Լրահոս
Օրվա լրահոսը

Թե «աջ», թե «ձախ», բայց՝ Հարութ

Նոյեմբեր 17,2010 00:00

\"\"Երգիչ Գագիկ Գրիգորյանին հանրությունը գիտի «Աջ Հարութ» անունով: Իսկ թե ինչո՞ւ է այդպես, որոշեցինք պարզել հենց նրանից:

– Ինչո՞ւ են Ձեզ «Աջ Հարութ» ասում, երբ Դուք Գագիկն եք:

– 1995թ.-ին, երբ սկսեցի երգել Հարութ Փամբուկչյանի երգերը, նա ուղղակի զարմացավ իր ձայնի նմանության համար: Նա Արամ Ասատրյանի հետ ինձ կնքեցին «Աջ Հարութ»:

– «Աջի» կամ «Ձախի» հետ կապված շփոթություն չի՞ առաջանում:

– Շփոթություն առաջանում է, երբ ինձ չեն տեսնում, բայց լսում են երգերս: Շատերին իսկապես թվում է, թե «Ձախ Հարութն» է: Իսկ երբ դիտում են ինձ, տեսաձայնագրությունները, համոզվում են, որ երգողը Գագիկ Գրիգորյանն է…

– Ինչպե՞ս կներկայացնեք Ձեզ:

– Ես Կապանից եմ: Ես նա եմ, ում ստեղծագործական գործունեությունը շուտով կբոլորի 20-ամյակը, բայց երբեք չի բախել շոու-բիզնեսի ոսկեկուռ դարպասները, ունեմ իմ երգարվեստին ծանոթ ունկնդիրներ: Մի խոսքով, երգիչ-երգահան եմ՝ առանց գովազդի:

– Հնարավո՞ր է առանց գովազդի:

– Ոչ, բայց ամեն ինչ ինքս եմ անում, առանց մեծամիտ գովազդի:

– Ի՞նչ է Ձեզ համար երգը:

– Հոգու պահանջ է երգը, ինքնարտահայտման միջոց, գոյության կերպ:

– Ի՞նչ է անհրաժեշտ «առանց գովազդի» արվեստագետին հայտնի դառնալու համար:

– Ընդհանրապես՝ տաղանդ: Սակայն հիմա ասում են՝ դրամ: Ինձ համար՝ մեկենաս: Արվեստն առանց մեկենասի չի կարող գոյատեւել. եթե «ազգային բուրժուազիան» իր քսակը չբացի արվեստագետների համար, արվեստագետները կդառնան «մեծապատիվ մուրացկաններ»:

Արվեստագետը պետք է նյութական տիրույթից բարձր գտնվի, բայց մեզ մոտ դաշտը հստակ չէ, եւ արվեստագետն էլ դառնում է առօրյա, կենցաղային:

– Դուք ունեք 9-ամյա որդի, որին «Ձախ Հարութի» պատվին Հարութ անունն եք դրել: Կցանկանայի՞ք, որ նա դառնար երգիչ:

– Սա իմ մասնագիտությունը չէ, իմ կոչումն է: Երգիչ չեն դառնում, այլ ծնվում են: Եվ եթե կանխորոշված է վերուստ, որ որդիս երգիչ դառնա, ես չեմ խոչընդոտի: Դա կլինի նրա ընտրությունը:

– Որո՞նք են ժողովրդի կողմից ամենասիրված Ձեր երգերը:

– Նախ ասեմ, որ ունեմ 5 խտասկավառակ, 50-ից ավելի երգերի հեղինակ եմ: Իմ երգերից ժողովուրդը սիրում է «Երբ ձյունը գա», «Ես առանց քեզ», «Խոսիր, աղբյուր», «Երեւան-3000»:

– Ինչպե՞ս կբնորոշեք Ձեր անցած ուղին…

– Դժվար, փշոտ: Բայց միշտ երգն ինձ տարել է:Ես եղել եմ սահմանամերձ բոլոր գյուղերում, ոգեշնչելով մեր ազատամարտիկներին: Բարեգործական բազմաթիվ համերգներ եմ տվել, իսկ հասույթը փոխանցվել է պաշտպանական գործողությունների ժամանակ զոհված ազատամարտիկների ընտանիքներին:

– Ո՞վ է Ձեր Ուսուցիչը:

– «Ձախ Հարութով» եմ կրթվել 70-ականներին: Նա իմ «հեռակա ուսուցիչն» էր:

– Ե՞րբ եք վերջին անգամ մենահամերգ տվել:

– Այս տարվա ապրիլին, Կապանում: Ի դեպ, ես հաճախակի եմ լինում «Սիրված երգեր» հաղորդաշարի հյուրը:

– Մինչ երգելը ինչո՞վ էիք զբաղված:

– Եղել եմ Կապանի մշակույթի կենտրոնի գլխավոր տնօրենը:

– Ճի՞շտ է, որ Դուք բնակվում եք վարձով՝ մայրաքաղաքի «Նաիրի» հյուրանոցում: Ասում են՝ այն վերցնելու են վարձակալներից ու փախստականներից: Ի՞նչ եք մտադիր անել:

– Կգնամ Կապան, որտեղ նույնպես վարձով եմ ապրում եւ կզբաղվեմ նոր ձայնասկավառակիս խնդիրներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել