Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՅՈՒՐԵՂԱՑԱԾ ՈՍՏԻԿԱՆԻՆ ՉԱՐԺԻ ՄԱՐԶՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼ».

Մայիս 18,2010 00:00

կարծում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը

\"\"

Օրերս «ժառանգություն» կուսակցության մի քանի անդամներ՝ պատգամավոր Ստեփան Սաֆարյանի գլխավորությամբ, բնակիչների ընդունելության օր էին կազմակերպել Գյումրու տարածքային գրասենյակում: Գյումրեցիները թեեւ վերջին շրջանում ակտիվ քաղաքական կյանքով են ապրում, ամբողջ օրը տեղական հեռուստաընկերություններով տարբեր կուսակցությունների՝ «Բարգավաճի», ՕԵԿ-ի «քարոզարշավներն են» դիտում, սակայն «Ժառանգության» գրասենյակ հիմնականում եկել էին սոցիալ-տնտեսական բնույթի բողոքներով: Նրանք մասնավորապես դժգոհում էին, որ յոթ ամիս շարունակ խստաշունչ ձմեռ ունեցող Շիրակի մարզում «չեն ամաչում ու գազի սակագին են թանկացնում» կամ «դեղը խանութում են վաճառում, իսկ օղին՝ դեղատներում»: Ամփոփելով այս բողոքները՝ «Ժառանգության» անդամները մամուլի ասուլիս տվեցին՝ մարզի հիմնախնդիրները մի քանի խմբերի՝ բնակարանաշինության, ավանդների վերադարձման եւ այլնի բաժանելով: «Խնդիրներից մեկը, որը «Ժառանգությունն» իր ուշադրության կենտրոնում է պահում՝ բնակարանաշինությունն է, կարծում եմ՝ տեղյակ եք, որ անցած մեկ տարում ԱԺ ամբիոնից բազմիցս բարձրացվել է կառավարության բնակարանաշինության ծրագիրը աղետի գոտում, եւ մենք մի քանի անգամ մեր դժգոհությունը հայտնեցինք այն կապակցությամբ, որ ոչ միայն Գյումրու բնակիչների, այլ նաեւ մեզ համար անհասկանալի սկզբունքներով ծրագրի իրականացումը վերապահվել է «Գլենդել հիլզ» կազմակերպությանը»,- ասաց պատգամավորը՝ տեղեկացնելով, որ իրենք կառավարությանը ութ կետից բաղկացած հարցապնդում են ուղղել՝ պահանջելով պատասխանել, թե ինչպե՞ս է իրականացվել բնակարանաշինության որակը, ովքե՞ր են թույլ տվել խախտումներ, ովքե՞ր են ենթարկվել պատասխանատվության դրանց համար, ինչո՞ւ կառավարության ծրագիրը ժամանակին չի կատարվել, ինչո՞ւ մարդիկ ժամանակին չեն ստացել իրենց հասանելիք բնակարանները եւ այսպես շարունակ: Երկրորդ խնդիրը, Ստեփան Սաֆարյանի ներկայացնելով, կապված է Գյումրու թիվ 23 դպրոցի լուծարման հետ: «Մենք սատարելու ենք ուսուցիչների օրինական պահանջը, մենք հետամուտ ենք լինելու այդ խնդրի լուծմանը»,- հայտարարեց պատգամավորը:
«Ժառանգություն» կուսացության նորաթուխ անդամ՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Կարինե Հակոբյանն էլ շեշտեց, որ բողոքավորները ինչ թեմայից էլ խոսեն, վերջում աշխատանք են պահանջում: Ըստ նրա, Շիրակի մարզում մեծ խնդիր է նաեւ այն, որ անվճարունակ ընտանիքների երեխաները պետպատվերի համակարգում չեն սովորում: «Այն բարեփոխումները, որոնք այնքան էլ ճիշտ ճանապարհով չեն գնում, կրթության բարեփոխումների մասին է խոսքը, հիմնական խնդիրները վեր հանելու փոխարեն, արհեստական խնդիրներ են բարձրացվում ու իբր լուծում են տրվում դրանց, բայց մի քանի հոգի արդեն այդ խնդրի առաջ է կանգնած, երեխան սովորում է ինստիտուտում, ուսման տարեկան վճարը 200-220 000 դրամ է, ընտանիքում ոչ ոք չի աշխատում, որտեղի՞ց պետք է վճարի: Առկա է նաեւ բնակարանի խնդիր. մարդիկ կան, որոնք իրենք են ուզում կառուցել իրենց տունը, ասում են՝ երկարաժամկետ վարկեր տվեք, տվեք հնարավորություն մենք կառուցենք, մեր երեխաները չհեռանան քաղաքից: Առանց այն էլ, ում հետ խոսում ենք, ընտանիքի կեսը այլեւս քաղաքում չէ, Հայաստանում չէ, մնացել են շատ քիչ երիտասարդներ, քիչ տղամարդիկ»,- ասաց նախկին փոխնախարարը: Նա նաեւ անդրադարձավ ավանդների վերադարձման խնդրին՝ փոխանցելով գյումրեցիների այն դժգոհությունը, որ ընտանիքի անդամի մահից հետո հարկ չեն համարում նրա ավանդը մյուսներին տալ: Լրագրողները Ստեփան Սաֆարյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի հրաժարականին: Պատգամավորը ողջունեց տիկին մարզպետի այս քայլը՝ հայտարարելով, որ «մեկ անգամ չէ , որ դժգոհություններ են լսում նրա գործունեությունից»: «Եթե դասակարգելու կամ բնութագրելու լինենք դրանց բնույթը, մարդիկ շատ են դժգոհում կամայականություններից, մարդիկ այսօր էլ, մեզ հետ հանդիպման ընթացքում, շատ են դժգոհում օրենքների չգործելուց: Եվ ով, եթե ոչ մարզպետն է, որ պետք է ոչ միայն պետական քաղաքականությունը, մոտեցումները քաղաքացուն կամ տեղական իշխանություններին հասցնի: Մարզպետը նրա համար չէ, որ բոլորին իշխի, դպրոցները վերահսկողության տակ պահի, ընտրությունների ժամանակ պարտադրի ով ինչպես ընտրի եւ ում ընտրի»,- ասաց պատգամավորը՝ մարզպետի հրաժարականը չկապելով քաղաքական վերադասավորումների հետ: «Դուք՝ լրագրողներդ, ամեն ինչից չէ, որ տեղյակ եք, մենք արդեն վեց ամիս է՝ Գյումրու եւ Շիրակի մարզի հիմնախնդիրների հետ կապված անընդհատ հնչեցնում էինք մարզպետի եւ մարզպետարանի հարցերը: Ես չեմ ուզում ասել, թե «Ժառանգությունն» է դրա ակունքներում կանգնած, բայց ուզում եմ ասել՝ դժգոհություններն եղել են այնպիսին, որ դրանք պիտի վերջիվերջո հանգեցնեին այդպիսի ավարտի»,- շարունակեց պատմագավորը: Բայց երբ իմացավ, թե ով է Շիրակի մարզպետի հավանական թեկնածուն, Ստեփան Սաֆարյանը իրոք զարմացավ: «Ես մասնագիտությունների հետ կապված խնդիր չեմ տեսնում, բայց չեմ կարծում նաեւ, որ ոստիկանության համակարգում բազմամյա աշխատանքի փորձ ունեցող մեկը, այսպես ասեմ, բավականին բյուրեղացած աշխարհաճանաչողություն ունեցող ոստիկանը կարող է պատկերացնել մարզպետին ներկայացվող պահանջները: Չեմ ուզում տուրք տալ մամուլում շրջանառվող տեսակետներին, բայց չկենտրոնանալով անձերի վրա, ես ինքս չէի ողջունի հանրապետության նախահագի քայլը, եթե ոստիկանության համակարգի մարդ է նշանակվում մարզպետ: Մարզպետի պաշտոնը այնպիսի պաշտոն է, որին հավակնող մարդը պետք է շատ լուրջ գիտելիքներ ունենա տնտեսության, քաղաքական կյանքի եւ բոլոր այլ ոլորտներից, մարզպետներն են, որոնք պետական քաղաքականությունը Երեւանից հասցնում են մարզեր: Եվ եթե թեկնածուն տվյալ պաշտոնի, այդ ոլորտների մարդ չէ, գիտեք՝ ոստիկանության համակարգում ինչ կարգի դիսցիպլինա եւ ինչ կարգի մտածողություն է, ես, համենայնդեպս, հույսեր չէի փայփայի, թե դա լավագույն տարբերակը կարող է լինել»,- ասաց պատգամավորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել