Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկեղծ՝ ուզում էի դեսպան լինել»

Սեպտեմբեր 07,2010 00:00

Ալ. Բոժկոն՝ Հայաստանի ու հայերի մասին

Երեկ Ազգային գրադարանում բացվեց ՀՀ-ում Ուկրաինայի արդեն նախկին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոյի հրատարակած գրքերի, Ազգային գրադարանին Ուկրաինայի դեսպանատան կողմից նվիրաբերված հրատարակությունների ցուցահանդեսը: Ազգային գրադարանի կողմից էլ հայագետը հայ-ուկրաինական մշակութային կապերի ամրապնդման եւ հայ մշակույթին մատուցած ծառայությունների համար արժանացավ հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի անվան հուշամեդալի: Ալեքսանդր Բոժկոն ավարտել է իր առաքելությունը Հայաստանում եւ վերադառնում է Ուկրաինա: Ինչպես ինքն է նշում՝ ուրախ էր Հայաստանում Ուկրաինայի դեսպան լինելու համար:
Ալ. Բոժկոն ցերեկույթի ներկաներին պատմեց հայերի նկատմամբ իր ունեցած վերաբերմունքի, հայերի համար իր ծավալած գործերի, մտահոգությունների մասին:
«80-ականներին, երբ Հայաստանը շատ դժվար տարիներ էր ապրում, Ուկրաինայում ստեղծեցի «Հայաստանի բարեկամներ» կազմակերպությունը: Հայությունը վատ վիճակում էր, մասնավորապես՝ ղարաբաղյան դեպքերից: Որոշեցի ստեղծել այնպիսի մի կազմակերպություն, որը կօժանդակի եւ կպաշտպանի հայերի շահերը, կօգնի նրանց: Շատ էի ցանկանում հայերին օգնել, փախստականներին տրամադրել կացարաններ: Հայտարարություններում մինչեւ անգամ իմ տան համարն էի գրանցում, որպեսզի զանգ տային ինձ եւ ես օգնեի մարդկանց: Այսօր զարմանքով եմ հիշում, ինչպես եմ այդքան բան հասցրել…»:
Պարոն Բոժկոն նաեւ հիշեց Կիեւում հայկական համայնքի ստեղծման մասին. «80-ականների վերջին Կիեւ եկավ հայկական մի համույթ: Համերգին ներկա էինք նաեւ մենք: Հայտարարում են՝ ելույթ է ունենում այսինչ համույթը, եւ դահլիճում ոչ մի ծափահարություն, ոչ մի ձայն: Մտածում եմ՝ այդպես չի կարելի, պետք է մեկը դուրս գա բեմ, խոսի, ներկայացնի հայերին, ինչպես է դրությունը Հայաստանում եւ այլն: Մեկ էլ ես բարձրանում եմ բեմ, դիմում եմ դահլիճին, ուր հիմնականում հայեր են նստած, ասում եմ՝ մենք բոլորս գիտենք, թե հայերն ինչ վիճակում են, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի օժանդակենք հայերին: Դրա համար պետք է հայերն այստեղ համախմբվեն որպես համայնք: Բարձրաձայն հնչեցնում եմ հեռախոսահամարս, այսպես ստեղծվեց հայկական համայնքը»:
Ա. Բոժկոյի խոսքով, հայագետը պարտավոր է իր ամեն գործով նպաստել հայերի բարօրությանը. «Այնպես է եղել, որ մեր գործունեությունը հասել է իր նպատակին, ստեղծվել է իսկական բարեկամություն՝ գրքի, թարգմանության, ցուցահանդեսների, բարեգործական ծրագրերի միջոցով: Ուկրաինայում այսօր մարդիկ հասկանում են՝ հայն այն ժողովուրդն է, որը հարուստ մշակույթ է ստեղծել, հոգեւոր հարստություն ունի ու կարող է մեծ դեր ունենալ ուկրաինական մշակույթի զարգացման մեջ»:
Նախկին դեսպանը խոստովանեց, որ իր նշանակումը՝ դեսպան Հայաստանում, պատահական չէր. «Դա իմ տարիների աշխատանքի արդյունքն էր: Ես ուզում էի այստեղ լինել դեսպան, անկեղծ ուզում էի… Որպես դեսպան աշխատում է այն մարդը, որը լիարժեք տիրապետում է պետության, ժողովրդի խնդիրներին»:
Բազմաթիվ հրատարակությունների, թարգմանությունների հեղինակը նշեց, որ պատրաստվում է Հայաստանի պատմության մասին առանձին գիրք լույս ընծայել Ուկրաինայում. «Այդկերպ այլ աղբյուրներից ուկրաինացիները չեն օգտվի: Սա խիստ անհրաժեշտ է յուրաքանչյուր պետության՝ սեփական պատմությունը տվյալ երկրի լեզվով ունենալու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել