Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇՈՏՅԱՆԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՎԵՑ «ՏՆՕՐԵՆԱՑՈՒՆԵՐԻ» ՀԵՏ

Փետրվար 24,2011 00:00

Եվ հումոր արեց նրանց «դռռացնելու» թեմայով

\"\"

Երեկ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննությունների երկրորդ օրն էր: Դրանք անցկացվեցին Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում: Մասնակիցներից միայն 6-ն էր մայրաքաղաքից, մնացածը մարզերից էին: 25 մասնակցից միայն չորսն էր «կտրվել»: Քննությունների ողջ ընթացքը ձայնագրվում էր՝ թափանցիկություն ապահովելու համար: Քննությանը ներկա էր նաեւ կրթության ոլորտի «հնաբնակ», նախկին նախարար Սեմյոն Հախումյանը, ով մի 20 օր է, ինչ նշանակվել է ԿԳ նախարարի խորհրդական:
Ժամը 14-ի սահմաններում անսպասելի ներս մտավ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ավելի ուշ նա գնաց այն դասասենյակ, որտեղ հավաքված էին քննության գրավոր փուլը հաղթահարած մասնակիցները: Տնօրենները ոգեւորվեցին նրա այցից, ոմանք իրենց մտահոգությունները հայտնեցին՝ հարցաթերթերի հետ կապված, նախարարն էլ խնդրեց գրավոր ներկայացնել առաջարկությունները՝ խոստանալով, որ դրանք հաշվի կառնվեն: Մի տնօրեն խնդրեց լուսանկարվել Ա. Աշոտյանի հետ. «Որ տանենք, մեր աշակերտների մոտ գլուխ գովենք, թե նախարարների հետ ենք լուսանկարվում»: Աշոտյանը չմերժեց, նույնիսկ սկսեց հումոր անել՝ քննական լարվածություններն ու սպասողական վիճակը մեղմելու համար: «Ձեզ լավ դռռացնում ենք, չէ՞»,- ասաց նա տնօրեններին: «Էդ մենք ենք նախարարությանը դռռացնում, որ տնօրենների համար աշխատելու ավելի լավ պայմաններ լինեն հետագայում»,- ռեպլիկ արեց ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը:
Արմավիրի մարզի Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրենն «Առավոտին» ասաց, որ գոհ է քննություններից, հավելեց, թե կարեւոր է, երբ գիտելիքների մեծ պաշար ունեցող անձնավորությունն է դառնում դպրոցի ղեկավար: Նա 60 գրավոր հարցից 60-ին էլ ճիշտ էր պատասխանել:
Արմավիր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Ռուզաննա Ասմարյանը նշեց, որ գոհ է քննությունների ընթացքից. «Ես նոր եմ աշխատում դպրոցում եւ զգում եմ, որ գիտելիքներով զինված լինելը կարեւոր է: Իմ սովորած քննական հարցերը հաստատ օգնելու են աշխատանքում»:
Վայոց ձորի Արփի գյուղի ուսուցիչ Արա Հովսեփյանը 10 տարուց ավելի հասարակագիտություն ու պատմություն է պարապում, 57 միավոր է հավաքել: Ասում է՝ արդար, օբյեկտիվ տարբերակ է նման քննությունը, բայց ոչ լավագույնը: Նրա խոսքով, թերությունն այն է, որ ձեւաթղթերի մեջ սխալ ուղղելու տեղ չկա, գոնե մեկ անգամ պիտի նման հնարավորություն տրվեր քննության մասնակցին: Ոմանք էլ նշեցին, որ որոշ հարցեր անհաջող են ձեւակերպված: Նրանք առաջարկեցին, որ հարցերից առաջ նշված լինի, որ առաջադրանքը, դիցուք, գնումների մասին օրենքից է:
Քննական հանձնաժողովի նախագահ Արտակ Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ ձեւաթղթում չկա սխալն ուղղելու հնարավորություն: «Դա համապատասխան կարգով է սահմանված եւ արված է հենց տնօրենների համար, որովհետեւ ցանկացած հանձնաժողովի անդամ կարող է գրիչը վերցնել եւ ուղղում անել: Որպեսզի նմանատիպ ռիսկ չունենանք, քննության մասնակիցներին ասում ենք՝ ուշադիր եղեք, մեկուկես ժամ ունեք, հանգիստ մտածեք, եւ ձեր կարծիքով ճիշտ պատասխանները փոխանցեք ամփոփաթերթի վրա: Մոտ 15 րոպե բացատրում ենք, թե ինչ պետք է անել, եւ եթե դրանից հետո իրենք շփոթվում են, ի՞նչ ասեմ»,- պատասխանեց պարոն Պողոսյանը:
ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը մտահոգված է քննությունների անցկացման վայրով: Ասում է՝ լավ կլիներ, որ դրանք չեզոք շենքում կամ դահլիճում լինեին, օրինակ՝ ԳԹԿ-ում, Պետհամալսարանում: Նրա խոսքով, եթե վաղը թիվ 114 դպրոցի տնօրենը, որը այս օրերին հյուրընկալում էր քննողներին ու քննվողներին, ինքը քննություն հանձնի ու բարձր միավորներ հավաքի, որպեսզի մյուս տնօրենների մոտ տպավորություն չստեղծվի, թե նրան լավ աչքով են նայել:
Կապանցի ուսուցչուհի Լուսինե Բալայանը քննությունները որակեց օբյեկտիվ, թափանցիկ, արդար, իր խոսքով՝ առանց ԽԾԲ-ի (խնամի-ծանոթ-բարեկամ):
Կապանի թիվ 1 դպրոցի գործող տնօրեն Հասմիկ Համբարձումյանը նախարարին ասաց, որ քննական հարցերի մեծ մասը զուտ մեխանիկական հիշողություն է պահանջում, շատ են թվային տվյալները, որոնք մտապահելը դժվար է:
Ընդհանուր առմամբ, քննության մասնակիցները բողոքներ չունեին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել