Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՍ

Հունիս 29,2010 00:00

Քաղաքիս դեմքը, նախ ու գրեթե միշտ, Մաշտոցի պողոտայում գտնվող գրասենյակիս լուսամուտից է ինձ պատկերանում:

\"\"

Հունիսյան, սպասվածից ավելի գաղջ, ետկեսօր է ու մերթընդմերթ հայացքս գցում եմ պողոտային՝ անցորդների քայլվածքից ու ծառերի ստվերներից որսալու արեւի նահանջն ու հասկանալու դրսի անցուդարձը: Նաեւ Ամերիկայից իբրեւ զբոսաշրջիկ վերադարձած մորաքրոջս եմ սպասում ու մտածում, որ Օպերան շրջափակած սրճարաններից մեկում կշարունակենք երեկոն:
Իսկ լրահոսը «գուժել» է, որ ստորգետնա կայանատեղիի շինարարությունից ազատագրված Թատերական հրապարակում, ի պաշտպանություն քաղբանտարկյալների, նստացույց է լինելու, որին մասնակցելու է նաեւ ընկերս՝ հայտնի գրողը: Արցախյան պատերազմը նաեւ նրա գրականությունով է մտել մաշկիս տակ ու լացելու չափ սիրել եմ այն հրամանատարին, որ Օմարի լեռներում, շրջափակման յոթերորդ օրը, նահանջած թշնամու ջրհորից առաջինն ինքն է ջուրը խմել ու հետո զինվորներին թույլ տվել: Հիմա նա քաղբանտարկյալ է (պաշտոնական մամուլը հավանաբար չակերտների մեջ կդներ այս բառը):
Պողոտայից՝ ոստիկանական մեքենաներից արձակվող աղմուկ է լսվում: Չեմ սխալվում՝ նրանք դարձյալ խմբված են ու շարունակում են ստվարանալ Օպերայի մուտքի մոտ: Ես ոչ զարմանում եմ, ոչ էլ՝ անհանգստանում, սովորել եմ. այսպես է գրեթե քսան տարի, բոլորի ժամանակներում:
Մորաքույրս դեռ չկա, արեւի գույնն արդեն խոնարհ է, Օպերայի ծառերն ավելի զվարթ են ու երկնուղեշ, իսկ անցորդները՝ ավելի շատ ու կայտառ: Այդ ժամին գրեթե միշտ այդպիսին է քաղաքիս դեմքը: Աչքս ընկնում է պողոտայում անսպասելիորեն հայտնված «պազիկներին» (մեր օրերում միայն անվճարունակ պատվիրատուներն ու մեկ էլ պետական կառույցներն են սրանց ծառայություններին դիմում): «Պազիկներից» եռագույն հագուստով ու նաեւ տարազներով երեխաներ են փութով իջնում: Ես էլի չեմ զարմանում, ոչ էլ՝ անհանգստանում եմ:
Մորաքույրս արդեն եկել է ու ուղղվում ենք քաղաքիս վերջին քսանամյակի ամենաակնառու «նվաճումներից» մեկը՝ Օպերան երիզող որեւէ սրճարան: Բայց նախ հարթակի մոտով կանցնենք, մտածում եմ ես, փայփայելով գրող ընկերոջս տեսնելու հեռանկարն ու նաեւ բավարարելու պարզ մարդկային հետաքրքրությունս՝ որքան են հավաքվածները:
Թատերական հրապարակում, թռչող ափսեի անակնկալությամբ հայտնված հարթակից շինծու խանդավառությամբ ինչ-որ մեկը մայրաքաղաքի մանկապատանեկան ստեղծագործական տների հաշվետու համերգի մասին է հայտարարում եւ միմյանց են հաջորդում եռագույն հագուստով ու նաեւ տարազներով երեխաներ՝ մերկացնող արեւի տակ, անորոշ ու անհասցե հայացքով երգելու «Երազ իմ երկիր», «Ծիրանի կորիզ» ու էլի նման ծանոթ բաներ:
Թատերական հրապարակում այդ ժամին իրենց մշտական տեղերը զբաղեցրած, բոլորի ժամանակներում հախուռն ու սեւեռուն չրթող երեւանցիներ են, այդ երգերն իրենց զավակների կատարմամբ հարյուր ու մեկ անգամ լսած երեխաների ծնողներ, այդ նույն երգերը այդ երեխաներին սովորեցրած մի քանի տասնյակ ուսուցիչներ եւ նույն ուսուցիչների ներկայությունը ներկա-բացակա անող տնօրեններ: Քիչ հեռվում, ծառերի տակ՝ արեւից պաշտպանված, ու այս ամենը հաջողացրածի ու վաստակածի գոհունակությամբ վերահսկող, քաղաքացիական հագուստով բարձրաստիճան ոստիկաններ են, Երեւանի փոքր ու մեծ, փողկապավոր ու կոճկված ղեկավարությունը:
Ուսուցիչների կղզյակ-կղզյակ խմբերից մեկից պոկվում է «համարձակ» համակուրսեցիս ու ականջիս շշնջում՝ զզվել եմ: Այս նույն բառը նա ասում է նաեւ ընտրությունից ընտրություն եւ բոլորի ժամանակներում էլ ամեն ինչ անում հայտնվելու ընտրական հանձնաժողովում՝ հավատարմորեն ծառայելու հերթական հաղթողին:
Համերգի ու սրճարանի «անձնական» երաժշտության ժխորի մեջ չհաջողված «Նախարարական լանգետ» եմ ուտում մորաքրոջս հետ ու գրեթե չեմ կարողանում խոսել: Արդեն տասը տարի Միացյալ Նահանգներում հաստատված ամերիկացի մորաքրոջս դեմքը մեր Աշնակ գյուղի արեւի տակ չորացրած ծիրանի չրի գեղեցկությունն ունի ու նա ինձ պատկերվում է սասունցու այն զոլավոր ու ասեղնագործ տարազով, որով հեռավոր 1957 թվականին, Մոսկվայի երիտասարդական համաշխարհային փառատոնից ոսկե մեդալ էր բերել մեր, այն ժամանակ պինդ ու փոքր գյուղին ու Հայաստանին: Ավելի ճիշտ՝ խոսում ենք, բայց չունեմ հարցը՝ ի՞նչ ես կորցրել Ամերիկայում: Եվ նաեւ չեմ հասկանում՝ իրե՞ն եմ ավելի շատ խնայում, թե՝ ինձ:
Օտարալեզու դպրոցների դեմ ելույթս պիտի պատրաստեմ, մտածում եմ ես ու նաեւ օրն ավարտելու պատճառ փնտրելով՝ դուրս ենք գալիս սրճարանից: Թատերական հրապարակում երեխաները դեռ երգում են «Երազ իմ երկիր», «Ծիրանի կորիզ» ու էլի նման ծանոթ երգեր:
Անցնում եմ Օպերայի մյուս կողմը. Բաղրամյան պողոտայում գտնվող տանս ճանապարհն անցնում է Ֆրանսիայի հրապարակով, որ վերջերս է անվանակոչվել՝ ի հավատարմություն եվրոպական արժեքների: Ականջիս նույն ոստիկանական աղմուկն է ու բոլորի ժամանակներում՝ արդեն քսան տարի չդադարող միտինգային բվվոցը:
«Միտինգն արտոնված չէ, խախտում եք հասարակական կարգն ու Թատերական հրապարակում ընթացող համերգը»՝ մեգաֆոնից ազդարարում է ոստիկանն ու նրա ձայնը գնալով խլանում է՝ կուլ գնալով «Արամ Խաչատրյան» համերգասրահի աստիճաններին համոզիչ տեղավորված ցուցարարների շարքերում: Ականջիս է հասնում բոլորի ժամանակներում նույն մեղեդին ունեցող «Ա-զա-տու-թյուն» բառն ու խառնվում մյուս կողմից եկող «Երազ իմ երկրի» անկեղծ ու անտեղյակ ձայնին:
Ի՜նչ ծանոթ է այս ամենը. 95-ին ես էի վանկարկում «Ա-զա-տու-թյուն», որովհետեւ լացելու չափ սիրում էի քաղբանտարկյալ ընկերոջս ու բանտախցի ճաղերից պարզած նրա եռագույնի հետ հայրենիքս մեկընդմիշտ մտել էր մաշկիս տակ:
Ոստիկանների ու ցուցարարների միջեւ ընկած հատվածում ծանոթիս հետ զրույցի եմ բռնվում՝ ցուցարարների մեջ զգուշորեն փնտրելով գրող ընկերոջս ու փորձելով հասկանալ, թե որքան են հավաքվածները: Արդեն տասը տարի Ամերիկայի քաղաքացի մորաքույրս անհանգիստ շուրջն է նայում ու ականջիս շշնջում՝ քեզ կնկարեն: Ավարտում եմ զրույցս ու հայաստանցի մնացած ԱՄՆ անձնագրով աշնակցի մորաքրոջս հետ դուրս գալիս Ֆրանսիայի անունը կրող հրապարակից: Ես լուռ եմ ու չեմ հասկանում՝ իրե՞ն եմ ավելի շատ խնայում, թե՝ ինձ:
«Ա-զա-տու-թյան» ու «Երազ իմ երկրի» միջեւ թափառող մտքիս մեջ հաջորդ օրվա ելույթս եմ գրում՝ ընդդեմ օտարալեզու դպրոցների ու, ինչպես միշտ, քնելուց առաջ մրմնջում՝ «Տուր ինձի, Տեր, երջանկություն անանձնական»:
«Կըր-թու-թյունը հա-յե-րեն» եւ «Առաջ Հայաստան» ճշմարտությունների խաչմերուկում, Հայոց ամենասուրբ սրբերի՝ Սահակի ու Մաշտոցի օրը խորհրդարանական անհաղորդ ու անցավ մեծամասնությունն ընտրում է օտարալեզու դպրոցը:
Մայրենիի ու «Երազ իմ երկրի» միջեւ թափառող միտքս վիրավոր է ու զարմացած: Անկախության 20-րդ տարում, ազգային արժանապատվությունն ու պետականությունը նսեմացնող այս ի՞նչ հանգրվանի հասանք. տրոփում է ուղեղս ու ականջներիս մեջ սղոցվում կրթության նախարարին (բարեկամիս, այո՛, բարեկամիս) ուղղված «դա-վա-ճան» վանկարկումը:
Խաբվելու ու լավատեսության պաշարները չսպառած հայերի մի խումբ շաբաթ օրը Ազնավուրի հրապարակում (ինչպիսի՜ հավատարմություն ազգային ու համամարդկային արժեքներին) համերաշխության համերգ է կազմակերպելու՝ ի պաշտպանություն ազգային դպրոցի: Գնալու եմ՝ պաշտպանելու վիրավորված ազգային դպրոցս, լինելու ազատամարտիկ-երգիչ ընկերներիս (է՞ս ինչ ներքին թշնամու դեմ ենք պայքարում), Կոմիտասի բանաստեղծությանը չքնաղ մեղեդի նվիրած երգահանի ու էլի ուրիշների կողքին: Արդյո՞ք եկել է մեզ գտնելու ժամանակը, մտածում եմ միամիտս ու լրահոսը «գուժում» է՝ համերգը չի արտոնվում՝ քաղաքի փողկապավոր ու կոճկված ղեկավարությունը նպատակահարմար չի գտնում. նրանք ընտրել են «Առաջ Հայաստանն» ու «Օտարալեզու դպրոցը»:
«Կըր-թու-թյունը հա-յե-րեն»-ի եւ «Առաջ Հայաստան»-ի միջեւ թափառող մտքիս մեջ շարունակ ցավեցնող միեւնույն հարցերն են. պատմությունը ինչո՞ւ այդպես էլ դաս չի դառնում մեզ համար, ինչո՞ւ ենք այդքան խորթ իրար, բա մեր հաղթանակներին ո՞վ պիտի տիրություն անի:
Ու, ինչպես միշտ, քնելուց առաջ մրմնջում եմ՝ «Տուր ինձի, Տեր, երջանկություն անանձնական»:
Բանաձեւից բանաձեւ ապրող ու այդպես էլ ոչինչ չփոխվող Հայաստանում լրահոսը դարձյալ գուժում է՝ ԵԽԽՎ համազեկուցողները Հայաստան կգան 2011 թվականի գարնանը, իսկ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող է նշանակվել շվեդ Գորան Լինդբրադը: Մենք էլի ընդվզում ենք՝ Լինդբրադի անաչառությունն ու հայամետությունը մեզ չի բավարարում (այս անգամ ընդդիմությունն ու քաղաքական մեծամասնությունը զարմանալիորեն համակարծիք են):
Մեր ու Գորան Լինդբրադի ճշմարտությունների միջեւ թափառող մտքիս մեջ էլի ինձ չլքող ու տանջող հարցերն են՝ ե՞րբ ենք մեր պարտությունները մեր մեջ փնտրելու, ե՞րբ է մեր ճշմարտությունը մեկը լինելու, ե՞րբ ենք ապրելու մեզ համար ու մեր ժամանակում, ե՞րբ ենք մեր տերն էլ, ծառան էլ մենք լինելու, ե՞րբ է քաղաքիս ու երկրիս դեմքը խաղաղ լինելու ու ԵՐԿԻՐԸ ԿՈՉՎԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆ:
Եվ ինչպես միշտ, բոլորի պես քնում եմ պատերազմի թեւի տակ ու մրմնջում՝ «Տուր ինձի, Տեր, երջանկություն անանձնական»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել