Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՎՔԱՐԵՑԻ ՍԱՔՈՅԻ ՀԵՏՆՈՐԴԸ

Սեպտեմբեր 24,2010 00:00

\"\"Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Սեւքար համայնքի ղեկավար Վլադիմիր Մարգարյանը եւ համայնքի ավագանին կարճատեւ արձակուրդում գտնվող համագյուղացի՝ 19-ամյա զինծառայող Խաչատուր Բաղդասարյանի համար մկրտության արարողություն կազմակերպեցին: Խաչատուրը ժամկետային ծառայության մեջ է 2009 թվականի հունիսից: Այս տարվա սեպտեմբերի 4-ին, առավոտյան ժամը 6.20-ին Մարտակերտի Չայլու գյուղի պաշտպանական դիրքերում սեւքարեցի Խաչատուրը վերջ է տվել ադրբեջանցի դիվերսանտին, ով եկել էր հայ գերի տանելու: Խաչատուրն օգնության է հասել դիրքապահ ընկերոջը՝ Գլաձոր գյուղի բնակիչ Արման Մանուկյանին եւ վնասազերծել 35 տարեկան ադրբեջանցի դիվերսանտին, ով ֆիզիկապես ամուր էր (հասակը՝ 189 սմ, քաշը՝ 92 կգ): Հիշեցնենք, որ այս դիրքերից ընդամենը 2.5 կմ հեռավորությամբ դիրքերում հունիսի լույս 19-ի գիշերը ազերիի դիվերսիան հաջողվել էր՝ հայկական կողմից զոհվել էր 4 զինծառայող, նույնքան էլ վիրավորվել:

Սեպտեմբերի 19-ի երեկոյան Իջեւանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում տեր Սիմեոն քահանա Առաքելյանը կատարեց Խաչատուրի մկրտության արարողությունը, կնքահայրն էր Սեւքարի համայնքապետը, ով Խաչատուրին հանձնեց համայնքի ավագանու սահմանած նվերը՝ ոսկե շղթա: Խաչատուր Բաղդասարյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգեւատրվել է «Արիություն» մեդալով, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի կողմից՝ ժամացույցով եւ 15-օր արձակուրդով: Սեպտեմբերի 21-ին նախագահ Սերժ Սարգսյանը հանդիսավորությամբ նրան հանձնեց ՀՀ «Արիություն» մեդալ: Խաչատուրի ծառայության ավարտին 8 ամիս է մնացել: Ամուսնացած երեք քույրերի կրտսեր եղբայրը մտադիր է դրանից հետո շարունակել ծառայությունը հայկական բանակում: Խաչատուրի քաջությունը գենետիկ արմատներ ունի. նրա մայրական պապը՝ Նշան Հովհաննիսյանը եղել է Անդրանիկի զինվորը, հայրական կողմն էլ ազգակցական առնչություններ ունի Սեւքարեցի Սաքոյի հետ:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել