Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԻ ՈՒՍԻՆ ԷԼ ԿԱՐ «ՓՈՔՐԻԿ ՔԱՐԹՈՒ»

Դեկտեմբեր 25,2010 00:00

«Բոնժուղ, ապե»,- այդպես էր Հայկ Պետրոսյանը Փարիզում «թեմա բացել» Ֆրանսիայի երիտասարդների հետ

«Վերջերս ֆեյսբուքով մեկը գրել էր՝ նենց կուզենայի քո նման լինել: Ճիշտն ասած, զարմացա նման բան կարդալով, ուզում էի գրել՝ նույնիսկ ես չեմ ուզում ինձ նման լինել»,- ծիծաղում է Հայկը:

Հայկը դերասան Վարդան Պետրոսյանի տղան է, սակայն նրան ճանաչում ու սիրում են, առաջին հերթին, ոչ որպես Վարդան Պետրոսյանի տղա, ինչպես ցույց են տալիս իմ անցկացրած հարցումները Պետական համալսարանի երիտասարդների շրջանում, նրանցից շատերը, լսելով Հայկ Պետրոսյան անունը, արձագանքում էին, ասելով՝ «Սուպերսթարի Հայկը»: Բացի «Հայ սուպերսթար 4» նախագծից, Հայկին ճանաչում են նաեւ վերջերս իր բեմադրած՝ «Stand-up show Հայկասթրես» մոնոներկայացումից: «2009-ի ամռանը, երբ վերադարձա Փարիզից, ներկայացման մի մասը գրել էի, ուղղակի գրել էի, միտք չունեի խաղալու: Այնուհետեւ այնպես դասավորվեց, որ մասնակցեցի «Հայ սուպերսթար 4» նախագծին, որի, արդեն վերջում, ներկայացումը ամբողջությամբ գրեցի: Այն մեր սերնդի մասին է, տղա-աղջիկ հարաբերությունների: Առաջին չորս ներկայացումը խաղացի «Ուլիխանյան» ակումբի բեմում: Հայրս այդ ժամանակ Ամերիկայում էր՝ հյուրախաղերի, զանգեցի, ասում եմ. «Պապ ջան, լավ կլիներ, որ հիմա էստեղ լինեիր», հայրս էլ, թե. «Այսպես ավելի լավ է, Երեւանում որ լինեի, կասեին՝ հայրը օգնեց: Իսկ դա արդեն քո հաղթանակն է»,- պատմում է Հայկը:

«Ուլիխանյան» ակումբից ներկայացումը հասավ Տիկնիկային թատրոն, որի՝ նոյեմբերի 29-ի պրեմիերային Վարդան Պետրոսյանն արդեն ներկա էր: «Իհարկե, շատ էի հուզվում, բայց այն, որ հայրս կողքիս էր՝ ինքնավստահություն էր ներշնչում, յուրաքանչյուր տղայի մոտ էլ, ինձ թվում է, այդպես է, սա տղամարդկության պակասի հետ կապ չունի: Իհարկե, հայրս որոշ դիպուկ նկատողություններ արեց, քանի որ շատ էի իմպրովիզ անում, մի անգամ էլ այնքան իմպրովիզ արեցի, ներկայացումը տասը րոպե ավելի տեւեց: Ներկայացումը իր բնույթով կարծես զրույց լինի հանդիսատեսի հետ, եթե սկզբում՝ «Ուլիխանյանում», հիմնական հանդիսատեսը երիտասարդությունն էր, Տիկնիկայինում արդեն ներկա էին նաեւ հորս սերնդակիցները»,- պատմում է Հայկը:

Իսկ թե որքա՞ն հաճախ են հանդիպում Հայկը եւ «սթրեսը» եւ ինչպե՞ս ծագեց անվանումը, Հայկը պատասխանեց. «Շատ պատահական, մտածում էի սկզբում՝ «Հակասթրես», բայց ավելի զվարճալի լինելու համար ներկայացումն անվանեցի՝ «Հայկասթրես»: Իրականում այն ինձ հետ ոչ մի կապ չունի, քանի որ էությամբ հավասարակշռված եմ, կարողանում եմ զգացմունքներս կառավարել, բայց, իհարկե, լինում են դեպքեր, որոնք ոչ թե սթրեսի են հասցնում, այլ ուղղակի՝ սարսափելի զայրացնում: Ինձ թվում է, մեր սերունդը վախկոտ է, խոսքը հատկապես տղաների մասին է, եթե, օրինակ, «ջիփով» մեկը անցնի եւ փորձի իրեն մեքենայի տակ գցել, նա ծպտուն անգամ չի հանի, բայց դեռ փորձի «06»-ով մեկը այդ նույնն անել, խմբով կհավաքվեն ու կծեծեն: Շատ կուզեի մի կազմակերպություն բացել՝ «հակաջիփային»՝ պայքարելու հղփացած երիտասարդների դեմ, որոնց ինքնահաստատման միջոցը շքեղ մեքենան է: Իհարկե, ասածս ուտոպիա է»,- նշում է Հայկը:

Սակայն, որքանով զավեշտալի է, այս ամենի հետ մեկտեղ Հայկը խոստովանեց, որ ինքն էլ է ժամանակին «քարթու»-ի տիտղոսը կրել: «Տարիներ առաջ, երբ առաջին անգամ Փարիզ գնացի, այդ ժամանակ կոմիտասցի քարթու տղա էի: Մի ֆրանսուհու սիրահարվեցի, անունը Նատալի էր: Ես էլ, դե, որպես նորմալ հայ տղա, գնացի եղբորը տեսնելու, դե, մեզ մոտ էդպես է ընդունված, գաղափար չունեի, որ իրենց մոտ նման բան գոյություն չունի: Այդ ժամանակ դեռ ֆրանսերեն լավ չէի խոսում, մոտեցա «լրիվ էս վիճակներով՝ «Բոնժուղ, ապե», «լուրջ ա», «մաքուրով», եղբայրը զարմացած լսեց, ճիշտ չհասկացավ, ասում է. «Ի՞նչ ես ուզում, քրոջս ես հավանել, ուզում ես մեր տանը հետը մենա՞կ մնաս, ես ցվրվե՞մ, հարց չկա»: Դե, իհարկե, աղջիկը, իմանալով, որ գնացել եմ եղբորը նման բաներ ասել, չցանկացավ հետս շփվել, դե արի ու բացատրի իմ արարքի էությունը, որ դա իմ ազնիվ զգացմունքներից է բխել»,- ժպտում է Հայկը եւ ավելացնում. «Թոմի եւ Ջերի» մուլտֆիլմի մեջ մի դրվագ կա, երբ կատվի մի ուսին փոքրիկ հրեշտակ է «բուսնում», մյուսին սատանա, հայ տղաների մոտ էլ մի հատ երրորդն է «բուսնում»՝ «փոքրիկ քարթու»: Ինձ մոտ էլ նման բան կար, բայց անցավ»:

23-ամյա երիտասարդը ոչ միայն երգում է, երգեր գրում, կիթառ, դաշնամուր նվագում, ներկայացում բեմադրում, նաեւ մասնագիտությամբ դիվանագետ է եւ բնականաբար հետաքրքրվում է քաղաքականությամբ: Սակայն քաղաքականությունից չխոսեցինք, ավելի հետաքրքրող հարցեր կային՝ ո՞ւմ է տեսնում իր կողքին Հայկը՝ որպես ապագա կին՝ ֆրանսուհո՞ւ, թե՞ հայուհու, Հայկը, այնուամենայնիվ, պատասխանեց քաղաքական ակնարկով. «Հայուհու, բայց չեմ բացառում, կարող է եւ թրքուհի լինել: Իհարկե, այդ դեպքում իր համար վատ կլինի՝ ցեղասպանության մուռը իրենից կհանեմ»:

Հայկը ուրախ անձնավորություն է, իհարկե, բացառություն չէ, ինչպես բոլորը, նա էլ է ունենում տխուր պահեր: «Մի օր Փարիզում շատ տխուր, գինովցած փողոցում քայլում էի, ուզում էի մեկին սիրտս բացել եւ ընտրեցի ամենապատահական մարդուն՝ մի մուրացկանի, նստեցի կողքին, պատմեցի «դարդս»: Մինչ ասօր նրա խորհուրդները հիշում եմ ու կյանքում գործածում: Տխուր պահերին ինձ ուժ է տալիս նաեւ Ջեկ Լոնդոնի Մարտին Իդենի կերպարը՝ շատ ուժեղ տղա է»,- ասում է Հայկը:

Իսկ կարդու՞մ են արդյոք մեր երիտասարդները, թե՞ «թղթե նախնիներն» իրենց տեղը զիջել են ինտերնետին, Հայկը պատասխանեց. «Մեծ մասը չի կարդում, բայց, իհարկե, չեմ կարող հերքել, որ այսօր նաեւ շատ կարդացած, խելացի երիտասարդներ կան: Որոշներն էլ, հատկապես աղջիկները, ավելի շուտ «Սումերկի» ֆիլմի գիրքը կկարդան, քան լուրջ գրքեր: Այս ամենը կարելի է բացատրել նրանով, որ Սովետական միությունում, մեր ծնողների ժամանակ, զբաղմունքի ոչինչ չկար, մեր ծնողները կարդում էին, իսկ այսօր բազում ակումբներ, դիսկոտեկներ, «Մաֆիայի ակումբներ», էլ չասած ինտերնետը, բնականաբար՝ շատ ավելի քիչ կկարդան: Բայց չկարդացած աղջիկները, որքան էլ գեղեցկուհի լինեն, կտեսնես՝ գեղեցկությունը վրայից թափում է, բայց ահա բերանը բացեց՝ ոնց որ մեր հայաթի Ռազմիկ ձյաձյան լինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել