 24-ից հետո:
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Սարդարապատ» համույթի ղեկավար Մուրադ Հակոբյանին գիշերը 12-ից հետո ցուցադրվող էրոտիկայի գաղափարը դուր չեկավ. «Ասում եք, որ գիշերը 12-ից հետո կարելի է ինչ-ինչ բաներ ցույց տալ: Այսօր ցույց տվեք մի երեխա, որ 12-ից շուտ է քնում»:
Մ. Հակոբյանին ի պատասխան՝ Կ. Առաքելյանը նկատեց, որ դա ընտանիքների, ծնողների խնդիրն է, թող շուտ քնեցնեն երեխաներին, քանի որ չեն կարող էրոտիկան ընդհանրապես արգելել եթերում:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը գտնում է, որ եթերը կատաստրոֆիկ վիճակում է: «Եթերում գռեհկաբանությունն է իշխում: Այսօր ազգը ընդունել է «Յոթ ու կես» կամ չգիտեմ ինչ, նրանց բերանից միայն գռեհկաբանություն է հնչում: Անուննե՞ր եք ուզում, խնդրեմ՝ Լուսինե Պեպելյանը (նկատի ուներ երգչուհի Քրիստինե Պեպելյանին- Լ. Շ), որ շատ լավ երգում է, հիմա էլ հաղորդում է վարում: Նա եթերում ասում է՝ մանթո եմ… : Դա ի՞նչ արտահայտություն է՝ ես այդ խոսքը կարող է արտաբերեմ ամենանեղ ընկերական կամ հարազատական շրջանում, բայց այդպես բացահայտ դա պրոպագանդել եթերո՞վ… Օրինակ, հ2-ով առավոտյան անկողնում պառկած, չգիտեմ ինչ դիրքերով, հաղորդում են վարում: Սարսափելի է, սա ազգին տանում է ուղղակի կործանում, ճաշակի, բարոյականության անկում»,- համոզված է պարոն Հովհաննիսյանը:
Ճարտարապետ Լեւոն Իգիթյանն էլ մեկ բառով որակեց հայկական եթերի վիճակը՝ «բոսյակություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել