Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱՍԱԿԱՆ ԿԱՐԾԻՔՆԵՐ. ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ՄԱՍԻՆ

Օգոստոս 13,2010 00:00

Նշվե՞ց Երիտասարդության միջազգային օրը

1999 թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ օգոստոսի 12-ը հռչակվել է Երիտասարդության միջազգային օր: Դեռ 1998 թ., Լիբանանում տեղի ունեցած Երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի ժամանակ առաջարկվեց երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի մասին երիտասարդության իրազեկության բարձրացմանը նպաստելու նպատակով նշանակել երիտասարդության օր: Իսկ աշխարհում առաջին անգամ երիտասարդության օրը նշվել է 2000 թ. օգոստոսի 12-ին, որին միացել է նաեւ Հայաստանը:
«Առավոտը» շնորհավորելով հայ երիտասարդներին, զրուցեց մի քանիսի հետ:
Երաժիշտ, DJ Արիկի խոսքով, չնայած դժվարություններին, հայ երիտասարդն այսօր արդեն կարողանում է իրեն գտնել յուրաքանչյուր միջավայրում եւ ինքնուրույն լուծել սեփական խնդիրները. «Մեծ առաջընթաց է նկատվում հայ երիտասարդների շրջանում: Սա ուղղակի գովք չէ, բայց թե աղջիկները եւ թե տղաները արդեն սկսել են մտածել ճիշտ ապրելու մասին: Նրանց արդեն հետաքրքրում եւ անհանգստացնում է՝ ինչ հագնել, ինչ ուտել, ինչ երաժշտություն լսել, ու շատ այլ հարցեր: Փոփոխութուն կա երիտասարդների հատկապես հագուկապի հետ կապված: Օրինակ, մի քանի տարի առաջ, երբ զբոսաշրջիկ կամ սփյուռքահայ էր քայլում փողոցում, անմիջապես նկատվում եւ առանձնանում էր իր հագուկապով, սանրվածքով, պահվածքով: Այսօր չես տարբերում տեղացուն եւ օտարերկրացուն: Փոխվել է նաեւ մտածելակերպը: Եթե ժամանակին երիտասարդ տղաները մտածում էին, թե իրենց ով կտեղավորի մի տեղ աշխատելու կամ ով փող կտա, որ ինքն ապրի՝ այժմ ամեն երկրորդ երիտասարդ տղա թեկուզ փոքր, բայց բիզնես ունի, անընդհատ պրպտումների մեջ է, որ ինչ-որ բան ստեղծի»:
Թե ինչ խնդիր ունի հայ երիտասարդը իր պետության ներսում, մեր զրուցակիցները նշում են՝ հնարավորությունների սահմանափակ լինելը: Ըստ DJ Արիկի, խնդիրներ միշտ էլ, բոլոր ժամանակներում էլ երիտասարդները կունենան, միայն թե՝ «երբեք հայ երիտասարդը հույսը չի կտրում, որ մի օր լավ է լինելու իր համար»:
Հագուկապով օտարներից չտարբերվելու առանձնահատկությունը գրավել է նաեւ երգիչ Հայկ Կասպարովի ուշադրությունը: Նա նշում է, որ իրեն ուրախացնում է հատկապես երիտասարդների՝ դեպի Եվրոպա դառնալու ձգտումը. «Երիտասարդության մի զանգված սկսել է ապրել ազատ, եվրոպացու կյանքով, դա նշանակում է՝ հայերը զարգանում են, շատ հարցերին այլ կերպ են նայում, սկսում են գնահատել այն, ինչ կյանքը տալիս է: Բայց մի մասն էլ դեռ մնացել է նույնը՝ տեղում դոփում է»: Հետաքրքրվեցինք՝ պաշտպանված եւ ապահովվա՞ծ են արդյոք հայ երիտասարդները, Հայկն իր իսկ անձնական փորձից ելնելով ասաց. «Ոչ: Այդ պատճառով էլ երիտասարդության մեջ ձգտում կա դեպի դուրս, ու դրանում իրենք մեղավոր չեն. պետությունն է մեղավոր: Մի Հյուսիսային պողոտա եւ Օպերա ունենք, երիտասարդներն իրենց ժամանակն անցկացնում են այդտեղ քայլելով: Բարձրագույնը նոր ավարտած երիտասարդը փողոցում ընկերուհու կամ հարազատի հետ զբոսնելով է սպանում իր օրերը, որովհետեւ 5 տարի սովորելուց հետո, ամեն գործատու տարիների աշխատանքային փորձ է պահանջում, որ աշխատանքի ընդունի: Ես էլ եմ ուսանող եղել ու անցել բոլոր այդ խնդիրների միջով: Ու կարծում եմ՝ երիտասարդին նորմալ կյանք ապահովելու համար «վերեւներում» պիտի մտածեն»:
Բլոգեր, լուսանկարիչ, paparazzi. am կայքի հիմնադիր Արթուր Վարդանյանն էլ կարծում է, որ երիտասարդության արական սեռը մտածելակերպով դեռ չի զարգացել եւ դժվար էլ զարգանա. «Ես չեմ կարողանում շփվել հայ բարդույթավորված տղաների հետ: Նրանք ցուցադրաբար ապրում են այնպես, ասես այս քաղաքում ոչ մի պրոբլեմ չունեն, բայց իրականում նրանց ամբողջ կյանքը պրոբլեմ է: Եթե ցանկանաս որեւէ հաճելի տեղ գնալ, նորմալ մարդուն վայել շրջապատում լինել, միեւնույն է, կհայտնվի մեկը, ու մեկ րոպեում հարամ կանի ամբողջ օրդ, տրամադրությունդ: Իմ կարծիքով, ինչքան էլ հայերը GUCCI հագնեն՝ միեւնույն է, հենց գործը հասնում է ինչ-որ հարց լուծելուն, նույն «քյարթն» են»: Պարսկահայ Արթուրը դժգոհեց նաեւ Հայաստանում սփյուռքահայերի նկատմամբ երիտասարդների անլուրջ վերաբերմունքից. «Բոլորը խաբում են, մտածում՝ դե սփյուռքահայ է, կարող ենք գցել… Գրեթե բոլոր երիտասարդների մտքին միայն մի բան է՝ գցելը. անգամ շոու-բիզնեսում է այդպես: Բոլոր երգիչներն էլ գցող են: Ամեն մեկը մտածում է, թե որտեղից մի երիտասարդի գտնի, հիմարեցնի, աշխատենցի ու փող չտա: Այս խնդիրը միայն ես չունեմ, այլ երիտասարդության այն զանգվածը, ովքեր ոչ պատգամավորի եղբոր երեխեք են եւ ոչ էլ աներես, որ կանգնեն ու բերանով փող ուզեն»:
21-րդ դարի երիտասարդության հոգեբանության մասին խոսեցինք երիտասարդ հոգեբան Դիաննա Սարգսյանի հետ: Նրա փոխանցմամբ, 18-25 տարեկան ժամանակակից երիտասարդներն ապրում են ինքնանպատակ. «Այսօրվա տղաների եւ աղջիկների հոգեբանությունը երկու կողմով է կերտվում՝ մի կողմում այն երիտասարդներն են, որոնք շատ համարձակ են, ազատ, ձգտումով, մյուս կողմում՝ հոսանքների ազդեցության տակ արագ ընկնող, կախվածություններով ապրողները: Երիտասարդներն ունեն երկու տիպի դիրքորոշում՝ շատ ժամանակակից են, պատրաստ հաղթահարելու ամեն տեսակի խոչընդոտ, եւ այս ամենի հետ մեկտեղ շատ հեռու՝ հայի ինքնություն, ազգ, հայրենիք, մշակույթ հասկացություններից»: Հոգեբանի բնութագրմամբ, այսօրվա երիտասարդն ապրում է՝ որտեղ հաց, այնտեղ կաց սկզբունքով. «Հայ երիտասարդը չունի պաշտպանվածության զգացում, այսինքն՝ իրեն իր հողի վրա ապահով չի զգում, հանգիստ չէ ապագայի համար: Երբ ուսանողական տարիներն ավարտվում են, եւ երիտասարդը ոտք է դնում պատասխանատվության, աշխատանքի, վաստակի շրջան, նրաց մոտ առաջանում են աշխատանք չգտնելու, ըստ արժանվույնս չվարձատրվելու վախեր: Պետությունն էլ փոխանակ ապահովի երիտասարդի ապագան, ուշադրություն է դարձնում միայն բուհն ավարտած ուսանողի մագիստրոսի աստիճան ունենալուն. դրանից ավելի ոչինչ չի արվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել