Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդուրժողականությունը՝ Հայաստանում

Ապրիլ 15,2010 00:00

Դարձյալ «կպան» Հայ առաքելական եկեղեցուն

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնը՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ իրականացրել է «Կրոնական հանդուրժողականությունը՝ Հայաստանում» թեմայով հետազոտություն, որի ներկայացումը երեկ էր՝ «Անի Պլազա» հյուրանոցում: Հետազոտությունը նպատակ ունի ուսումնասիրել կրոնական անհանդուրժողականության եւ խտրականության հնարավոր դրսեւորումները, վերլուծել կրոնի ազատությանը վերաբերող ՀՀ օրենսդրությունը, որից հետո  համապատասխան առաջարկություններ կներկայացվեն ՀՀ իշխանություններին:
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ, հետազոտության հեղինակ Ստեփան Դանիելյանը շեշտեց, որ աշխատանքում փորձել են սեփական տեսակետներ, եզրակացություններ չհայտնել: Նրա գնահատմամբ՝ այս բնագավառում ոլորտներ կան, որտեղ  առաջընթաց է նկատվում, իսկ որոշներում էլ՝ ետընթաց: Ս. Դանիելյանի եզրակացությունն այն է, որ մասնավորապես մամուլում եւ դպրոցներում կրոնական անհանդուրժողականությունը վառ է արտահայտված, նրա խոսքով, իրավական դաշտում էլ փորձ է արվում որոշ կրոնական կազմակերպությունների՝ ճնշող օրենքներ ընդունել: Խոսքը ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների», ՀՀ Քրօրում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների մասին է:
Հետազոտության հեղինակը նշեց, որ ԶԼՄ-ներում կան բազմաթիվ հրապարակումներ, որոնք կրոնական թշնամանք են պարունակում: Նա դեմ է «հոգեորսություն» բառն օգտագործելուն, դրա փոխարեն առաջարկում է «ոչ պատշաճ դավանափոխություն» տերմինը:
Պաշտամունքի վայրերի կառուցման հետ կապված գործող օրենքում նշված է, որ Հայ առաքելական եկեղեցին իրավունք ունի եկեղեցիներ կառուցելու, սակայն պարզ չէ՝ մյուս կրոնական կառույցներն իրավունք ունե՞ն, թե՞ չէ, կամ արգելք կա՞, թե՞ ոչ: «Եթե որեւէ կրոնական կազմակերպություն փորձում է եկեղեցիներ կառուցել, ապա ոչ ուղղակի, այլ քաղաքաշինական նորմերին հղում կատարելով, խոչընդոտում են շինության կառուցումը»,- ասում է Ս. Դանիելյանը ու փաստում, որ վերջին տարիներին հատկապես Լոռու մարզում իրավապահ մարմինները միջամտել են կրոնական կազմակերպությունների գործունեությանը: Նա անդրադարձավ նաեւ մանկապարտեզներին. «Ինքս դեմ չեմ, որ երեխաները աղոթեն, հոգեւոր կրթություն ստանան, բայց դա պետք է անել ո՛չ մանկապարտեզում, որովհետեւ մեր «Կրթության մասին» օրենքով դպրոցը աշխարհիկ է»:
Հետազոտության հեղինակները դիմելու են ՀՀ իշխանություններին, որպեսզի միջազգային չափորոշիչներին համապատասխան լրամշակվի եւ բարեփոխվի, օրինակ, «Խղճի ազատության ու կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, մասնավորապես՝ դրանում ամրագրված «հոգեորսություն» եզրույթը փոխելու «ոչ պատշաճ դավանափոխություն» հասկացությամբ: Ցավոք,  քննարկմանը ներկա չէր Հայ առաքելական եկեղեցու եւ ոչ մի ներկայացուցիչ, ուստի հնարավոր չեղավ բարձրացված հարցերի մասին լսել եկեղեցու կարծիքը նույնպես:   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել