Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին փլվածք՝ Կապանում

Ապրիլ 27,2010 00:00

Դեռեւս 2009թ. հուլիսի 8-ին ենք տեղեկացրել, որ Կապանի Երկաթուղայինների փողոցում սողանքը պարբերաբար ակտիվանում է եւ փողոցի անհատական տների գլխին վտանգ է կախվում: Վիճակը հատկապես բարդանում է անձրեւներից հետո: Արդեն քանի տարի է՝ Կապանի Երկաթուղայինների փողոցի սողանքային գոտում ապրող բնակիչները բարձրաձայնում են, որ բնակարաններում ապրելը դարձել է վտանգավոր եւ ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող փլվածքների պատճառով են տները վթարային:
Այս գարնանը եւս առատ տեղումներից ավելի է ակտիվացել Երկաթուղայինների փողոցի սողանքային այս գոտին: Օրերս թաղամասի 4-րդ նրբանցքում նոր փլվածք է տեղի ունեցել, որի հետեւանքով, ըստ բնակիչների` քանդվել է անհատական տներից մեկի մոտ 15-16 մետրանոց պատնեշը, փակվել է թաղամաս տանող միակ ճանապարհը՝ ամբողջությամբ լցվելով հողով ու քարերով:
Սողանքային գոտու փլվածքների գոյացմանը նպաստում է նաեւ այն, որ բնակիչները շարունակում են այգիները ոռոգել: «Ի՞նչ անենք, այգի չմշակե՞նք, էլի որոշ չափով այգուց ստացած բարիքներով մեր ապրուստն ենք հոգում: Մենք ստիպված ենք էստեղ ապրում, վախենալով ենք տեղաշարժվում: Վերջնական պիտի էս հարցը լուծվի՝ կամ մեզ տեղափոխեն այլ կացարաններ, կամ էս ամեն ինչն ամրացնեն, թե չէ մի օր հաստատ դժբախտ դեպք կլինի: Եթե ուրիշ ապրելու տեղ ունենայինք՝ վաղուց էս կիսաքանդ տներից դուրս կգայինք»,- ասում են մեզ հանդիպած անհատական տներում ապրող բնակիչներից մի քանիսը:
Վերջին փլվածքի վայր են այցելել Կապանի քաղաքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ, Սյունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներ: Փլված փողոցը մաքրվել է, բայց, ինչպես մասնագետներն են պնդում, շարունակվող տեղումների պատճառով Երկաթուղայինների փողոցի սողանքային գոտում հնարավոր են նոր փլվածքներ:
Ապրիլի 20-ին եւ 21-ին Սյունիք կատարած աշխատանքային այցի ժամանակ սողանքային գոտի է այցելել ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ տեղում ծանոթացել ստեղծված իրավիճակին: Վտանգավոր գոտում հայտնված՝ խիստ վթարային անհատական տների բնակիչները փոխվարչապետին դիմել են իրենց բնակարաններով ապահովելու եւ սողանքային գոտուց տեղափոխվելու խնդրանքով: Սակայն, բնակիչների խոսքերով, խնդրանքի հստակ պատասխան փոխվարչապետից չեն ստացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել