Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԻՐԵՆՑ ԲԱԺԻՆՆ ՈՒՆԵՆ ԹԵ ԳԵՐՄԱՆԻԱՆ, ԹԵ ՔՐԴԵՐԸ

Մայիս 21,2010 00:00

Ինչպես փոխանցում են գերմանական լրատվամիջոցները, Բեռլինում տեղի է ունեցել Ռեջեփ Մարաշլըի «Հայ սոցիալ-դեմոկրատական շարժումը եւ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը» վերնագրով գրքի շնորհանդեսը:

Իր ելույթում հեղինակը հակիրճ ներկայացրել է գրքի բովանդակությունը, անդրադարձել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններում համիդյան գնդերին եւ քրդերի ունեցած ողբերգական դերին:

Հանդիպման ընթացքում ներկաների դատին է ներկայացվել նաեւ հեղինակի կողմից պատրաստված «Կորած դեմքեր եւ անձայն ճիչ» վավերագրական ֆիլմը, որը դարձյալ նվիրված է Հայոց մեծ եղեռնին:

Մարաշլըն առաջին անգամ չէ, որ ներկայացնում է ցեղասպանության տարիներին նաեւ քրդերի ունեցած ողբերգական դերակատարության մասին: Նա բազմիցս է նշել, որ քրդերը եւս մեղավոր են ցեղասպանության եւ կոտորածի համար: «Այս ողբերգական իրադարձությունների մեջ մենք էլ ունենք մեղքի մեր բաժինը»,- նշել է գրողը հարցազրույցներից մեկում:

Շնորհանդեսին հաջորդած քննարկման ժամանակ զեկույցով հանդես են եկել մի շարք մտավորականներ՝ ազգությամբ քուրդ, գերմանացի եւ այլն:

Մարաշլըի գիրքը բաղկացած է մի քանի բաժիններից: Գրքի առաջին մասում հեղինակն անդրադառնում է պատմական իրադարձություններին: Երրորդ մասը վերնագրված լինելով «1915 թվականի ցեղասպանություն»՝ նկարագրում է ցեղասպանության նախապատրաստումը, ընթացքը եւ ընթերցողի ուշադրությունը հրավիրում հետեւանքների ու արդյունքների վրա: Այս բաժնում առանձնացված ենթավերնագրերի մեջ գրողը քննության է դնում ներգաղթի հրամանը, դրա գործադրման եղանակները, ցեղասպանության մեջ հասարակաքաղաքական պատասխանատվության խնդիրները, ինչպես նաեւ գերմանացի զինվորների ունեցած դերը եւ այլն:

Գրքում Մարաշլըն քննարկում է մշակութային ցեղասպանությունը, ասիմիլյացիոն քաղաքականության հարցը:

Նմանատիպ միջոցառումներով հաճախ է հանդես գալիս Ռեջեփ Մարաշլըն եւ հանդիսատեսի ուշադրությունը հրավիրում իր քննարկումների եւ եզրահանգումների վրա:

Ռ. Մարաշլըի մասնակցությամբ հաջորդ քննարկման մասին այս անգամ գրում է etha.com կայքը: Կայքի փոխանցմամբ, Բելգիայի Դեմոկրատ հայերի միության կողմից կազմակերպվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված սեմինար. «Սեմինարն սկսվեց ցուցադրությամբ: Երբ էկրանին արտացոլվեցին 1915 թ. տեղի ունեցած ցեղասպանության տեսարանները, դահլիճում հուզմունք նկատվեց»,- գրված է կայքում:

«Գերմանիան իր բաժինն ունի ցեղասպանության մեջ»

Ցուցադրումից հետո ելույթով հանդես է եկել Ռեջեփ Մարաշլըն, որը Հայոց ցեղասպանության պատմական գործընթացը լուսաբանելով հայտնել է, որ «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության հիմքում ընկած են եղել ցեղասպան գործողություններ: Մարաշլըն նշելով, թե այն օրերին, երբ «Միություն եւ առաջադիմություն» կուսակցությունը կազմակերպում էր Հայոց ցեղասպանությունը, աջակցություն էր ստանում գերմանական կայսրությունից, հայտնել է նաեւ, որ Հայոց ցեղասպանության ծրագրավորման եւ իրականացման մեջ տեղ են գտել նաեւ գերմանացի սպաները: Մարաշլըն իր ունկնդիրների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տվյալ ժամանակաշրջանում գերմանական պետությունը Օսմանյան կայսրության ռազմավարական գործընկերն էր: Նա նշել է նաեւ, որ պարզապես այս պարագայում Գերմանիայի՝ ցեղասպանության մասին իբր անտեղյակությունը անհնար է:

«Անատոլիայի ժողովուրդները թուրքացվել են»

Ռեջեփ Մարաշլըն նշեց, որ հեղափոխական շարժման մեջ առաջին անգամ Հայոց ցեղասպանության դեմ հանդես է եկել Իբրահիմ Քայփաքքայան, իսկ հեղափոխական խմբերը կողմ են արտահայտվել ազատագրական պատերազմներին՝ ընդհանրապես: Մարաշլըն հավելել է նաեւ, որ ջանացել են Անատոլիայի ժողովուրդներին նախ մահմեդականացնել եւ ապա՝ թուրքացնել, եւ որպես հիմնավորում հիշեցրեց, որ Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Վեջդի Գյոնյուլը 2008 թ. Բրյուսելում կայացած մի ժողովում ասել էր. «Եթե այն օրերին նման շարժում չլիներ, այսօր մեզ մոտ թուրքերեն խոսող ոչ մի մարդ չէր լինի»: «Սխալ է այն պատկերացումը, որի համաձայն՝ կոտորածների կամ ցեղասպանության մեջ ժողովուրդները պատասխանատվություն չեն կրում»,- ասել է Ռ.Մարաշլըն՝ իր ասելիքը հիմնավորելով այն պարզ բացատրությամբ, որ կոտորածից հետո այդ անմեղ զոհերի վաստակը մնում է սպանող երկրի բնակչությանը, որն էլ տիրանալով ունեցվածքին՝ կարող է ժխտել իսկությունը: Այս անգամ էլ Մարաշլըն մեղադրականով հանդես եկավ Գերմանիայի եւ քրդերի դեմ, սակայն, հավելեց, որ եղել են քրդեր, որոնք կոտորածից հետո վերադարձրել են գույքը իրական տերերին: «Այս մասին խոսելիս Մարաշլըի աչքերին երեւացին արցունքներ»,- գրված է կայքում զետեղված հոդվածում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել