Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե չճշտեն՝ թոշակ չեն ստանա

Մայիս 05,2011 00:00 Share

\"\"Մեռած հոգիներին ցուցակներից մաքրում են

Այս օրերին հարյուրավոր թոշակառուներ կրկին խնդիրների առաջ են կանգնել՝ տարածքային կենտրոններից ուղարկում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ ճշտելու, թե ինչու նրանց տվյալների հետ կապված անճշտություններ կան: Երեկ այս առիթով ասուլիս էր հրավիրել աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար, սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արտեմ Ասատրյանը: Ըստ նրա. «Կենսաթոշակառուների վճարման մայիս ամսվա ցուցակներում կան 3000 անձանց խնդրահարույց տվյալներ, այսինքն՝ այդ մարդկանց տվյալները չեն եղել ճանաչելի»: Թոշակառուների տվյալները համադրելով այլ տեղեկատվական բազաների տվյալների հետ, պարզել են, որ, օրինակ՝ հաշմանդամությամբ թոշակ ստացող անձը հաշմանդամության տեղեկատվական բազայում մուտքագրված է որպես 2-րդ կարգի հաշմանդամ, իսկ կենսաթոշակայինում՝ 1-ին: Փոխնախարարի ներկայացմամբ՝ անճշտություններ առկա են շուրջ 37 հազար թոշակառուի տվյալներում, ուստի խնդիր է դրվել, որ վճարումները կատարվեն միայն տվյալների ճշտման դեպքում: Ըստ Ա. Ասատրյանի՝ տվյալները ճշտելու համար քաղաքացին կարող է այցելել կենսաթոշակ նշանակող տարածքային բաժին կամ տարածքային բաժինները հենց իրենք աշխատանքներ կկատարեն, որպեսզի այն 37 հազար տվյալները, որոնք մայիս ամսվա վճարման ցուցակ ներառված են, բայց պարունակում են անճշտություններ, կարողանան ճշգրտել: «Հիմա ես ուզում եմ մեր կենսաթոշակառուներից, մասնավորապես՝ հաշմանդամներից ներողություն խնդրել, որոնք այս նոր գործընթացի ժամանակ խնդիրներ կունենան»,- ասաց Ա. Ասատրյանը: Նրա խոսքերով, արդեն 30 հազար տվյալ ինքնաշխատ եղանակով ճշտել են, որպեսզի քաղաքացիները նեղություն չկրեն: Եթե տարածքային բաժնում համապատասխան տեղեկատվություն չկա, քաղաքացին պիտի ներկայացնի կամ անձը հաստատող, կամ հաշմանդամությունը հաստատող փաստաթղթի օրինակը, ինչի արդյունքում ճշգրտելով տվյալը՝ վճարումը կիրականացվի: Պարոն Ասատրյանը վստահեցրեց, որ իրենց նպատակը ճշգրիտ տվյալներ ունենալով ճշգրիտ վճարումներ իրականացնելն է: «Հաջորդ ամիս նույնպես այս սկզբունքն է գործելու, եւ եթե քաղաքացու տվյալը չճանաչվի, ուղղակի չի վճարվի»,- նախազգուշացրեց նա:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Վերահսկիչ պալատը մի շարք խախտումներ էր հայտնաբերել սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատանքում, ինչի արդյունքում տարիներ ի վեր թոշակառուների անուններով միլիոնավոր գումարներ էին դուրս գրվել պետական բյուջեից եւ գնացել անհայտ ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել