Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր, ԹԵ՞ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՀԵՂ ԴԱՏԱՍՏԱՆ

Օգոստոս 13,2010 00:00

Հին Հայաստանում օգոստոսի 11-ին տոնում էին Նավասարդը՝ Նոր տարվա գալուստը: Այդ տոնակատարությունների ժամանակ կազմակերպվում էին նաեւ մարզական մրցություններ, որոնցում երիտասարդները ցուցադրում էին իրենց բազկի, մտքի եւ հոգու կարողությունները։
2010 թվականի օգոստոսի 11-ին՝ Նավասարդի օրը, մերօրյա Հայաստանում նույնպես մրցություններ էին. մայրաքաղաքի երկու մարզադաշտերում մեր ազգային ու երիտասարդական հավաքականներն էին դաշտ դուրս եկել՝ ցուցադրելու, ապացուցելու, վաստակելու…
Չստացվե՜ց: Ցուցադրելու բան չկար, ապացուցելու համար ուժ էր պետք, վաստակելու համար… գոնե հաջողություն ու մեկ էլ՝ մարզական կարգապահություն:
Չստացվեց նախ երիտասարդների մոտ: Տղաներն աշխատում էին, ստեղծում գոլային պահեր, բայց չէին անում ամենակարեւորը: Ու հնարավորություններն այդպես էլ գոլի չէին վերածվում: Իսկ պաշտպանությունում թույլ տված հաճախ մանկական սխալները մրցակցի հաջողության պատճառ էին դառնում: Այդպես, առաջին խաղակեսի 36-րդ րոպեին մեր դարպասապահ Էդվարդ Հովհաննիսյանը կանոնների խախտումով կասեցրեց Տոռնիկե Օկրիաշվիլու անցումը, ինչի արդյունքում վրացիները 11-մետրանոց տուգանային հարվածի իրավունք վաստակեցին: Մրցակցի կազմում վրացական ֆուտբոլի ծագող աստղ Ջանո Անանիձեն էլ առանց մեծ դժվարության բացեց խաղի հաշիվը: Մինչ ընդմիջում՝ մերոնք հաշիվը հավասարեցնելու մի քանի լավ հնարավորություն ունեցան: Բայց չօգտվեցին: Իսկ երկրորդ խաղակեսի մեկնարկում արդեն նույն Անանիձեի փոխանցմամբ Մատե Վացաձեն կրկնապատկեց հաշիվը: Վրացիները երրորդ գնդակը մեր դարպասն ուղարկեցին 81-րդ րոպեին՝ ծաղրուծանակի ենթարկելով Հայաստանի երիտասարդական հավաքականի ողջ պաշտպանությունը: Դա, ասես, պատասխան լիներ մերոնց՝ 11-մետրանոցից հաշվի տարբերությունը կրճատելու դիմաց: Ցավոք, ոչ Հենրիխ Մխիթարյանի այդ գոլը եւ ոչ էլ 85-րդ րոպեին փոխարինման դուրս եկած ու ընդամենը մեկ րոպե անց իր նորամուտը գոլով նշած Վալտեր Պողոսյանի գնդակները Սերիցլեւի թիմին չփրկեցին: Մեր տղաները 2:3 հաշվով պարտվեցին մրցաշարային աղյուսակում մեզանից ետ ընթացող հավաքականին, այն էլ՝ սեփական հարկի տակ, այն էլ՝ ճիշտ էն ժամանակ, երբ հաղթանակը մեզ օդ ու ջրի պես էր պետք:
Ու եթե երիտասարդների պարագայում այդ օդն ու ջուրը մրցաշարային աղյուսակի թելադրանքով էր անհրաժեշտություն, ազգային հավաքականի դեպքում՝ մարզասերների առջեւ պատիվը փրկելու՝ օդ ու ջրի պես անհրաժեշտ ռեաբիլիտացիոն շրջանի պահանջով: Մեր գլխավոր թիմը շատ ու շատ հանդիպումներում իր երկրպագուներին պիտի ապացուցեր, որ նախորդ մրցաշրջանը արդեն անցյալ է, որ այս անգամ ավելիին էր ունակ, որ թարմացված կազմով կհասնի հաջողությունների՝ գոնե այն դեպքում, երբ ոչ ամենաուժեղ մրցակից Իրանի հավաքականը, մեղմ ասած, ամենաթույլ կազմով էր Հայաստան ժամանել:
«Հրազդան» մարզադաշտում կայացած այս հանդիպումը, սակայն, ի տարբերություն երիտասարդականի, առաջին խաղակեսից հետո հույսեր տվեց ֆուտբոլասերին: Հաճախ չի պատահում, որ մեր ազգային թիմը ընդմիջման է գնում ոչ միայն խաղային, այլեւ՝ գոլային առավելությամբ: Ու դրա «մեղավորն» էլ մեկ տարով ֆուտբոլից հեռացված ու Վարդան Մինասյանի խնդրանքով վերականգնված ձախ պաշտպան Աղվան Մկրտչյանն էր: Հենց նրա հարվածը հանդիպման 38-րդ րոպեին ցնծություն պարգեւեց «Հրազդանի» տրիբունայում հավաքվածներին: 51-րդ րոպեին էլ մերոնք Մարկոսի վաստակած 11-մետրանոցի շնորհիվ հաշիվը կրկնապատկելու հնարավորություն ունեին: Գնդակին նախ մոտեցավ Մանուչարյանը, ապա՝ զիջեց տեղը Իրանի առաջնությունում հանդես եկող Լեւոն Պաչաջյանին, ում հարվածն էլ դարպասապահը առանց մեծ դժվարությունների ետ մղեց: Հետագայում այս դրվագը բազմաթիվ քննարկումների առիթ դարձավ: Ինչպես հետխաղյա մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ Պաչաջյանը դրանով խաղային անկարգապահություն էր ցուցաբերել, քանի որ, ըստ մարզչական ցուցումների, դրա իրավունքն ունեին Էդգար Մանուչարյանն ու Մարկոսը: Պաչաջյանը հանդիպումից հետո, իհարկե, ներողություն է խնդրել, սակայն դա արդեն որեւէ կերպ չէր փոխելու ոչ դրվագի ելքը ու ոչ էլ՝ հանդիպման հետագա սցենարը, որ դասավորվեց մեր թիմի համար ավելի քան վատ: 67, 69 եւ 94-րդ րոպեներին Իրանի հավաքականի ֆուտբոլիստները գրավեցին Ստեփան Ղազարյանի պաշտպանած դարպասը: Ընդ որում, վերջին գնդակը իրանցիները խփեցին մերոնց թվային առավելության պայմաններում. 78-րդ րոպեին իսպանական «Օսասունայի» ֆուտբոլիստ Ջավադ Նեկումանը մրցավարի հետ վիճելու պատճառով հեռացվել էր խաղադաշտից:
Շատերը կասեն, թե այս երկու խաղերը չիրականացված հնարավորությունների հանդիպումներ էին: Բայց, ինչպես հետխաղյա մամլո ասուլիսի ընթացքում նշել էր երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը. «Պետք է կարողանաս հաղթել, երբ հարյուր տոկոսանոց 17 գոլային պահ ես ստեղծում, որովհետեւ միջազգային խաղերում առավելագույնը գոլային 6-7 ռեալ հնարավորություն կարող ես ունենալ»։ Ու սա վերաբերում է մեր թե ազգային ու թե երիտասարդական հավաքականներին, վերաբերում է ոչ միայն ֆուտբոլիստներին, այլեւ՝ մարզիչներին: Ֆուտբոլիստի անկարգապահությունը խաղադաշտում նաեւ մարզչին է վերաբերում: Իրավիճակը վերահսկելու ունակության մասին է խոսքը: Իսկ այս ամենի թերացումը բերեց հինգ ժամում Հայաստանի հավաքականների դարպասը ընդունած 6 գնդակի ու 1 երեկոյի համար՝ 2 ցավալի պարտության…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել