Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարը՝ խոսնակի դերում

Մարտ 30,2011 00:00

Արմեն Աշոտյանն ուզում է ընկալելի լինել

Կրթության եւ գիտության նախարարությունը, ՄԱԿ-ի հետ համատեղ, 2011-2015 թվականների համար մշակել է Հաղորդակցության ռազմավարություն, որի շնորհանդեսը կայացավ երեկ՝ ԿԳՆ-ում: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի փոխանցմամբ, այս ծրագրով փորձել են ընդգրկել հաղորդակցման բոլոր հնարավոր միջոցները՝ հստակ շեշտադրում կատարելով նորագույն տեխնոլոգիաների, վիրտուալ տարածքի վրա. «Նախարարության նպատակն է եղել տարիների ընթացքում հնարավորինս թափանցիկ գործելաոճ որդեգրել ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության, այլ ինստիտուտների հետ»: Նախարարը շեշտեց, որ ռազմավարությունը նաեւ հակակոռուպցիոն ծրագրի կարեւոր բաղկացուցիչ է, որովհետեւ ԿԳՆ-ն պետք է ոչ միայն ոլորտի կազմակերպություններին պարտադրի լինել ավելի թափանցիկ, օրինական եւ հասկանալի, այլեւ օրինակ ծառայի իր աշխատաոճով: Ռազմավարության նպատակներից մեկը կլինի նաեւ արձագանքել լրատվամիջոցներում տեղ գտած կրթական ոլորտին վերաբերող հրապարակումներին:

Ա. Աշոտյանը լրագրողների համար բացահայտեց, թե ինչու է վերջին շրջանում կրթության ոլորտի բարեփոխումների մասին միայն անձամբ՝ խոսնակի դերում հանդես գալիս տարբեր լրատվամիջոցներով. «Իրականությանը չհամապատասխանող կեղծ տպավորություն է ստեղծվում, որ նախարարության ներսում կա՛մ չկան, կա՛մ չեն ուզում ներգրավվել այլ կարող ուժեր՝ հանրային կարծիքի ձեւավորման եւ շփումների համար»: Նախարարը նշեց, որ վերջին ամիսներին, մասնավորապես ռազմավարության մշակման ընթացքում, որդեգրել են այլ մոտեցումներ ու նոր սկզբունքներ: Այսուհետեւ կրթական ոլորտի մյուս պատասխանատուները, պաշտոնյաները եւս կսկսեն որոշակի պարբերականությամբ, ինտենսիվ եւ մատչելի կերպով ներկայացնել իրենց գործունեության ոլորտի առանձնահատկություններն ու փոփոխությունները:

Ինչ վերաբերում է ռազմավարությանը, նախարարը կարեւոր համարեց նաեւ իր ղեկավարած կառույցի՝ վիրտուալ տարածքում՝ հատկապես սոցիալական ցանցերում ակտիվ լինելը, այլընտրանքային հեռահաղորդակցական ալիքներ օգտագործելը եւ այլն:

ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը, ներկայացնելով ռազմավարության կետերը, տեղեկացրեց, որ մինչեւ 2015 թվականը կլինեն հանրային բաց քննարկումներ, աշխատաժողովներ, ինչպես նաեւ սեմինարներ՝ լրագրողների համար: Մասնավորապես, այս ամռանը կկազմակերպվի ամառային դասընթաց կրթությունը լուսաբանող լրագրողների համար: Ա. Բաղդասարյանի խոսքով՝ նախարարությունն այժմ նպատակ ունի բարձրացնելու քաղաքացիների եւ լրատվամիջոցների իրազեկվածության մակարդակը, որովհետեւ մեր քաղաքացիները լավ չեն պատկերացնում կրթական համակարգի կառուցվածքը, եւ հաճախ իրենց հուզող խնդիրների համար դիմում են ոչ համապատասխան մարմիններին:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան եւս հույս հայտնեց, որ ռազմավարությունը կնպաստի նախարարության հակակոռուպցիոն ծրագրի իրականացմանը: Նրա փոխանցմամբ, առաջիկա 3 տարիների ընթացքում խորքային եւ բովանդակալից բարեփոխումներ կիրականացվեն կրթության ոլորտում: Նա կարծում է, որ ռազմավարության հաջող իրականացման համար անհրաժեշտ է քաղաքական, ինչպես նաեւ հանրության կողմից բարեփոխումներն ընկալելու կամք: Նա հավելեց նաեւ, որ ռազմավարության իրականացման շրջանակում անցկացվող միջոցառումների, այդ թվում նաեւ լուրջ ներդրումներ պահանջող միջոցառումների կազմակերպման համար ՄԱԿ-ի կողմից կլինի համապատասխան աջակցություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել