Լրահոս
Օրվա լրահոսը

Սխալ գրքերով են ֆրանսերեն սովորում

Հունիս 29,2010 00:00

Երեկվանից Հայաստանում Ֆրանսիական համալսարանում մեկնարկել է ֆրանսերեն դասավանդողների 8-րդ ամենամյա սեմինարները, որն իրականացվում է «Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի», «Հայկական ալիանս Ֆրանսեզ» կրթամշակութային կազմակերպության, ՀՀ ԿԳՆ-ի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ: Սոֆիայում վերապատրաստված մասնագետները մեկ շաբաթ շարունակ կվերապատրաստեն հայաստանցի կոլեգաներին:
«Առավոտի» հետ զրույցում Ֆրանկոֆոնիայի համաշխարհային կազմակերպության ֆրանսերենի դասավանդման ծրագրերի պատասխանատու Վեղոնիկ Ժիղան անդրադարձավ հայաստանյան կրթահամակարգում ֆրանսերենի դասավանդման ոլորտում նոր մեթոդների եւ հին ուսումնական նյութերի հակասությանը. «Ուսումնաօժանդակ նյութերը պիտի նոր մեթոդոլոգիայի հետ համահունչ լինեն, այնինչ՝ ձեր կառավարությունն օգտագործում է ռուսերենից թարգմանված ֆրանսերենի դասագրքերը, որոնք բավականին հնացած են: Գուցե Հայաստանում այլ դասագրքեր գրվեն, որոնց համար Հայաստանը այսպես թե այնպես Համաշխարհային բանկից գումար է ստանում»: Մեր զրուցակիցը ասաց, որ առաջիկայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը այս ուղղությամբ եւս աշխատանքներ կտանի: Ֆրանսերեն լեզվի դասավանդող, Սոֆիայում վերապատրաստված Կարինե Ասատրյանը այլ մասնագետների կվերապատրաստի ավելի խորքային մակարդակների ֆրանսերենի դասավանդման բնագավառում: Իսկ այն հարցին՝ դեռ ի՞նչ անելիքներ կան այս ոլորտում, նա նշեց. «Յուրաքանչյուր բնագավառում դասավանդման մեջ միշտ դեռ անելիքներ լինում են՝ պայմանավորված նորություններով: Իսկ ուսումնաօժանդակ նյութերի խնդիր այսօր գրեթե չկա, քանի որ աղբյուրներից մեկը ինտերնետն է»:
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ֆրանսերեն լեզվի դասախոս, ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդումը նախադպրոցական եւ տարրական դասարաններում թեմայով վերապատրաստող Արմեն Բաղդասարյանն էլ նկատեց. «Մեկ անգամ վերապատրաստումը որեւէ խնդիր չի լուծում, դա պիտի լինի շարունակական»: Մեր այն դիտարկմանը, թե ուսուցիչները դժգոհում են, որ վերապատրաստման ժամանակ ստացած գիտելիքները չեն կարողանում կիրառել, նա պատասխանեց. «Դպրոցը չունի այն ուսումնաօժանդակ նյութերի անհրաժեշտ պաշարը, որ կարողանա այդ ամենը վերափոխել: Դպրոցում գործում են կոնկրետ ծրագրեր, որոնք հաստատված են ԿԳՆ-ի կողմից եւ ակադեմիական են: Իսկ վերապատրաստումների ընթացքում աշխատում ենք հաղորդակցական մոտեցումների վրա, որ դասավանդողը հնարավորինս բնական պայմաններ ստեղծի վաղ տարիքից լեզուն սովորող երեխաների համար: Այլ հարց է, թե ամառային վերապատրաստումից հետո մինչեւ սեպտեմբեր ուսուցիչները որքանո՞վ մտապահած կլինեն ստացած գիտելիքները: Եվ, ընդհանրապես, մասնագիտության ոլորտում հետաքրքրության ավելցուկը վնաս չի տա ոչ ոքի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել