Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Պայքար տան պատերի կամ առավելագույն օգուտի համար

Ապրիլ 28,2010 00:00

\"\"Գերմիջին քաշային կարգում աշխարհի վեց ուժեղագույն բռնցքամարտիկների «Super Six Boxing Classic» մրցաշարի նախնական փուլն ավարտվում է, ու վերջին մենամարտերը մասնակիցների համար ճակատագրական նշանակություն կարող են ունենալ: Դրա համար էլ բռնցքամարտիկները եւ նրանց թիմերը ջանում են անել ամեն բան՝ մարտերը սեփական հարկի տակ անցկացնելու, իսկ եթե չստացվի, ստեղծված իրավիճակից առավելագույն օգուտ քաղելու համար:

WBC վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Կարլ Ֆրոչը, որ ապրիլի 24-ին գոտին զիջեց Միկել Կեսլերին, հայտարարել է, թե կլքի «Super Six»-ը, եթե մրցաշարի նախնական փուլի վերջին մենամարտն Արթուր Աբրահամի հետ Անգլիայից տեղափոխվի Գերմանիա:

Բրիտանական «The Daily Mail»-ը տեղեկացնում է, թե բռնցքամարտիկների պրոումոթերները նախնական պայմանավորվածություն են ունեցել, որ Աբրահամի եւ Ֆրոչի միջեւ օգոստոսին նշանակված մարտն անցկացվի Նոթինգհեմում: Սակայն Աբրահամը հետագայում հույս է հայտնել, թե այն կարող է տեղափոխվել Բեռլին: Ֆրոչը սկզբում դրան կտրականապես դեմ էր. «Մենք «Showtime» ալիքի ներկայացուցիչ Քեն Հերշմանի հետ արդեն պայմանավորվել ենք, որ նախնական փուլի առաջին եւ վերջին մենամարտերը ես անցկացնելու եմ տանը: Դրա համար էլ այդ մարտը կամ կկայանա Անգլիայում, կամ ընդհանրապես չի կայանա»:

Սակայն օրերս լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց, թե Ֆրոչը, կարծես, մտափոխվել է եւ Բեռլինում հանդես գալու համար Աբրահամից պահանջում է $ 1 մլն: «Առնվազն այդքան կպահանջվի, որպեսզի համաձայնեմ Բեռլին մեկնել: Դա այն գումարն է, որ «Showtime»-ն ինձ խոստացել է կիսաեզրափակիչ մտնելու դեպքում: Իսկ Աբրահամին նրա երկրում միավորներով հաղթել ինձ դժվար թե հաջողվի»,- հայտարարել է Կարլ Ֆրոչը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել