Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻՐԱՎՈՐԵԼԻՍ ՈՒ ԶՐՊԱՐՏԵԼԻՍ ԵՂԵՔ ԿՈՌԵԿՏ

Ապրիլ 10,2010 00:00

Դրվագներ երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի կազմակերպած լսումներից՝ «ՀՀ \"\"քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ:

Արտյուշ Շահբազյան (ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ). «Կարող է պատվիրատուն տալ գումարը եւ ասել՝ գնա ու հայհոյիր, կտանես հետո գումարը կմուծես: Այսինքն՝ այստեղ գումարը խնդիր չի լուծում»:
Արծվիկ Մինասյան (ՀՅԴ խմբակցության պատգամավոր). «Այն, որ ամբողջությամբ ապաքրեականացվում է այս ոլորտը՝ կարծում եմ, կարող է բերել շատ ավելի բացասական հետեւանքների: Եթե անձը մի անգամ վիրավորանք է հասցնում, ենթարկվում տուգանքի, սակայն դա չի բացառում նրա կողմից 2-րդ, 3-րդ անգամ նման վարքագծի դրսեւորումը, ապա սրանով մենք, ըստ էության, ոչ թե փորձում ենք վերացնել անձի կողմից այդպիսի վարվեցողությունը, այլ պարզապես փորձում ենք նրան ենթարկել դրամական որոշակի պատասխանատվության, որը մեր իրականության մեջ ոչ միայն իրենից մեծ արժեք չի ներկայացնում, այլ նաեւ չի կարող կասեցնող կամ վերացնող դերակատարություն ունենալ»:
Բորիս Նավասարդյան (Երեւանի մամուլի ակումբի նախագահ). «Այս օրինագիծը շատ քիչ հստակ մեխանիզմներ է պարունակում՝ կիրառման հետ կապված, եւ այստեղ մենք ավելի շատ տեսնում ենք սկզբունքներ: Ասենք՝ ասվում է. «Գումարի չափը սահմանում է դատարանը՝ հաշվի առնելով կոնկրետ գործի առանձնահատկությունները»: Ինչպե՞ս է հաշվի առնում, ինչպիսի՞ սկզբունքներով, ինչպիսի՞ մեխանիզմներով է այդ տարբերակումը մտցվում: Այդ կարգի սկզբունք կարող է աշխատել այն դեպքում, եթե երկրում գործում է նախադեպային իրավունքը: Երբ նախադեպային իրավունքը, ինչպես Հայաստանում, կա՛մ ընդհանրապես չի կիրառվում, կա՛մ շատ վատ է գործում, ապա այդ դեպքերում մեխանիզմները եւ որոշակիությունն ուղղակի անհրաժեշտ են: Հակառակ դեպքում՝ համաձայն եմ այն գործընկերների հետ, որոնք կասկածներ են հայտնում դատարանների կողմից այս օրենքի ապագա կիրառման վերաբերյալ»: 
Աշոտ Մելիքյան (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ). «Տուգանքները պետք է նվազեցվեն՝ դրանք պիտի համաչափ լինեն ԶԼՄ-ների ֆինանսատնտեսական իրական մակարդակին: Իսկ մեր ԶԼՄ-ներն այդքան տնտեսական հզոր բազա չունեն, որ կարողանան վճարել նման գումարներ»:
Ստյոպա Սաֆարյան («Ժառանգություն» խմբակցության ղեկավար). «Վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներով մարդիկ լսում են ստերիլիզացված լուրեր ու չեն ցանկանում արժանահավատ համարել դրանք: Եվ գումարելով իրավունքների խախտումները՝ անցնում են մի շեմ, երբ պարզապես ցանկանում են տեսնել վրեժխնդրություն այդ նույն իշխանության ու պաշտոնյայի նկատմամբ, ու ձեւավորվում է հասարակական պահանջարկը: Դատարանով մարդկանց վախեցնելով չէ, որ պակասեցնելու կամ նվազեցնելու ենք զրպարտությունների եւ վիրավորանքների քանակը»:
Լեւոն Բարսեղյան (Լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ). «Քանի դեռ մեր դատարաններն արդարադատություն չեն իրականացնում՝ խոշոր հաշվով, մտավախությունն ակնհայտ է, որ այս փոփոխությունները, դժբախտաբար, օգտագործվելու են անցանկալի լրատվամիջոցների դեմ»:
Կորյուն Նահապետյան (ՀՀԿ խմբակցության պատգամավոր). «Եվրոպայում այսօր առկա են որոշակի միտումներ՝ այս արարքներն ապաքրեականացնելու իմաստով: Բայց, օրինակ, ԵԱՀԿ անդամ 56 պետություններից ընդամենը 7-ն են ապաքրեականացրել: Եվ ԵՄ խոշոր պետություններ այսօր դեռ իրենց քրեական օրենսգրքերում պահպանում են վիրավորանքի եւ զրպարտության համար քրեական պատասխանատվությունը: Այլ բան է, որ դատարաններն առավել զուսպ մոտեցում ունեն կիրառման իմաստով»:
Հովհաննես Սահակյան (օրենսդրական փաթեթի համահեղինակ). «Իմ գործընկերների կողմից տեսակետ հնչեց, թե՝ թող մնա ե՛ւ քրեական օրենսգրքում, ե՛ւ քաղաքացիական: Եթե այդ ճանապարհով գնանք, ապա ընդհանուր առմամբ՝ գաղափարը կկորի, որ փորձել ենք դնել այս նախագծի մեջ: Ամբողջ նպատակն այն է, որ մենք ապաքրեականացնենք: Չնայած կյանքը ու նաեւ փաստերը երբեմն ապացուցում են, թե այդ մեղմ պատիժները կամ տուգանքները երբեմն բավարար չեն, որ մարդիկ իրենց ե՛ւ զրպարտության, ե՛ւ վիրավորանքի մեջ լինեն ավելի կոռեկտ»:

Հ. Գ. Ի դեպ, «ՉԻ» թղթակից Գոհար Վեզիրյանը լսումների ընթացքում իր ելույթում պնդեց, թե Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունը էլեկտրոնային ԶԼՄ-ներն ամբողջությամբ չեն հաղորդել, քանի որ այն չի համապատասխանում Էրոտիկ բնույթի, սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր ու ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցության հաղորդումների վերաբերյալ ՀՌԱՀ չափորոշիչներին. «Սա կատակ չէ՝ փաստացի, ճշգրտված տեղեկություն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել