Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ պարզաբանում

Մայիս 08,2010 00:00

Ամեն անգամ, երբ հիշատակվում են Սարդարապատի եւ Բաշապարանի հաղթանակները, բարձրացվում են հերոսական դրվագներ ու անուններ: Եվ այս իրադարձությունների հորիզոնում մեծարվում են Դրոն եւ Անդրանիկը, իհարկե, նաեւ այս երկուսին փառաբանող կուսակցություններն ու անհատները: Սակայն մենք՝ հասարակ հայերս, նույնպես հարգանքի տուրք մատուցելով վերոհիշյալ մեծերին, խոնարհվելով նրանց կատարած ազգանվեր ու անձնուրաց ծառայությունների առջեւ՝ ցանկանում ենք միեւնույն ժամանակ վերջիններիս շարքում երրորդել Նժդեհի անունը, առանց որի չի ամբողջանալու Հայաստանի առաջին հանրապետության պատմությունը:
Գարեգին Նժդեհ. նվիրական այս կերպարի, քաջատոհմիկ զորահրամանատարի, քաղաքական հանճարի, սքանչելի մտավորականի ազգային նկարագիրը դեռ երկար ժամանակ քննության առարկա պիտի դառնա հայ պատմաբանների ու ռազմագետների համար, քանզի այն զարմանալիորեն հակասական ու առեղծվածային է իբրեւ մեկ անհատի կենսագրություն: Անավարտ կմնար Հայոց առաջին հանրապետության տարեգրությունն առանց Լեռնահայաստանի ազատագրական պայքարի նկարագրության, եթե չներկայացվեր «Ինքնավար Սյունիքը»՝ իր ինքնապաշտպանության միանձնյա ղեկավար սպարապետ Նժդեհի առկայությամբ:
Արդարության դեմ չմեղանչելու համար նաեւ ավելացնենք, որ Նժդեհն իր բարձր գրագիտությամբ ու լայն աշխարհայացքով առանձնանում է Անդրանիկից եւ Դրոյից, ինչի պատճառով էլ կարծես որոշ ուժերի կողմից հաճախ են ոգեկոչվում վերջիններս՝ խորհելով, որ այդպիսով անշքության կարող է մատնվել Նժդեհի անունը: Եվ վերջապես, չմոռանանք, որ այն երկու մեծերից մեկը խռոված լքեց հայրենիքը, մյուսը՝ արհամարհված հեռացավ հայրենիքից: Միայն հայրենաբաղձ Նժդեհն էր, որ անհաղթահարելի կարոտից մղված՝ վերադարձավ հայրենիք եւ այստեղ հալածվեց, ձերբակալվեց ու նետվեց Վլադիմիրի բանտ, որտեղ չարչարանաց մեջ կնքեց իր մահկանացուն: Չմոռանանք, որ Նժդեհն իր կյանքի մայրամուտին չուներ կուսակցական պատկանելություն, իսկ նրա դավանած տարոնականությունը հայրենիքի ու հայկյան ցեղի գաղափարաբանություն խորհրդանշող ուխտ էր միայն:
Ներկայացնելով հայրենասեր մտավորականի տեսակը՝ փիլիսոփա Գ. Ֆրայթագը գտնում է, որ ամեն մարդու հոգում ապրում է նրա ժողովրդի փոքրադիր դիմանկարը: Նժդեհի գոյության պարագայում մեր ժողովրդի դիմանկարը անհամեմատ մեծ է որպես հոգեւոր ու բարոյական հարատեւ արժեք:
Միով բանիվ, այսօր ժամանակի ու տարածության հեռվից Նժդեհը մեզ հորդորում է հեռացնել պատմության կնճիռները, որպեսզի պայծառ ճակատները առավելս հզոր ճառագայթեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել