Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաբուխը խառնում է բոլոր խաղաքարտերը

Ապրիլ 20,2010 00:00

Դասական շախմատի աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը եւ Շախմատի համաշխարհային ֆեդերացիան պաշտոնական նամակով դիմել են ՖԻԴԵ-ի ղեկավարությանը՝ ապրիլի 23-ին Սոֆիայում նշանակված Վեսելին Տոպալովի հետ աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի մեկնարկը երեք օրով հետաձգելու առաջարկով: Պատճառը Իսլանդիայում ժայթքած հրաբխի արտանետած ծխամպերն են, որոնք ծածկել են ողջ Եվրոպան:
Անանդը եւ նրա թիմը ՖԻԴԵ-ի ղեկավարությանը բոլոր հիմնավորումներով պաշտոնապես ներկայացրել են, որ իրենք դեռ ապրիլի 16-ին Ֆրանկֆուրտ-Սոֆիա ավիաչվերթի տոմս են ունեցել: Սակայն հրաբխի ժայթքման պատճառով իրենց չվերթը, ինչպեսեւ հարյուրավոր այլ չվերթներ, հարկադրված հետաձգվել են: ՖԻԴԵ-ին հասցեագրված նամակում նշվել է նաեւ, որ ներկա պահին օդային ճանապարհով մրցավայր հասնելու ոչ մի հնարավորություն չկա: Իսկ երկաթուղային ճանապարհն առնվազն 28 ժամ կպահանջի, ինչից օգտվելու դեպքում ի չիք կդառնան այս մրցամարտին լավագույն պատրաստվածությամբ ներկայանալու՝ մինչ այդ գործադրած բոլոր ջանքերը:
Ի դեպ, Բաքվում նշանակված սիրողական բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մեկնարկը ԱԻԲԱ-ի եւ կազմկոմիտեի որոշմամբ նույնպես ապրիլի 23-ից տեղափոխվել է երկու օր ետ, ու կրկին կապված է Իսլանդիայում ժայթքած հրաբխի արտանետած ծխի ամպերի հետ:
ԱԻԲԱ-ն եւ կազմակերպիչները տարածել են հայտարարություն, որում բոլոր ազգային ֆեդերացիաներին տեղեկացրել են, որ  յուրաքանչյուրը առաջնությանը մասնակցելու իրավունք կունենա, եթե մրցավայր ժամանի մինչեւ ապրիլի 24-ը:
Մարզիկների կշռման առաջին պաշտոնական արարողությունը կկայանա հաջորդ օրը՝ ապրիլի 25-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել