Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄԱՆՈՐԸ ՄԻ ՎԵՐԱԾԵՔ ՈՒՏԵԼՈՒ ՏՈՆԻ»

Դեկտեմբեր 16,2010 00:00

Խորհուրդ է տալիս թերապեւտը

«Հայերի համար Ամանորը սպասված տոն է»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է թիվ 2 բուժմիավորման թերապեւտ Քրիստինե Հունանյանն ու հավելում, որ այս տոնին հայերը յուրահատուկ են պատրաստվում (նկատի ունի տոնական սեղանը): Ըստ Ք. Հունանյանի, զանազան ուտեստները, աղցանները, որոնք տոնական սեղանի անբաժան մասն են կազմում, չարաշահելու դեպքում կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանն ու, բնականաբար, փչացնել ամանորյա տրամադարությունը:
«Թվեմ հիվանդությունների մի քանի տեսակ, որոնց ժամանակ հիվանդները պետք է ավելի քան ուշադիր լինեն իրենց սնվելու հարցում: Օրինակ, արյան բարձր ճնշում ունեցողները, ինչով տառապում է մեր ազգաբնակչության գերակշռող մասը, շաքարային դիաբետով տառապողները, աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցողները եւ այլն»,- ասում է Ք. Հունանյանը:
Այս տեսակի հիվանդություններ ունեցող մարդկանց բժշկուհին խորհուրդ է տալիս՝ չծանրաբեռնել ստամոքսը եւ ենթաստամոքսային գեղձը եւ հնարավորինս օգտագործել սպիտակուցային եւ վիտամիններով հարուստ սնունդ:
«Տոնական սեղաններից կարելի է ուտել ամեն ինչ, բայց չափավոր»,- ընդգծում է բժշկուհին եւ հիշեցնում, որ այդ օրերին պետք չէ չարաշահել նաեւ ալկոհոլը, հատկապես գունավոր խմիչքները, գազավորված ըմպելիքները:
«Խորհուրդ է տրվում օգտագործել բնական հյութեր, հանքային ջուր»,- նշում է մեր զրուցակիցը:
Հարցին՝ իսկ ի՞նչ վտանգ է սպառնում այն մարդկանց, որոնք ամանորյա սեղանից ուտում են, օրինակ, դեկտեմբերի 25-26-ից պատրաստված աղցանները, Ք. Հունանյանը այսպես պատասխանեց. «Կատեգորիկ դեմ եմ, երբ աղցանները պատրաստվում են ժամանակից շուտ ու երկար պահվում: Խորհուրդ կտայի աղցաններ պատրաստել քիչ քանակությամբ, ցանկալի է դրանք ուտել թարմ վիճակում: Նույնիսկ սառնարանում պահելը վտանգավոր է»: Ըստ Ք. Հունանյանի, առավել վտանգավոր է հատկապես «Մայրաքաղաքային» աղցանը, որը հիմնականում բոլոր հայ ընտանիքների ամանորյա սեղանից անպակաս է լինում, ինչպես նաեւ սնկով, լոբազգիներով պատրաստված աղցանները:
Հարցրինք նաեւ քաղցրավենիքների մասին, որոնց չարաշահումը եւս վտանգավոր է: 
«Քաղցրավենիքը նույնպես պետք է չափավոր քանակով օգտագործել, քանի որ դրանք լինում են սերուցքով, կրեմով: Նրանք բարձր կալորիականություն ունեն, արագ յուրացվող ածխաջրեր պարունակող մթերքներ են: Դրանք ուտելու դեպքում օրգանիզմում տեղի է ունենում արյան ածխաթթու գազով հագեցվածություն: Անգամ առողջ մարդը թեթեւակի հեւոց է ունենում, իսկ բրոնխիալ ասթմայով տառապող մարդիկ չեն կարող հաղթահարել նման ծանրաբեռնվածությունը, եւ նրանց մոտ կարող է առաջանալ թթվածնային քաղց»,- զգուշացնում է բժշկուհին:
Օրգանիզմից տոնական օրերի ծանրաբեռնվածությունն էլ հանելու համար մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս երեկոյան ժամերին օգտագործել կանաչ թեյ, ինչը հատկապես վերաբերում է արյան ճնշում ունեցող, սիրտ-անոթային հիվանդություններով տառապող մարդկանց. ինչպես գիտենք, կանաչ թեյը բարելավում է մարսողությունը եւ կարգավորում արյան շրջանառությունը: «Տոնական օրերին հաճախ են պատահում նաեւ աղեստամոքսային տրակտի խանգարումներ, որոնց ժամանակ հիվանդները մեզ դիմում են սրտխառնոցով, փսխումով, գլխացավով, ընդհանուր թուլությամբ, փորկապությամբ կամ փորլուծությամբ: Իսկ այդպիսի դեպքերը հիմնականում առաջանում են սննդի չարաշահումից»,- նշում է Ք. Հունանյանը, խորհուրդ տալով, տան պայմաններում որպես այդ ամենի դեմն առնելու միջոց, օգտագործել 1-2 լիտր քանակությամբ հեղուկ, դաղձի, նանայի թեյ, մածուն, դիետիկ սնունդ, շիլաներ. այս դեպքում կերակրացանկում պետք է բացառել կծու-թթու սննդամթերքը եւ օգտագործել ավելի շատ կաթնամթերք, իսկ եթե երկու օրվա ընթացքում հիվանդի վիճակը չնորմալանա՝ անհրաժեշտ է դիմել բժշկի:
Իսկ ինչ վերաբերում է օրգանիզմի բեռնաթափման օրեր կատարելուն, ապա Ք. Հունանյանը ասաց, որ դա նշանակում է բժիշկ-դիետոլոգը, որոնց ընթացքում պետք է հաշվի առնել՝ մարդը ինչ հիվանդություններ ունի, որովհետեւ հակառակ դեպքում դա բացասաբար կարող է ազդել օրգանիզմի վրա:
Զրույցի վերջում բժշկուհին հորդորեց Ամանորը չվերածել ուտելու տոնի, այլ լիաթոք ուրախանալ: Շնորհավորելով գալիք Նոր տարին, Ք. Հունանյանը բոլորին առողջ տարի մաղթեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031