Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԵՐՆ ԷԼԻ ԱՂԱՎԱՂՈՒՄ ԵՆ

Սեպտեմբեր 28,2010 00:00

\"\"ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը հակադարձում է Կոնգրեսի՝ ԼՂ վերաբերյալ ներկայացրած բանաձեւի նախագծի ընդդիմախոսներին:

Դեռ սեպտեմբերի առաջին կեսին Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հանդես եկավ նախաձեռնությամբ եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հետ կապված իրավիճակի վերաբերյալ բանաձեւի 4 էջանոց նախագիծ ներկայացրեց: Կոնգրեսը ՀՀ իշխանություններին առաջարկում էր քննարկել այդ նախագիծն ու անհրաժեշտության դեպքում այն բարելավելով՝ Հայաստանի անունից ներկայացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային: Առաջարկված փաստաթղթի հիմնական նպատակը Կոնգրեսը համարում էր հայկական դիվանագիտության կողմից նախաձեռնողական քայլեր կատարելու անհրաժեշտությունն ու որպես դրա արդյունք՝ ՄԱԿ-ում ադրբեջանական նախաձեռնությունները չեզոքացնելն ու սեփական դիրքորոշումները միջազգային այդ կառույցում լսելի դարձնելը:
Առաջարկված բանաձեւի նախագիծը քննադատեցին թե՛ իշխանական որոշ շրջանակներ եւ թե՛ հայաստանյան ընդդիմության՝ մասնավորապես «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը, նաեւ «Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Ընդ որում, ՀԱԿ-ի առաջարկության դեմ հիմնական փաստարկն այս բոլոր դեպքերում էլ այն էր, թե ԼՂ հարցը որեւէ կերպ ու որեւէ պատճառաբանությամբ չի կարելի դարձնել ՄԱԿ-ի ԳԱ քննարկման առարկա հենց միայն այն պատճառով, որ այդ խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, ու այդ ձեւաչափը փոխելն ու ՄԱԿ-ում նման փաստաթղթերի ներկայացումը Հայաստանի համար կարող է լրջագույն վտանգներ ստեղծել Արցախի խնդրի համար: Այս նույն տրամաբանությամբ էր, որ նաեւ «Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը» «սկզբունքային սխալ» էր համարել ՀԱԿ-ի առաջարկությունը՝ հիշեցնելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջնորդ կողմը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: «Ղարաբաղյան հարցի առնչությամբ միջնորդության այլ ձեւաչափ, այդ թվում՝ ՄԱԿ-ը, պետք է խստորեն բացառել. ձեւաչափի փոփոխումը հակասում է ՀՀ որդեգրած արտաքին քաղաքական կուրսին»,- արձանագրել էր Կենտրոնը՝ հավելելով նաեւ. «Ղարաբաղյան հարցը այլ միջազգային ատյաններ տեղափոխելու Հայաստանի ցանկացած նմանատիպ փորձ հնարավորություն է տալու Ադրբեջանին շարունակելու համանախագահության ֆորմատից շեղված քաղաքական կուրսը (ինչպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա բանաձեւերի ներկայացման, այնպես էլ հակահայկական վարքագծով հայտնի ԻԿԿ-ին, ՎՈՒԱՄ-ին կամ Թուրքիային միջնորդ դարձնելու փորձերով)»:
«Առավոտը» Կոնգրեսի այս նախաձեռնությանը դեմ այսօրինակ փաստարկները մեկնաբանելու խնդրանքով դիմեց փաստաթղթի համահեղինակներից մեկին՝ ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանին: Վերջինս չհամաձայնեց Կոնգրեսի նախաձեռնության ընդդիմախոսների բերած փաստարկներից եւ ոչ մեկի հետ:
Անդրադառնալով բոլոր այն պնդումներին, թե՝ նման բանաձեւի ներկայացումը հակասում է ՀՀ այն դիրքորոշմանը, թե ԼՂ հարցի կարգավորման ֆորմատը միայն ԵԱՀԿ Մինսկի խումբն է, Վլ. Կարապետյանը շեշտեց, որ դիտարկումները գործնականում փաստերն աղավաղելու, նաեւ ԱԳՆ-ի անգործությունը արդարացնելու հերթական փորձեր են: Իրականում, նրա ասելով, մինչ այս էլ Հայաստանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում ԼՂ հակամարտության վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր է ներկայացրել: «ՄԱԿ-ի կայքում են զետեղված ԼՂ հակամարտությանը առնչվող ՄԱԿ-ում մեր դեսպանի բազմաթիվ հայտարարությունները, որոնք դարձել են ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթղթեր: Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն էլ ՄԱԿ-ում իրենց ելույթներում մշտապես խոսել են ԼՂ հակամարտությունից, եւ այդ ելույթները, փաստաթղթերն ու բանաձեւերի նախագծերը ոչ մի դեպքում չեն նշանակում, որ այսուհետ բանակցությունների ձեւաչափը փոխվում է: Ավելին, մեր բանաձեւի նախագծում հստակ ընդգծվում է ԵԱՀԿ ՄԽ-ի առաջատար դերակատարությունը հակամարտության կարգավորման գործում, եւ դա հնարավոր չէ չնկատել»,- նշեց ՀՀ ԱԳՆ մամուլի նախկին խոսնակը: Նա նկատեց, թե ՀՀ իշխանությունների ու մասնավորապես ՀՀ ԱԳՆ-ի նման վախվորած եւ ընդամենն արձագանքող արտաքին քաղաքական քայլերն էին պատճառը, որ «Ադրբեջանն անցկացրեց ԼՂ վերաբերող փաստաթուղթ ԵԽԽՎ-ում՝ ԼՂ վերահսկողության տակ գտնվող տարածքները ճանաչելով օկուպացված»: ՀԱԿ ներկայացուցչի դիտարկմամբ, «այդ հանցավոր անգործության արդյունքում էր, որ ավելի վտանգավոր փաստաթուղթ ընդունեց Եվրոպական խորհրդարանը՝ վերոնշյալ ձեւակերպման հետ նաեւ հստակ ճանաչելով Թուրքիային՝ որպես լրջագույն դերակատար նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նաեւ մեր պասիվության արդյունքում 2008թ. ընդունվեց ամբողջությամբ հակահայկական բանաձեւ: Նույն ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ, նախագահների մակարդակով, այս տարվա հունիսին ԼՂ վերահսկողության տակ գտնվող տարածքներն անվանեց օկուպացված եւ պահանջեց այդ շրջանները ետ վերադարձնել», իսկ հայկական կողմն էլ, Վլ. Կարապետյանի մատուցմամբ՝ իր «համաձայնությունը հայտնեց այդ ապակառուցողական որակմանը»: «Այսօր արդեն նույն ԵԱՀԿ Մինսկի խումբը պաշտպանում է Ադրբեջանի նախաձեռնությունը՝ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում տեսչություն անցկացնելու վերաբերյալ: Եվ դա արվում է միակողմանիորեն՝ առանց Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ այցելության: Որտե՞ղ են մեր այդ քննադատները, ինչո՞ւ չեն դատափետում ԵԱՀԿ Մինսկի խմբին ԼՂ վերահսկողության տակ գտնվող տարածքները օկուպացված համարելու եւ միակողմանի փաստահավաք առաքելություն իրականացնելու համար»,- եզրափակեց ՀԱԿ ներկայացուցիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել