Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

Հունիս 03,2010 00:00

Գեղեցկությունը ներդաշնակության մեջ է, ոչ թե չափերի: Պլաստիկ եւ էսթետիկ վիրաբուժությանը շատերն են դիմում, բայց ոչ բոլորի դեպքում է ցանկությունը համապատասխանում բժշկի կարծիքին: Մասնագետները պնդում են, որ վիրահատությունը պետք է նախեւառաջ համապատասխանի տվյալ մարդու կառուցվածքին:
«Դե ֆակտո» ակումբում երեկ ոլորտի մասնագետները խոսեցին պլաստիկ վիրահատության նկատմամբ հասարակության մոտեցման եւ դրա հնարավոր հետեւանքների մասին: Ընդգծելով, որ վիրահատությունն ինքնին բարդ եւ պատասխանատու պրոցես է, նշվեց, որ հետվիրահատական բարդություններից ապահովագրված չէ ոչ ոք:
Գեղեցիկ լինելու ցանկությունը միշտ եղել է, կա ու կլինի: Հայաստանում պլաստիկ վիրաբուժության պահանջարկը գնալով աճում է: Բայց չպետք է մոռանալ, որ վիրահատության միջոցով դրան հասնելու համար պետք է պատրաստ լինել ամեն ինչի:
Նշելով, որ յուրաքանչյուր վիրահատություն իրենից մեծ պատասխանատվություն է պահանջում, Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Հովհաննիսյանն անդրադարձավ այցելուների ցանկություններին, որոնք հաճախ աբսուրդային են լինում:
Ա. Հովհաննիսյանի ձեւակերպմամբ. «Գալիս են երիտասարդ աղջիկներ՝ Ջենիֆեր Լոպեսի կամ Պամելա Անդերսոնի նկարով, ասում են՝ այսպիսի ուրվագծեր ենք ուզում: Փորձում ենք բացատրել, որ այդ աստղերի մոտ նման վիրահատությունները կոմերցիոն նպատակներով են արված, այսինքն՝ նրանք գեղեցիկ կրծքով ծովափով վազելու համար մեծ փողեր են աշխատում: Դա միշտ չէ, որ ճիշտ է, փորձում ենք մարդկանց բացատրել, որ ճիշտ կլինի՝ վիրահատությունները կատարվեն բժշկական ցուցումներով եւ դուրս չգան դրա սահմաններից: Ի վերջո՝ գեղեցկությունը ներդաշնակության մեջ է եւ ոչ թե չափերի: Ցանկացած վիրահատություն՝ լինի կրծքի, թե դեմքի, կամ որեւէ այլ հատվածում, պետք է համապատասխանի տվյալ մարդու մարմնի չափերին, ուրվագծերին»:
Իսկ թե որոնք են պլաստիկ վիրահատություններից Հայաստանում ամենապահանջվածները՝ «Նաիրի» բժշկական կենտրոնի պլաստիկ- էսթետիկ վիրաբույժ Աշոտ Զարգարյանը թվարկեց դրանք ըստ պահանջարկի եւ հաջորդականության. «Իհարկե, Հայաստանում առաջին տեղում է քթի վիրահատությունը եւ հիմնականում կանանց եւ աղջիկների շրջանում: 2-րդ տեղում կանանց կրծքի վիրահատությունն է, տղամարդկանց՝ որովայնի շրջանի լիպոսակցիան: Իսկ 3-րդ տեղում կոնտուրային պլաստիկան է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել