Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Ապրիլ 29,2010 00:00

Դատական ակտի հետեւությունները չեն համապատասխանում ապացույցներին

Անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, քննության առնելով ամբաստանյալ Նշան Գառնիկի Հարությունյանի վերաքննիչ բողոքը՝ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ, որոշում կայացրեց վերաքննիչ բողոքը մերժելու մասին: Պաշտպանական կողմը գտնում էր, որ որոշումը կայացնելիս վերաքննիչը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա: Այն է՝ գործի փաստական հանգամանքների մասին դատական ակտում շարադրված դատարանի հետեւությունները չեն համապատասխանում առկա ապացույցներին, ճիշտ չեն կիրառվել Քրեական եւ Քրեադատավարական օրենսգրքերը: Դեռ այս տարվա հունվարին պաշտպանը վճռաբեկ բողոք է բերում վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ, սակայն վճռաբեկ բողոքը չի ընդունվում, իսկ մերժումն էլ չի պատճառաբանվում:
Ի դեպ, գործի նախապատվությունը հետեւյալն է. 2008թ. հունվարի 22-ին Նշան Հարությունյանը դիմում է ներկայացնում ոստիկանության Արտաշատի բաժին, հորաքրոջ՝ Մ. Մարտիրոսյանի կողմից շանտաժի միջոցով իրենից $16 000 պահանջելու վերաբերյալ: Մարզի դատախազության կողմից նյութերն ուղարկվում են Մասիսի քննչական բաժանմունք, որտեղ հարուցվում է քրեական գործ՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի՝ 4 մլն 520 հազար դրամ արժեքով գույք հափշտակելու հիմքով: 2009թ. հունիսի 25-ին քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվում Նշան Հարությունյանին ՀՀ քրօրի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին եւ խափանման միջոց է ընտրվում կալանքը:
Արարատի ու Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Ն. Հարությունյանին մեղավոր է ճանաչում եւ դատապարտում 5 տարվա ազատազրկման, առանց գույքի բռնագրավման, նաեւ վճռում է հօգուտ Մ. Մարտիրոսյանի բռնագանձել 4,520 մլն դրամ:
Պաշտպան Վ. Նիկողոսյանը վճռաբեկ բողոքում մանրամասն եւ հիմնավոր ներկայացրել էր քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ: Մասնավորապես, նախաքննությունը պետք է տարվեր Արտաշատի քննչական բաժանմունքում, սակայն քրգործը մակագրվել է Մասիսի քննչական բաժանմունքի վրա եւ, որպես հետեւանք, քննվել Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրում:
Դատաքննության ընթացքում Ն. Հարությունյանը հայտարարել է, որ Մ. Մարտիրոսյանին պատկանող ջերմոցի վաճառքից առաջացած 1 700 000 դրամ գումարից 967 000 դրամը վճարել է վերջինիս՝ 19 օր ժամկետանց վարկային պարտավորությունների դիմաց «Արդշինինվեստբանկի» Արարատի մասնաճյուղում, իսկ 650 000 դրամը վճարել է նրա հարսի՝ Հ. Կարապետյանի ոսկեղենը հետ ստանալու համար, իր մոտ մնացել է 75 000, որից կատարել է տրանսպորտային եւ այլ ծախսեր: Իսկ Մ. Մարտիրոսյանը իրեն չպատկանող ոսկեղենի ընդհանուր արժեքը, առանց որեւէ ապացույցների, հաշվարկել է 1 800 000 դրամ: Գործի քննության արդյունքում չի պարզվել նշված ոսկեղենը Մ. Մարտիրոսյանին պատկանելու հանգամանքը, իրական քաշը, փաստացի շուկայական արժեքը եւ հիմք են ընդունվել հորաքույր Մարգարիտի ցուցմունքները: Ոսկեղենի իրական արժեքը պարզելու համար պաշտպանական կողմի միջնորդությունը մերժվել է:
Ըստ պաշտպանի, դատարանի որոշման հիմքում դրվել է նաեւ Արտաշատ քաղաքի թաղային լիազոր Գագիկ Պետրոսյանի կողմից տրված անվավեր համարվող տեղեկանքը, որտեղ բացակայում է տրման ամսաթիվը եւ կնքված է գոյություն չունեցող Արտաշատի քաղսովետի թիվ 26 թաղային կոմիտեի կնիքով: Այդ տեղեկանքը հակասում է նաեւ գործում առկա Արտաշատի քաղաքապետի 10.09.2009թ. գրությանը, որը կազմվել է անասնագլխաքանակի հաշվառման ընթացքում:
Նշան Հարությունյանի քույրը՝ Հասմիկ Հարությունյանը բողոքներ է հղել նախագահ Սերժ Սարգսյանին եւ Արդարադատության խորհրդին, ինչպես ինքն է գրել՝ արդարադատությունը վերականգնելու ակնկալիքով:
Ըստ Հ. Հարությունյանի, պետք է պատասխանատվության ենթարկվեն դատախազ Սուրիկ Պարսամյանը, քննիչներ Ս. Անդրեասյանը եւ դատախազ Հակոբյանը, դատավորներ Թաթուլ Պողոսյանը, Սեւակ Համբարձումյանը, Գրիշա Մելիք-Սարգսյանը, Մանուշակ Պետրոսյանը, իսկ վճռաբեկն էլ վարույթ ընդունի կամ պատճառաբանի, թե ինչն է հունվարի բողոքը վարույթ չընդունելու պատճառը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել