Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԿԱՆԳՆԵՑՎԻ ՄԱԼՅԱՆԻ ԱՐՁԱՆԸ

Հոկտեմբեր 19,2010 00:00

\"\"Որի համար արվեստագետի անվան հիմնադրամը կառավարությունից գումար չի խնդրի

Օրերս Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ճեմասրահում կայացավ անվանի կինոբեմադրիչ Հենրիկ Մալյանի ծննդյան 85-ամյակին նվիրված երեկո: Նույն օրը նշվեց նաեւ Հ. Մալյանի անունը կրող թատրոնի 30- ամյակը: Միջոցառման ընթացքում ընթերցվեցին տողեր բեմադրիչի  հեղինակած «Երկխոսություն երրորդի համար» գրքից, որը  մշակույթի նախարարության աջակցությամբ վերահրատարակվել է: «Առավոտի» հետ զրույցում  Հ. Մալյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, կինոբեմադրիչի դուստր Նարինե Մալյանն ասաց, որ ավաղ, «Երկխոսություն երրորդի համար» գիրքը անավարտ է մնացել. «Սա ինքնակենսագրական գիրք է: Այնտեղ ներկայացված են հատվածներ հորս  գործունեությունից, կինոյի, մշակույթի պատմությունից։ Ես եւ գրքի խմբագիրը արեցինք հնարավորը՝ այն ավարտին հասցնելու համար: Իհարկե, դա այն չէ, ինչ կարող էր անել Մալյանն անձամբ:  «Երկխոսություն երրորդի համար» գիրքը շատերը դասագիրք են անվանել»:
Ն. Մալյանը ասաց նաեւ, որ Հ. Մալյանի 85-ամյակին նվիրված միջոցառումների շարքը որոշել են կազմակերպել կինոռեժիսորի նման պարզ ու անմիջական: Ինչն, ի դեպ, այդ երեկոյի ընթացքում էլ զգացվեց: Հատկապես, երբ իրենց հուշերը պատմեցին «Եռանկյունի»,  «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Նվագախմբի տղաները», «Նահապետ» ու մի շարք այլ ֆիլմերի ռեժիսոր Հենրիկ Մալյան ընկերոջ մասին՝ դերասան Սոս Սարգսյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը եւ այլք… Երգչուհի Շուշան Պետրոսյանն էլ կատարեց Ռ. Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի» երգը՝ ակապելլա տարբերակով: 
Երեկոյի ընթացքում եւս մեկ շնորհանդես տեղի ունեցավ՝ www.HenrikMalyan.am էլեկտրոնային կայքէջի:
Ն. Մալյանը «Առավոտին» ասաց նաեւ, որ շաբաթվա ընթացքում նախատեսված է մի քանի միջոցառում՝ նվիրված կինոբեմադրիչին: «Մեզ աջակցել է նաեւ Հայաստանի ազգային կինոկենտրոնը»,- ասաց Ն. Մալյանը (հոկտեմբերի 17-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Հ. Մալյանին նվիրված հուշ-երեկո, որի ժամանակ ներկաներին ցուցադրվել է Հ. Մալյանին նվիրված վավերագրական կինոնկար):
Միջոցառման ընթացքում խոսվեց նաեւ այն մասին, որ «Հենրիկ Մալյան» մշակութային հիմնադրամը որոշում է  կայացրել՝ կանգնեցնել Հենրիկ Մալյանի հուշարձանը: Դրա համար կառավարությունից մշակութային հիմնադրամի անդամները չեն պատրաստվում գումար խնդրել: 
«Առաջարկում եմ հավաքել անհրաժեշտ գումարը՝ չդիմելով կառավարությանը»,- ներկաներին հորդորեց հաղորդավար Եգոր Գլումովը: 
ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն էլ ասաց. «Հենրիկ Մալյանի առաջին ֆիլմը «Եռանկյունին» է եղել։ Այն, ինչպես հավաստում են մասնագետները, եւ ձեւաչափով, եւ որակով, եւ իմաստով առանձնանում էր ժամանակի ֆիլմերից։ Նա հեղափոխություն իրականացրեց հայկական կինոարվեստում, սակայն մինչեւ հիմա ըստ արժանվույն գնահատված չէ։  Վաղուց ժամանակն է Երեւանում տեղադրելու Մալյանի արձանը, թեկուզ հենց միայն նրա համար, որ երիտասարդները ճանաչեն նրան ու զգան, թե որքան սովորելու բան ունեն նրանից»։
Երեկոն եզրափակեց Հովհ. Թումանյանի «Հեքիաթները» ներկայացումը՝ Հ. Մալյանի ռեժիսուրայով եւ Էդուարդ Խարազովի նկարչական ձեւավորմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել