Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Նոյեմբեր 25,2010 00:00

\"\"Ուկրաինան հետխորհրդային տարածքում ստեղծված միավորումներից չորսի անդամ է: Դրանք են՝ ԱՊՀ-ն, ՎՈՒԱՄ-ը (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա), ՍՏՀԿ-ը (Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն) եւ ՄՏՏ-ը (Միասնական տնտեսական տիրույթ):

Ուկրաինան բազմիցս պաշտոնապես հայտարարել է, որ Կիեւը միշտ դրական է վերաբերվել ՎՈՒԱՄ-ի գործունեությանը եւ մտադիր չէ դուրս գալ այդ կազմակերպությունից, որը կոչվում է նաեւ ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման կազմակերպություն: Եվ սա ապացուցում է գործնականորեն: Ուկրաինան զենք է մատակարարում ե՛ւ Վրաստանին, ե՛ւ Ադրբեջանին: Ավելին, զենքի եւ զրահատեխնիկայի հետ ուղարկում է նաեւ իր հրահանգիչներին:
Դեռ 1990-ականների սկզբին Ուկրաինան, ՄԱԿ-ի բանաձեւին հակառակ, որը կոչ էր անում ձեռնպահ մնալ հակամարտության գոտիներ զենք մատակարարելուց, սպառազինություն եւ զենք էր ուղարկում ոչ միայն կովկասյան տարածաշրջան, այլեւ Իրաք, աֆրիկյան երկրներ եւ նույնիսկ հեռավոր Շրի Լանկա:
1993թ.-ին Ադրբեջանի Հանրապետության արտգործնախարարությունը ՄԱԿ-ի Սովորական սպառազինությունների գրանցամատյան ներկայացրած իր զեկույցում խոստովանել է, որ Ուկրաինան Ադրբեջանին է փոխանցել 100 տանկ եւ 10 մարտական ինքնաթիռ: Այդ ժամանակվանից ի վեր ուկրաինական սպառազինության մատակարարումը կովկասյան տարածաշրջան՝ երբեք չի ընդհատվել, չեն ընդհատվել նաեւ ուկրաինական կողմի՝ այս ակնհայտ փաստը հերքելու ջանքերը:
Ուկրաինայի Բարձրագույն ռադայի Հատուկ հետաքննող հանձնաժողովը, որն զբաղվում էր ուկրաինական ռազմական տեխնիկան Վրաստանին փոխանցելու հանգամանքների ու փաստերի հետաքննությամբ, եզրակացություն է տվել, որ 90-ականներից կովկասյան տարածաշրջան են ուղարկվել ըՁՀ-70, ըԾկ-1 եւ ըԾկ-2 զրահամեքենաներ, Ձ-72 տանկեր, «Ստրելա» եւ «Իգլա» հրթիռազենիթային համալիրներ, «Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգ, «Տոչկա–ՈՒ» դիվիզիոն հրթիռային համալիր, ղեկավարվող զենիթային հրթիռներ, ԾՌթ-29, հձ-25, ուսումնամարտական ինքնաթիռներ L-39, գործարկման կայանքներ, ռեակտիվ արկեր եւ այլն:
Հանձնաժողովը հրապարակել է նաեւ, որ Հարավային Օսիայում մարտական գործողությունների ժամանակ ըցԽ-Ծ1 հրթիռազենիթային համակարգերը սպասարկվում էին ուկրաինական անձնակազմի կողմից: Այս փաստը համառորեն հերքում է ուկրաինական ղեկավարությունը: Սակայն դրա իսկությունն ապացուցվում է՝ զուգահեռ անցկացնելով ուկրաինա-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության հետ: Բերենք միայն մեկ օրինակ. Ադրբեջանին փոխանցելով L-39 ուսումնամարտական ինքնաթիռներ՝ Ուկրաինան դրանք սպասարկելու համար իր վրա որոշակի պարտավորություններ է վերցրել՝ ԱՀ ուղարկելով համապատասխան մասնագետների:
2006-2007թթ. Ուկրաինայից Ադրբեջան է ուղարկվել պահեստամասերի զգալի ծավալ՝ տարբեր տեսակի սպառազինության համար: Այս ձեւով Ադրբեջան է փոխադրվել չհավաքված սպառազինություն, որի վերջնական հավաքումը կատարվում է ԱՀ տարածքում: Սրա անուղղակի ապացույցն է ԱՀ Պաշտպանական արդյունաբերության նախարարության արտադրական հզորության ինտենսիվ աճը:
ՄԱԿ-ի Սովորական սպառազինությունների գրանցամատյանի համար գրված հաշվետվության համաձայն, Ուկրաինան 2009 թ.-ին զենք է մատակարարել 14 երկրների, որոնց մեջ կարեւոր տեղ են զբաղեցնում Ադրբեջանը եւ Վրաստանը: Միայն 2009 թ.-ին Ադրբեջան է ուղարկվել 29 հատ ըՁՀ-70, 29 միավոր 122-միլիմետրանոց ինքնագնա հաուբից 2C1 «Գվոզդիկա» եւ 6 միավոր 152-միլիմետրանոց ինքնագնա հաուբից 2Ճ3 «Ակացիա», 1 ուսումնամարտական կործանիչ ԾՌթ-29ձը, 11 ուղղաթիռ ԾՌ-24:
Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաներն այժմ բացեիբաց նշում են, որ այլ երկրներ զենք վաճառել են եւ շարունակելու են այդ քաղաքականությունը: Նշվում է նաեւ, որ, օրինակ, Վրաստան՝ զենքի հիմնական մատակարարումը եղել է 2006-2007 թթ., երբ վարչապետն էր Ուկրաինայի ներկայիս նախագահ Յանուկովիչը:
Ինչպես նշել է «Ուկրսպեցէքսպորտի» արդեն նախկին ղեկավար Սերգեյ Բոնդարչուկը, «Մեզ աշխարհում գիտեն որպես զենք վաճառող, բայց դրանից պետք է չամաչել: Մենք վաճառում ենք լրիվ օրինական՝ պահպանելով բոլոր միջազգային պայմանագրերը, Ուկրաինայի օրենսդրությունը: Ես պնդում եմ, որ դա այն ժամանակ շահավետ էր եւ շահավետ կլինի նաեւ ապագայում, քանի որ, բացի գանձարան եկամուտ բերելուց, այն հնարավորություն է տալիս աշխարհում մեզ ճանաչել՝ որպես խաղացող երկիր»:
Իհարկե, միջազգային նորմերի պահպանմամբ այս կամ այն երկրին զենք վաճառելը յուրաքանչյուր երկրի իրավունքն է, սակայն միջազգային հարաբերություններում պակաս կարեւոր չէ նաեւ էթիկայի պահպանումն ու համերաշխության արտահայտումը բարեկամ երկրների նկատմամբ: Ուկրաինայի նախագահական ընտրություններում Վիկտոր Յանուկովիչի հաղթանակից հետո կրկին ջերմացում է նկատվում ԱՊՀ գործընկերների հետ հարաբերություններում: Յանուկովիչը նախագահության սկզբից եւեթ հայտարարեց, թե Ուկրաինան հրաժարվում է ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակից՝ հաստատելով երկրի չեզոք, ռազմական դաշինքներից մեկուսի լինելու ձգտումը: Արտաքին քաղաքական ուղեգծի այս  փոփոխությունից հետո փորձագետներն սկսեցին քննարկել ՀԱՊԿ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության հարցը, սակայն այս հարցում Կիեւում զգուշավոր են:
Անկախ այն հանգամանքից՝ կդառնա՞ Ուկրաինան ՀԱՊԿ անդամ, թե ոչ,   հարաբերությունների ջերմացումը կառույցի երկրների հետ ակնհայտ է: Մնում է հուսալ, որ փոխադարձ վստահությունը մի օր կլինի այնքան, որ թույլ կտա գործընկերոջ հետ քննարկել համերաշխության խնդիրները, այդ թվում՝ նաեւ կոնֆլիկտային շրջաններում զենքի վաճառքի նուրբ հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել