Լրահոս
Օրվա լրահոսը

«Հպարտ եմ, որ հայ հոգեւորականը զենք ունի»

Ապրիլ 05,2011 00:00

Մենուան՝ ի պաշտպանություն Նավասարդի

«Մի բան ակնհայտ է՝ նա հոգեւոր մարդ է, գրքերի մեջ մխրճված, հոգեւոր կյանքով ապրող: Երբ նրան ճանաչում ես ավելի լավ, տեսնում ես նրա առօրյան, այդ «Բենթլին», որ նվեր է ստացել, ես չգիտեմ՝ երբեւէ նույնիսկ վարելու ժամանակ ունեցել է, թե ոչ: Մինչդեռ այնքան պաշտոնյաներ, ովքեր չգիտես ինչ ճանապարհներով կամ պետական պաշտոնը չարաշահելով շատ արագ հարստացել են, դուրս են մնացել լրագրողների հետաքրքրության դաշտից»,- երեկ «Առավոտին» իր կարծիքը փոխանցեց երիտասարդ ՀՀԿ-ական Մենուա Հարությունյանը՝ հանդես գալով ի պաշտպանություն վերջին շրջանում լրագրողների քննադատության թիրախ դարձած Նավասարդ Սրբազանի՝ շքեղ ավտոմեքենա եւ զենք ունենալուն: Ինչ վերաբերում է զենքին, նա նկատում է, որ մեր հոգեւորականները դարեր շարունակ խաչի հետ մեկտեղ նաեւ զենք են ունեցել եւ հենց դրանով են պահել մեր ազգին՝ իր գոյատեւման պայքարում: Հետեւաբար, մանավանդ, որ Հայաստանն էլ շրջապատված է թշնամական եւ պոտենցիալ թշնամական երկրներով, նա գտնում է, որ ցանկացած հայ հոգեւորական նույնիսկ պարտավոր է խաչի կողքին զենք ունենալ. «Ինձ համար նույնիսկ հպարտության առարկա է, որ մեր հոգեւորականը զենք ունի, այլ ոչ ամոթի՝ ինչպես փորձ արվեց ներկայացնել: Կցանկանայի, որ գոնե հոգեւորականի կերպարը, գոնե եկեղեցուն պահեինք անբասիր, շատ չքննադատեինք, որ ինչ-որ մի սուրբ բան մեր երկրում մնա: Եթե սկսենք բոլոր արժեքները, բոլոր մարդկանց տրորել, ոչնչացնել, քննադատել, կգա մի պահ, որ մեզ մոտ բարոյականության սով կլինի, իսկ դա, բոլորս էլ գիտենք, տանում է շատ բացասական երեւույթների: Ես կոչ եմ անում իմ գործընկեր լրագրողներին ու լրատվամիջոցներին փակել այս թեման»: Մեր զրուցակիցն այն կարծիքին չէ, որ հոգեւորականները պետք է շքեղ կյանքով ապրեն, մանավանդ, երբ ժողովրդի մեծ մասը վատ է ապրում, բայց չի էլ կարծում, որ ստացված նման նվերները պետք է ողբերգություն դարձնել: «Առավոտի» դիտարկմանը՝ չե՞ք կարծում, որ նման խոսակցություններից եւ տհաճ որակումներից խուսափելու համար ճիշտ կլինի, որպեսզի հոգեւորականներն իրենց ստացած շքեղ նվերները նվիրաբերեն կամ ծառայեցնեն բարեգործական նպատակների, Մենուա Հարությունյանն ասաց. «Ես ուրախ կլինեի, որ մամուլն այդ համատեքստում արձագանքեր եւ ոչ թե որակումներ տային եւ վարկաբեկեին մարդուն, հոգեւորականին»: Նմանատիպ հետագա տհաճություններից խուսափելու համար մեր զրուցակիցը նաեւ առաջարկ ունի. «Ժամանակն է, որ հայկական եկեղեցին էլ Վատիկանի նման ունենա սեփական կառավարությունը եւ կարողանա սպասարկել սեփական համակարգը: Ի դեպ, սույն կառավարության ղեկավարը կարող է լինել աշխարհիկ մարդ, որպեսզի հոգեւոր դասն էլ դուրս մնա տնտեսական հարաբերություններից, հետեւաբար նաեւ՝ քննադատությունից»:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե ի՞նչ ավարտ ունեցավ ՀՀ գլխավոր դատախազի վերաբերյալ արված ապրիլմեկյան կատակը, որը բավականին լուրջ արձագանքներ ունեցավ: «Slaq.am» կայքի սեփականատերը ես եմ, բայց կայքն ունի գլխավոր խմբագիր, եւ ես չեմ միջամտում կայքի գործունեությանը: Դրա վառ ապացույցն այն է, որ կայքն ուղիղ հեռարձակում էր ընդդիմության վերջին հանրահավաքը, չնայած նրան, որ ես՝ սեփականատերը, ՀՀԿ անդամ եմ: Ես զարմացած եմ, որ հումորին լուրջ արձագանքեց ոչ թե հենց գլխավոր դատախազը, այլ նրա շրջապատի մարդիկ: Ես ուզում եմ այդ իրադարձությանը նման ծանր արձագանքած մամուլի խոսնակին հիշեցնել, որ չորրորդ իշխանությունը հայելի է. եթե հայելու մեջ նայում ես քեզ եւ ինքդ քեզ դուր չես գալիս, ոչ թե պետք է հայելին ջարդես, այլ դու փոխվես: Այսօրվա պաշտոնյաներից շատերը դա չեն գիտակցում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել