Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՍՐԲԱԳՐՈՒՄՆԵՐ «ՄԱՐՏԻ 1-ի» ԳՈՐԾՈՒՄ

Ապրիլ 23,2011 00:00

\"\"Նախագահի հայտարարությունը՝ մարտի մեկն անձնապես կարեւոր հարց է իր համար, բոլորին իրար է խառնել

Ստացվեց, որ մարտի մեկի դեպքերի բացահայտման գործում առավել շահախնդիր է ոչ այլ ոք, քան հանրապետության նախագահը, եւ հենց նա է որոշել հարցը ոչ թե քնեցնել, այլ հրապարակային հայտարարություններ արեց այն մասին, որ դեպքերը պետք է բացահայտվեն, եւ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ըստ էության, բոլոր այն պնդումները, թե մարտի մեկի էջը փակ է, եւ բոլոր այն պնդումները, թե այդ էջը փակ չէ, հօդս ցնդեցին: Պարզվեց՝ այդ էջը եւ բաց է, եւ փակ: Բաց է, որովհետեւ զոհերի համար պատասխանատուները չեն հայտնաբերվել եւ չեն պատժվել, փակ է, որովհետեւ ասում էին, թե փակ է:
Եվ կարծես նախագահի խոսքը նոր ազդակ դարձավ. եւ Պարոնյանի (փողոցը նկատի չունենք, որտեղ կատարվել են մարտի մեկի դեպքերը, այլ մեծ երգիծաբանին, ում անունով է այդ փողոցը), պես՝ բոլոր մութ էջերը լուսավորվեցին, եւ լուսավոր էջերը մթնեցին: Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը շտապեց հայտարարել. «Մարտի 1-ի գործի քննությունը ամբողջությամբ կվերանայվի: Քննարկման արդյունքում որոշում է կայացվել վերանայել նախաքննության ընթացքում ձեռք բերված բոլոր ապացույցները: Կվերանայվեն բոլոր վարկածները, ցուցմունքները, կատարված փորձաքննությունները: Ըստ էության, գործի քննությունը նորից կվերանայվի ամբողջությամբ: Եթե ի հայտ կգան հարցեր, խնդիրներ, որ ժամանակի ընթացքում վրիպակի կամ ինչ-որ բանի արդյունքում ուշադրությունից դուրս են մնացել, անպայման դրանք ի հայտ կբերվեն եւ քննության առարկա կդարձվեն: Արվելու է հնարավորինս՝ տեղի ունեցած դեպքերի բացահայտումը ապահովելու նպատակով»:
ԱԺ փոխնախագահ, մարտի մեկի դեպքերի ուսումնասիրության համար ստեղծված խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը «Առավոտի» հետ զրույցում իր հերթին հայտարարեց, թե ողջունում է ՀՀ նախագահի այն մտքերը, որոնք կապված են մարտի մեկի իրադարձությունների լիակատար բացահայտման եւ նախաքննական մարմնի աշխատանքի արդյունավետության հետ. «Բոլորիս համար էլ հստակ է, որ քանի դեռ կան չբացահայտված սպանություններ, այդ փաստը չի կարող չթունավորել մեր ներքին կյանքը, հասարակական հարաբերությունները եւ անընդհատ լարվածության մեջ է պահում մեր ներքաղաքական մթնոլորտը: Ես կարծում եմ՝ նախագահի այդ պահանջը իր անմիջական ազդեցությունն է ունեցել նախաքննական մարմնի վրա, արդեն հնչել են հավաստիացումներ, որ գործն ամբողջությամբ կվերանայվի: Հուսով եմ, որ դա կլինի արդյունավետ, ես ինքս այդպես եմ ցանկանում: Եվ եթե նույնիսկ բոլոր հարցերի պատասխանները ամբողջությամբ չստանանք, ապա ես հավատում եմ, որ շատ հարցեր նոր լույսի, նոր փաստերի եւ նոր պարզաբանումների ներքո կբացահայտվեն»:
Երեք տարի շարունակ հայաստանյան քաղաքական ուժերը, միջազգային կառույցները, զոհերի հարազատները պահանջում էին, առաջարկում էին, խնդրում էին գործը բացահայտել, մեղավորներին պատժել, բայց այդպես էլ սայլը տեղից չէր շարժվում, ու մեկ էլ հանկարծ՝ նման արագություն: Չէ՞ որ նախագահը եւս մարտի մեկի հետ կապված իր բոլոր ելույթներում ասում էր, որ այն պետք է անպայման բացահայտվի, ուրեմն ինչո՞ւ հիմա եւ այս ձեւով: Մեր այս հարցումներին ի պատասխան՝ պարոն Նիկոյանն ասաց. «Սա ընդամենը մինչ այժմ նախագահի կողմից դրված նույն պահանջի ավելի հրապարակային եւ խիստ դրսեւորումն է: Այնպես չէ, որ սա նոր բան է, եւ հանկարծ երեք տարի հետո միայն նախագահը որոշեց առավել խստորեն խոսել այդ մասին: Այս պահանջը միշտ եղել է, պարզապես հիմա առավել խիստ ասվեց, եւ համապատասխան անձինք պետք է հետեւություններ անեն, քանի որ գործի լիակատար բացահայտմամբ անձամբ շահագրգռված է երկրի նախագահը: Նա հրապարակավ դա ասաց եւ պահանջեց արդյունավետ աշխատանք»:
Սամվել Նիկոյանը հիշեցրեց իր իսկ գլխավորած հանձնաժողովի եզրակացության այն տողերը, որոնցում ասվում է, որ մարտի մեկի զոհերի մահվան հանգամանքները մնում են բաց, եւ սրանում անելիքներ ունի դատաիրավական համակարգը, անգամ առաջարկվել էր եւ ստեղծվեց դիտարկման խումբ, որը կհետեւի նախաքննական մարմնի գործողություններին եւ հանրությանը տեղյակ կպահի. «Դուք ասում եք, թե տարբեր մարդիկ հայտարարում էին, թե մարտի մեկի էջը փակ է, հիմա բա՞ց է, թե՞ փակ: Ասեմ, որ դա վերաբերում է միայն եւ միայն այն պատճառներին, թե ինչու եղավ մարտի մեկը, ինչ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով մեր հասարակությունը հասավ այդ դեպքերին»:
Փաստահավաք խմբի անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը օրերս հայտարարել էր. «Ռոբերտ Քոչարյանը պետք է բացատրություն տա, թե ուժային թեւի հետ փետրվարի 23-ին կայացած խորհրդակցության արդյունքում ինչ հրահանգավորում է արել, եւ դրանից հետո 0038 հրամանը ինչպես է ծնվել, պաշտպանության նախարարը ինչպես է ստորագրել: Եվ կարծում եմ, որ բացատրություն պետք է տա առաջին հերթին նաեւ (պաշտպանության նախկին նախարար) Միքայել Հարությունյանը: Ինչքան էլ Միքայել Հարությունյանը ասի, որ ինքը գտնվել է Թիֆլիսում, հեռախոսով են իրեն զանգել, մեքենաներ են ուզել… Մեզ համար կասկած չկա, որ բանակը մասնակցություն է ունեցել նաեւ առավոտյան: Եվ պետք է հաշվի առնել, որ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը հակասում է Սահմանադրությանը՝ բանակի առումով, եւ այդտեղ էլ Քոչարյան Ռոբերտը պետք է պատասխանի, թե ինչի համար է նա այդ գործողությունները իրականացրել»: Հարցրինք՝ հնարավո՞ր է, որ նշված անձինք հարցաքննվեն, Սամվել Նիկոյանը ասաց, թե ինքը կոնկրետ անունների եւ կոնկրետ գործողությունների մասով ոչինչ չի կարող ասել. «Ակնկալվում է, որ մարդիկ գուցե կունենան նոր, մինչ այժմ անհայտ մնացած տեղեկություն, փաստ, որը ներկայացնելով՝ օգտակար կլինեն նախաքննությանը: Ամեն դեպքում նախաքննական մարմինը արդեն դիմել է քաղաքացիներին եւ խոստացել է ապահովել գաղտնիությունը»:
«Առավոտի» դիտարկմանը՝ մի՞թե ցանկացած գործ տաք հետքերով ավելի հեշտ չի բացահայտելը, պարոն Նիկոյանը համաձայն էր, բայց եւ ասաց. «Երբեք ուշ չէ ցանկացած գործ բացահայտելը, եւ պրակտիկայում էլ դա հնարավոր է, օրինակ, այսպիսի դեպք ունեցանք՝ Սաֆարյան Ստյոպան երեք տարի հետո ինչ-որ բան հիշեց եւ հրապարակեց: Խնդիրն այն չէ՝ դա ճշմարի՞տ է, թե՞ ճշմարիտ չէ, խնդիրն այն է, որ մարդու մոտ երեք տարի հետո հիշողության փայլատակում տեղի ունեցավ, գուցե էլի կլինեն դեպքեր»: Ստիպված էինք ճշտող հարց տալ՝ հուսանք, գործի բացահայտման համար ակնկալվում են միայն ճշմարիտ տեղեկություններ: «Իհարկե, անշուշտ: Գուցե էլի կլինեն դեպքեր, երբ մարդիկ ինչ-որ բան կհիշեն, որը հեռու կլինի քաղաքական շահարկումներից եւ զերծ կմնա այն մոտիվացիայից, թե ինչու դա ինչ-որ մեկը հիշեց, այլ այդ ամենը ուղղված կլինի մեկ նպատակի՝ գործի բացահայտմանը, ինչպես պահանջել է հանրապետության նախագահը»,- եղավ պատասխանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել