Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հոկտեմբեր 02,2010 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ երրորդ

ԱՆՀԱՐՄԱՐ ՎԻՃԱԿՆԵՐ

Եվ հիմա Նոբելյանի ու Տոլստոյի ուղղությամբ ավելի ու ավելի խորանալով՝ նաեւ սկսում եմ հասկանալ, որ Տոլստոյն իր բաժին Նոբելյանից հրաժարվելով՝ նաեւ Շենգավիթցի Ռաֆոյին, Ջավախյանին, ինձ ու Նոբելյան չստացած բոլորին է ավելորդ  բարդություններից ազատել, որովհետեւ Տոլստոյի էդ արարքից հետո արդեն Ռաֆոն, Ջավախյանն ու Նոբելյան չստացած բոլորս  հնարավորություն ունենք մխիթարվելով մտածել, որ եթե Տոլստոյի պես գրողը Նոբելյան չունի, ուրեմն՝ էդ մրցանակն ամենեւին էլ է՛ն մրցանակը չի, ու առանց էդ մրցանակի էլ կարելի է գրող եւ նույնիսկ մեծ գրող լինել ու համարվել, եւ եթե Ռաֆոն, Ջավախյանն ու մյուս չստացածներս էդ պարզ ու հասարակ բանն առ էսօր ու առ էս պահը չէինք հասկանում, ես էս պահից սկսած՝ սկսում եմ լավագույնս ու խորագույնս հասկանալ, որ Շենգավիթցի Ռաֆոն, Ջավախյանը, ես ու մյուս չստացածներն առ էսօր էդ պարզ ու հասարակ բանը չենք հասկացել էն պարզ ու հասկանալի պատճառով, որ ավելի շատ Նոբելյան ստացածների մասին ենք մտածել, քան՝ չստացածների, եւ ահա՝ անցյալ դարի սկզբներին Լեւ  Նիկոլաեւիչ Տոլստոյը Նոբելյան չստացողների մասին հոգալով՝ վերցրեց ու հրաժարվեց էդ մրցանակից, եւ եթե Տոլստոյի Նոբելյան չունենալը Նոբելյան չունեցողների ու անձամբ ինձ համար միանգամայն լիարժեք մխիթարանք է, ապա Հրանտի անվան մրցանակի հարցում որեւէ արդարացում ու մխիթարություն ի վիճակի չեմ գտնել, որովհետեւ ես ոչ միայն արժանի  եմ Հրանտ Մաթեւոսյանի անվան գրական մրցանակին, այլեւ պարտավոր եմ ստանալ էդ մրցանակը՝ նույնիսկ էն դեպքում, եթե անգամ պարզվի, որ ես չափազանց փոքր ու չափազանց անտաղանդ գրող եմ, բայց, իմ բախտից, մարդկությունը գրողի տաղանդը չափելու գործիք  դեռեւս չի հայտնագործել, եւ քանի որ  մարդկությունն առայժմ էդ տեսակ գործիք չի հայտնագործել, էս պահի դրությամբ որեւէ մեկն ի վիճակի չի եւ բարոյական իրավունք էլ չունի գրողական իմ տաղանդի չափը սահմանել ու գրողական իմ դիագնոզը տալ, ու ես իրավունք ունեմ ազատորեն սփոփվել էս վեպիս իրական, ավելի ճիշտ՝ անիրական ծավալով, եւ էս վեպիս իրական ու անիրական ծավալն Աստծո ամեն առավոտ ազատորեն ու վերստին  շոշափելով՝ ինձ իրավունք եմ տալիս հանգել մխիթարական մի եզրակացության, այն է՝ էսքան մեծ  վեպ գրողը դժվար թե շատ փոքր գրող լինի, եւ չնայած դուք ու ես լավ գիտենք, որ ծավալով շատ փոքր վեպ գրած գրողների շարքերում էլ մեծություններ կան, այդուհանդերձ,  նաեւ հասկանում ենք, որ էդ գրողների մեծությունն ամենեւին էլ իրենց գրածի ծավալով  չի պայմանավորված, եւ, եթե հիշողությունս չի դավաճանում, Նոբելյանի արժանացած ամենափոքր վեպը «Ծերունին եւ ծովն» է, եւ չնայած Նոբելյանի արժանացած էդ փոքրն իր էությամբ շատ է մեծ, այդուհանդերձ, էդ վեպը չեմ սիրում, եւ չնայած էդ վեպի հեղինակին ամենից շատն եմ սիրում, իր գրած ու իրեն Նոբելյանի հասցրած էդ փոքրածավալ վեպը չկարողացա մինչեւ վերջ  կարդալ, որովհետեւ կարդալիս ահավոր էի լարվում, եւ միշտ կարծել ու հիմա էլ կարծում եմ, որ արվեստի ու մանավանդ գրականության առաքելությունը մարդկանց ու ընթերցողներին լարվածությունից հանելն է, այլ ոչ թե՝ հակառակը, եւ Հեմինգուեյին շատ եմ սիրում, որովհետեւ ինքն ամենից հաջող է մեզ մեր լարվածությունից ազատագրում, բայց արի ու տես, որ իրեն Նոբելյան տվին ճիշտ հակառակի՝ մարդկանց լարվածության մեջ պահելու համար, եւ չնայած իր  էդ «Ծերունին եւ ծովը» ծավալի առումով փոքր է, ընթերցողին չափազանց մեծ լարվածության մեջ է դնում, մինչդեռ ջահել ժամանակս իր «Տոն՝ որ միշտ քեզ հետ է» վեպն ու մյուս գրածները որ կարդում էի, ինձ էնքան անհոգ ու անկաշկանդ էի զգում՝ ինչքան որ մեր ջահել վախտերի «Պապլավոկում» էի ինձ անհոգ ու անկաշկանդ զգում, մինչդեռ իր էդ  «Ծերունին եւ ծովը» կարդալիս էնքան էի լարվում ու կաշկանդվում՝ ինչքան հիմիկվա «Պապլավոկում» ու «Տրիումֆում» եմ լարվում ու  կաշկանդվում, եւ, փաստորեն, ցանկանալով հանդերձ, իր էդ փոքրածավալ «Ծերունին եւ ծովը» չկարողացա մինչեւ վերջ  կարդալ, ինչպես որ «Վերք Հայաստանին» չեմ կարողացել մինչեւ վերջ կարդալ, ինչպես որ Սոլժենիցինի գրածները չեմ կարողանում մինչեւ վերջ կարդալ, եւ չնայած Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղությունն» էլ մինչեւ վերջ չեմ կարդացել, նույն Տոլստոյի «Աննա Կարենինան» ծայրեծայր եմ կարդացել, ընդ որում՝ մի շնչով, ինչպես նաեւ՝ մեծ լարվածությամբ, եւ չնայած էդ վեպն էլ է իր մեջ մեծ լարվածություն պարունակում, այդուհանդերձ, էդ  լարվածությունը ոչ թե Տոլստոյից է բխում, այլ՝ կյանքից, ընդ որում՝ ոչ թե Տոլստոյի կյանքից, այլ՝ Աննայի, եւ չնայած Տոլստոյն իր հերոսուհու ճակատագրով չափազանց էր  տոգորված, այնուամենայնիվ, վեպի սկզբից մինչեւ վերջ փորձում էր տիրապետել իրեն, բայց գնալով իր ու իր հերոսուհու նյարդերը տեղի տվին, եւ լարվածությունն էն աստիճանի հասավ, որ  ելքի ճանապարհներն արդեն չէին նշմարվում, եւ Տոլստոյն իր ու մանավանդ իր հերոսուհու կամքն ու ցանկությունը հաշվի չառնելով՝ խեղճ  Աննային անգթորեն գցեց գնացքի տակ, եւ վերջինս հլուհնազանդ ենթարկվելով մեծն Տոլստոյի կամքին ու կամայականությանը՝ անգթորեն իրեն նետեց  գնացքի տակ, բայց, մյուս կողմից էլ, քանի որ Տոլստոյի ու Աննայի ժամանակակիցը լինելու եւ Տոլստոյին ու Աննային մոտիկից ճանաչելու բախտն ու պատիվը չեմ ունեցել, չեմ կարող ասել ու պնդել, թե՝ Աննան է Տոլստոյի կամքին ու կամայականությանը ենթարկվելով՝ իրեն նետել գնացքի տակ, բայց Տոլստոյի ու Աննայի ժամանակակիցը չլինելով եւ երկուսին էլ մոտիկից չճանաչելով՝ կարող եմ եւ իրավունք ունեմ ենթադրել, որ, ընդհակառակը, Տոլստոյն ինքն է ենթարկվել իր իսկ ստեղծած հերոսուհու կամքին ու կամայականությանը, եւ Տոլստոյն ինքն էլ է մի առիթով խոստովանել, որ ինքն է ենթարկվել իր իսկ ստեղծած հերոսուհու կամքին ու կամայականությանը, ու էդ բանը խոստովանելով՝ Լեւ Նիկոլաեւիչը խոստովանել է նաեւ, որ իր իսկ ստեղծածին գնացքի տակ գցելուց առաջ ու հետո նստել եւ հոնգուր-հոնգուր լաց է եղել, ու էս տարբերակին հակված եմ հավատալ ոչ թե էն պատճառով, որ էդ մասին Տոլստոյն անձամբ է վկայել ու խոստովանել, այլ էն պատճառով, որ Տոլստոյի մոտիկն ու ժամանակակիցը չլինելով հանդերձ՝ հասկանում եմ, որ Տոլստոյն ավելորդ լարվածություններ չսիրելով հանդերձ՝ իր իսկ ստեղծածի հետ մի էնպիսի գերագույն ու անցանկալի լարվածության էր հասել, որ էդ լարվածությունից իրեն, իր ընթերցողներին ու մանավանդ իր հերոսուհուն հանելու ու ազատելու համար ստիպված եղավ վերջինիս անգթորեն գնացքի տակ գցել, որովհետեւ ինքն ու մանավանդ իր հերոսուհին, փաստորեն, արդեն այլ ելք չունեին, եւ քանի որ իր հերոսուհին ու մանավանդ  ինքն արդեն այլ ելք չունեին, ստիպված երկուստեք ամենադաժան ու թերեւս միակ շարունակությունն ընտրեցին, եւ դժվար է էսպես ենթադրելով ասել, թե՝ էդ ամենադաժան շարունակությունն ավելի շատ ում ընտրությունն էր՝ Աննայի՞նը, թե՞ Լեւ Նիկոլաեւիչինը, եւ չնայած էդ ամենադաժան շարունակությամբ Աննան ինքն ազատվեց ամուսնուց, սիրեկանից, ինքն իրենից, բոլորից ու ամեն ինչից, եւ չնայած էդ ամենադաժան շարունակությամբ ինքն անձամբ իր գլխի ճարը տեսավ, այդուհանդերձ, նրա ճակատագիրն Աստծուց ու առնվազն Լեւ Նիկոլաեւիչից էլ էր կախված, որովհետեւ, եթե միայն իրենից կախված լիներ, միգուցե իր մինուճար երեխային խղճալով՝ էդ բանը չաներ, քանի որ Աննան, կին ու սիրուհի լինելուց բացի, նաեւ մայր էր, բայց, մյուս կողմից էլ, եթե ինքն իր վրա ձեռք չբարձրացներ ու շարունակեր ապրել իր էդ հունից դուրս գտնվող կյանքով, դժվար է ասել՝ էդ երկրորդ տարբերակն իր մինուճարի համար ավելի գերադասելի՞ կլիներ, թե՝ ընդհակառակը, չնայած կարելի է ենթադրել նաեւ, որ իր վրա ձեռք բարձրացնող մարդը, տվյալ դեպքում՝ կինը, իր վրա ձեռք բարձրացնելու էդ սահմռկեցուցիչ որոշումը կայացնելու պահին արդեն իր մոտիկների եւ նույնիսկ իր երեխաների մասին է դադարում մտածել, բայց քանի որ ինքներս էդպիսի որոշում ոչ կայացրել ենք եւ ոչ էլ առաջիկայում ենք մտադիր կայացնել, ի վիճակի չենք խորապես մտնել Կարենինա Աննայի վիճակի ու հոգեվիճակի մեջ, եւ ի վիճակի չլինելով՝ ստիպված ենք ենթադրել նաեւ, որ Աննան իր էդ սահմռկեցուցիչ որոշումը կայացնելիս հենց իր մոտիկների եւ  առաջին հերթին իր երեխայի մասին էր մտածում, քան՝ իր. այսինքն, ինքը նաեւ իր մոտիկների, հարազատների ու հատկապես իր երեխայի շահերից ելնելով իր էդ սահմռկեցուցիչ որոշումը կայացրեց, եւ սա, իհարկե, չի կարող ընկալվել ու հասկացվել հայ ծնողի ու հատկապես հայ մայրերի կողմից, որովհետեւ հայ ծնողներն ու հատկապես հայ մայրերը մշտապես  հակված են կարծել, թե իրենց երեխաներն առանց իրենց կորած են, ընդ որում՝ ոտովգլխով, եւ եթե նույնիսկ երեխան հիսունն անց մարդ է, միեւնույն է, հայ ծնողն էդպես է մտածում, եւ ես էս բաներն իբրեւ հայ ծնող ու իբրեւ հայ երեխա եմ հասկացել ու ասում, ինչպես նաեւ՝  իբրեւ հայ գրող, եւ իբրեւ հայ գրող մտածելով՝ հասկանում եմ նաեւ, որ, ի տարբերություն Լեւ Նիկոլաեւիչի, հայ գրողն իր իսկ ստեղծած հերոսուհու հետ էդքան սառնասիրտ ու էդքան դաժան չէր վարվի, եւ առավել եւս հայ հերոսուհին իրեն ծնած ու լույսաշխարհ բերած գրողին չէր կարող ստիպել էդ ծայրահեղ քայլին գնալ, եւ չնայած Անուշն ու Թումանյանը մի անգամ էդ բանն իրար հանդեպ արել են, եւ չնայած Թումանյանը Լոռեցի Սաքոյի ու Գիքորի հանդեպ էլ է էդ նույնն արել, այդուհանդերձ, Թումանյանի ու Տոլստոյի արածը նույնը չի, որովհետեւ Թումանյանը, ի տարբերություն Տոլստոյի, ոչ թե անձամբ էր իր հերոսուհուն, իր մեծ ու փոքր հերոսներին դեպի մահ ուղղորդում ու առաջնորդում, այլ, ընդհակառակը, փորձում էր իր իսկ ստեղծած մեծուփոքր հերոսներին ու հերոսուհիներին փրկել ժամանակի ու ժամանակակիցների ճիրաններից, եւ ժամանակակիցների պես ինքն էլ էր ժամանակ առ ժամանակ կողքից նայում իր ստեղծածներին եւ ժամանակ առ ժամանակ ժամանակակիցներին էլ էր փորձում հասկանալ ու էդ ամենը շտապելով էր անում, որովհետեւ ազգային ու հասարակական հարցերն աջուձախից խեղդում ու հերոսների հետ առանձնանալու ու փիքր անելու ժամանակ չէին թողնում, մինչդեռ Լեւ Նիկոլաեւիչն ամենուր ու անընդհատ Աննայի հետ էր, ավելի ճիշտ՝ Աննայի մեջ, եւ Աննայի մեջ շատ բնական ու շատ էլ հարմարավետ էր տեղավորվում  ու գտնվում, բայց ինչքան էլ Աննան հերոս լիներ, առաջին հերթին հերոսուհի ու կին էր, ինչպես նաեւ՝ հերոսուհի մայր, ինչպես նաեւ՝ հերոսուհի սիրուհի, եւ Տոլստոյն ինչքան էլ մեծ գրող լիներ, մի օր պիտի Աննայից ազատվելու ու Աննայից պրծնելու ցանկություն ունենար, բայց քանի որ բնական ճանապարհով Աննայից ազատվելն անհնարին էր, Տոլստոյն  ստիպված էր դիմել միանգամայն կտրուկ ու արհեստական միջոցի, որովհետեւ էդ երկարուձիգ վեպն ավարտելու համար կամ Աննայի մահը պիտի պատճառ հանդիսանար, կամ էլ՝ Տոլստոյինը, եւ վեպի ավարտի ու մահվան համար Լեւ Նիկոլաեւիչն Աննային ընտրեց, այլապես Տոլստոյի էդ վեպն էլ իմ էս վեպի պես պիտի անվերջ շարունակվեր, որովհետեւ եթե Աննան չմեռներ, Տոլստոյն ի վիճակի չէր լինելու լքել Աննային՝ էնքան որ իրար մեջ սերտաճած ու նույնացած էին, եւ ոչ միայն մեկի կյանքը մյուսի կյանքով էր պայմանավորված, այլեւ եկել էր մի պահ, երբ մեկը մյուսի կյանքի համար հարյուր տոկոսով էր պատասխանատու, ու էս ասածս ոչ էնքան Աննային է վերաբերում, ինչքան՝ Լեւ Նիկոլաեւիչին, որովհետեւ ցանկացած ծնող երեխայի կյանքի վրա ավելի է դողում, քան ինքը՝ երեխան, եւ ցանկացած ծնող իր երեխայի կյանքի վրա ավելի է դողում, քան երեխան՝ ծնողի կյանքի վրա,  եւ չնայած էս վերջին ասածս ընդհանուր առմամբ ճիշտ լինելով՝ կարող է նաեւ որոշ ու որոշակի բացառություններ ենթադրել, Աննայի եւ Լեւ Նիկոլաեւիչի պարագայում հարյուրտոկոսանոց ճշմարտություն է՝ էն պարզ պատճառով, որ Լեւ Նիկոլաեւիչն Աննային ծնելով ու լույսաշխարհ բերելով՝ շարունակ ու շարունակաբար իրենից ծնվածի  հոգսերով էր տառապում ու տապակվում, մինչդեռ Աննան ոչ միայն իր օրինական ամուսնու ապրումներից էր անտեղյակ, այլեւ՝ իրեն ծնած ու լույսաշխարհ բերած Լեւ Նիկոլաեւիչի ապրումներից, բայց եթե առաջին հանգամանքն առանձնապես հայերիս համար է  անընդունելի ու անհասկանալի, երկրորդը հատկապես հայերս լավ կհասկանանք, որովհետեւ հայ ծնողն ամբողջ կյանքում՝ ընդհուպ կյանքի վերջը իր իսկ երեխաների հարցերով ու խնդիրներով է տառապում ու տապակվում, մինչդեռ ոչ միշտ է գնահատվում իր իսկ ծնածների կողմից, ու էս ասածս ամենից քիչ Աննայի ու Լեւ  Նիկոլաեւիչի հարաբերություններին է վերաբերում, որովհետեւ, չնայած Տոլստոյն իսկական հայի ու հայ ծնողի պես էր Աննայի խնդիրներով տառապում ու տապակվում, այդուհանդերձ, Աննայից դստեր ու մանավանդ  հայ դստեր վերաբերմունք չէր կարող պահանջել ու ակնկալել՝ էն պարզ ու հասկանալի պատճառով, որ Աննան ոչ միայն հայ չէր, այլեւ հայ չլիներով՝ միանգամայն անտեղյակ էր, որ ինքը Լեւ Նիկոլաեւիչ Տոլստոյ անվանյալ ծնող հայր ունի, եւ եթե նույնիսկ տեղյակ էլ լիներ, շատ հնարավոր է՝ էլի իր վարքագիծն ու ապրելակերպը չփոխեր, որովհետեւ արտամուսնական սիրուց կուրացածի համար ոչ միայն իր օրինական կողակցի ապրումներն են անհասկանալի ու անկարեւոր, այլեւ՝ ծնողինը, եւ եթե արտամուսնական սիրուց կուրացածն ու իր օրինական կողակցին դավաճանածը ժամանակ առ ժամանակ աչքերը բացելով՝ իր դավաճանելն ու իր դավաճանությունը ժամանակ առ ժամանակ հասկանում ու գիտակցում է, ծնողի հանդեպ մեղքի զգացում ու գիտակցում երեւի չի էլ ունենում, ու էս ասածս հատկապես Աննայի դեպքում ու Աննայի պարագայում է  պատճառաբանված՝ էն պարզ ու հասկանալի պատճառով, որ Աննան նույնիսկ չգիտեր էլ, որ ինքը Լեւ Տոլստոյ անվամբ ու ազգանվամբ ծնող հայր ունի, բայց եթե նույնիսկ իմանար էլ, դրանից դժվար թե որեւէ բան փոխվեր, որովհետեւ սիրուց կուրացածները ոչ միայն ծնողների կարծիքը հաշվի չեն առնում, այլեւ՝ հասարակության, եւ չնայած քիչ առաջ Աննա Կարենինայի ու մեր Անուշի միջեւ փորձեցի զուգահեռ անցկացնել, իսկույն էլ էդ համեմատությունից վազն անցա, որովհետեւ Անուշն ու Աննան հաստատ իրարից ավելի տարբեր են, քան՝ Թումանյանն ու Տոլստոյը, եւ եթե էս ասածիս մեջ ավելի խորանանք, կհասկանանք նաեւ, որ Թումանյանը Տոլստոյից տարբերվում է հենց Անուշի ու Աննայի տարբերության շնորհիվ, ավելի ճիշտ՝ պատճառով, եւ սա էն դեպքն է, երբ նույնիսկ Հրանտ Մաթեւոսյանի անվան գրական մրցանակին հավակնող գրողներս ենք պատճառովն ու շնորհիվը շփոթում, եւ եթե հաշվի առնենք, որ Թումանյանի Անուշն ու Տոլստոյի Աննան միանգամայն ինքնուրույն էին մտածում ու գործում, պարտավոր ենք հասկանալ, որ Տոլստոյն Աննայի շնորհիվ անհամեմատ անկաշկանդ էր  մտածում ու գործում, եւ, ընդհակառակը, Թումանյանն Անուշի պատճառով չափազանց կաշկանդված էր՝ մանավանդ  մտածելու ու մտածողության իմաստով, որովհետեւ, ի տարբերություն Կարենինա Աննայի, մեր Անուշը համարյա չէր էլ մտածում, եւ եթե նույնիսկ մտածում էլ էր, էդ մասին Թումանյանը մեզ որեւէ տեղեկություն չի հաղորդել, եւ շատ  հնարավոր է՝  միանգամայն հարգելի պատճառով չի հաղորդել. հարգելի՝ ոչ միայն էն պատճառով, որ Թումանյանը վաղուց Դսեղից Թիֆլիս էր տեղափոխվել ու արդեն հեռվանց էր Անուշին հիշում ու պատկերացնում, այլեւ էն պատճառով, որ Թումանյանն ամբողջ ժամանակ ազգային ու հասարակական կյանքի մեջ գտնվելով՝ չէր կարող տեւականորեն հիմնավորվել  ու տնավորվել Անուշի ներաշխարհում, մինչդեռ սիրո ու սիրուց  կուրացածների  առումով Թումանյանն իր իմացությամբ, կարծում եմ, բնավ էլ Տոլստոյին չէր զիջում, որովհետեւ Թումանյանի մտապատկերում, Անուշից բացի, Իշխանուհի Մարիամ Թումանյանը կար ու գոյություն ուներ, եւ չնայած Թումանյանն էս Իշխանուհու մասին որեւէ պոեմ չի գրել,  եւ չնայած էս Իշխանուհին սիրո հողի վրա ինքնասպանություն չի գործել, իրականում էս Իշխանուհի Մարիամն Աննա Կարենինային ավելի էր նման, քան՝ Անուշը, եւ էս Իշխանուհի Մարիամը Հովհաննես Թումանյանի սիրուց իսկապես կուրացած էր, ավելի ճիշտ՝ ոչ թե Թումանյանի սիրուց, այլ՝ Թումանյանի հանդեպ սիրուց, ու էս մանրամասները ոչ թե ուրիշներից լսելով եմ ասում, այլ անձամբ գիտեմ, որովհետեւ յոթ տարի Թումանյանի թանգարանի տնօրենը հանդիսանալով՝ Իշխանուհի Թումանյանի էդ մեծ սիրո մասին տեղեկացել եմ թանգարանի որոշ թղթերից ու նամակներից, եւ իրավունք ունեմ ենթադրել, որ Իշխանուհի Մարիամի էդ մեծ սերն անպատասխան սեր է եղել, որովհետեւ էդ թղթերն ու նամակներն  էդ սիրո մասին վկայող որեւէ ինտիմ մանրամասն չեն պարունակում, մինչդեռ Պարույր Սեւակի թանգարանում երբեւէ տնօրեն չաշխատելով՝ Սեւակի ու Սուլամիթայի սիրային առնչություններից ահագին տեղյակ եմ, եւ դրա պատճառը ոչ թե էն է, որ Չարխչյան Հովիկը Սեւակի ու Սուլամիթայի սիրային նամակները հրապարակել, լուսաբանել ու մեկնաբանել է, այլ այն, որ ինքը Սուլամիթան է էդ նամակները սրբորեն պահել՝ դրանց հրապարակումն ակնկալելով ու փափագելով, որովհետեւ եթե կինարմատը չցանկանա իր անձնական կյանքն ու անձնական հարաբերությունները հասարակության սեփականությունը դարձնել, դրանց մասին հասարակությունը դժվար թե երբեւէ իմանա, եւ եթե յոթ տարի Թումանյանի թանգարանի տնօրեն աշխատելով՝ չեմ հաջողացրել Իշխանուհի Մարիամ Թումանյանի մեծ սիրո մասին որեւէ ինտիմ մանրամասնություն կամ հնչերանգ կորզել, էդ նշանակում է, որ առաջին հերթին հենց Իշխանուհին չի ցանկացել, որ սերունդներն իր կյանքի էդ մանրամասներին հաղորդակից լինեն, որովհետեւ Իշխանուհին, ի տարբերություն Սուլամիթայի ու Աննա Կարենինայի, հայուհի էր ու չի ցանկացել իր օրինական կողակցի անունն ու հատկապես ազգանունը հողին հավասարեցնել, մինչդեռ Աննա Կարենինան իր օրինական կողակցի ազգանունը կրելով՝ նախ եւ առաջ իր էդ վերցնովի ազգանունն է ոտնատակ տվել՝ ողջ տոհմածառով հանդերձ, եւ չնայած խեղճուկրակ եմ ասում, Աննայի ամուսին Կարենինն էլ էր ազնվական ու իշխանի պես բան, եւ հիմա որ էս ուղղությամբ ավելի ու ավելի եմ մտածում, սկսում եմ ավելի ու ավելի հասկանալ, որ մարդն ինչքան էլ հարուստ ու իշխան լինի, իր օրինական կողակցի դավաճանության դեպքում մեկից խեղճանում ու խեղճուկրակ է դառնում. ավելին. կնոջ դավաճանության դեպքում ցանկացած մեծահարուստ, իշխան կամ իշխանավոր ավելի խեղճուկրակ է դառնում,  քան՝ աղքատ ու սովորական որեւէ ոք, եւ օրինական կնոջից դավաճանվելով՝ ցանկացած մեծահարուստ, իշխան ու իշխանավոր սկսում է երանի տալ սեփական ու օրինական կնոջից չդավաճանված ցանկացած բոմժի, ու էս ամենն ընդամենը ենթադրությունս է, որովհետեւ երբեւէ մեծահարուստ, իշխան ու իշխանավոր չեմ եղել եւ, հուսով եմ, դավաճանված էլ չեմ եղել, եւ եթե դավաճանվածների հոգեվիճակների մեջ որոշ չափով կարողանում եմ մտնել, դրա պատճառը ոչ թե գրող լինելս է, այլ այն, որ չդավաճանվածներն իրենց իսկ ապահով ու չդավաճանված վիճակներում ի վիճակի են ժամանակ առ ժամանակ իրենց դավաճանված պատկերացնել, որովհետեւ չդավաճանվածները շարունակաբար ու մշտապես դավաճանվածների մասին են մտածում, ընդ որում՝ ոչ թե կարեկցանքից, այլ էն պատճառով, որ դավաճանվածների մասին շարունակաբար ու մշտապես մտածելով՝ շարունակաբար ու մշտապես դավաճանվածների վիճակի մեջ են փորձում մտնել, եթե, իհարկե, երեւակայությունները հերիքում է, եւ եթե երեւակայությունները հերիքում է, իրենց դավաճանված լինելն էնքան ռեալ ու որոշակի են պատկերացնում, ինչքան որ իրենց իսկ մահն են մտովի ու որոշակի պատկերացնում. այսինքն, որոշներս դավաճանված չլինելով՝ դավաճանության մասին, այնուամենայնիվ, շատ ու երկար ենք մտածում, եւ դավաճանված չլինելն ամենեւին չի խանգարում ժամանակ առ ժամանակ դավաճանության մասին մտածելուն, եւ ճիշտ էդպես մեր ողջ լինելը չի խանգարում, որպեսզի ժամանակ առ ժամանակ մեր իսկ մահվան մասին մտածենք, եւ ահա ակամայից էսպես դավաճանվածությունն ու մահն իրար հետ համեմատելով՝ սկսում  եմ մտածել ու կարծել, որ մահացած լինելն անհամեմատ գերադասել է դավաճանված լինելուց՝ թեկուզեւ էն պատճառով, որ դավաճանված լինելն ամենադժբախտների մենաշնորհն է, մինչդեռ մահն ամենքինս է՝ հավասար, եւ մահը դավաճանված լինելուց գերադասելով՝ ժամանակ առ ժամանակ մտածելով եզրակացնում ենք, որ եթե էդպիսի բան լինելու է, թող մեր մահից հետո ու մեր դիակի վրայով լինի, որովհետեւ ժամանակ առ ժամանակ դավաճանության մասին մտածելով՝ սկսում ենք հասկանալ, որ մահացածը ոչ միայն անկարող է դավաճանել, այլեւ մահացածին է անհնարին դավաճանել, եւ մահն ու դավաճանվածությունն իրար հետ համեմատելով՝ սկսում ենք հասկանալ նաեւ, որ մեր մահը մեզ ոչ միայն մեղքերից է հեռացնում, այլեւ՝ անցանկալի ու ծիծաղելի վիճակներից, որովհետեւ եթե  դավաճանելը մեղք է, դավաճանված լինելն ընդամենն անցանկալի ու անհարմար վիճակ է, ավելի ճիշտ՝ ծիծաղելի վիճակ, ու էդ ծիծաղելի վիճակն ամենից լավ Հակոբ Պարոնյանն է զգացել Պաղտասար Աղբարի առիթով, եւ էդ ծիծաղելի ու անհարմար վիճակն  առավել անցանկալի է, քան՝ մնացած բոլոր անհարմար վիճակները միասին վերցրած:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել