Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ համայնքը՝ ինչպես «Եհովայի վկաները»

Մայիս 07,2011 00:00

Հարցազրույց «Ակոս» շաբաթաթերթի հայերեն  բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ

Տարիներ շարունակ Թուրքիայում ապրող հայերի թվաքանակի մասին տվյալները չեն փոխվում: Պաշտոնական տվյաներով՝ այս երկրի տարածքում 60-70 հազար հայ է ապրում: Պատրիարքարան, 16 հայկական դպրոց, 30-ից ավելի եկեղեցիներ, երեք հայկական թերթ, երկու հիվանդանոց: Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի փոխանցմամբ, սրանք են Պոլսի հայկական համայնքին պահող ու համախմբող հիմնական հայկական կառույցները: Վերջին տարիներին այստեղ գոյացել է մի նոր հոսանք. հայրենիքի հետ կապերը վառ պահելու համար հայերը ստեղծում են հայրենակցական միություններ: Մոտ տասը տարի առաջ մուսալեռցիները ստեղծեցին Մուսա լեռան հայրենակցական միությունը, որին հաջորդեցին Մալաթիայի, Դերսիմի հայերի միությունները: Այժմ էլ կազմավորման փուլում է սեբաստացի հայերի միությունը: Թուրքիայում գործող hայկական եկեղեցիների պարագայում գործող բառը, Էստուկյանի խոսքով, համեմատական է, որովհետեւ դրանց մեծ մասը տարվա մեջ մի քանի անգամ են դռները բացում:

24 էջից բաղկացած «Ակոս» շաբաթաթերթը, որի հայերեն էջերի թիվը չորսն է, լույս է տեսնում մոտ տասը հազար տպաքանակով, «Մարմարայի» տպաքանակը հազարի սահմաններում է, իսկ «Ժամանակ» օրաթերթինը տատանվում է երեքից-չորս հարյուրի սահմանում: Բագրատ Էստուկյանի խոսքով, Ստամբուլի երկու մասնավոր հիվանդանոցներում հիվանդը պետք է ծառայությունների դիմաց բավականին թանկ վճարի: Շատ հայեր, այդ թվում՝ ինքը, հայկական հիվանդանոցներից հազվադեպ է օգտվում, պարզ պատճառով՝ պետական հիվանդանոցները իր համար անվճար են, բժշկական ծառայությունների որակն էլ, նրա հավաստմամբ, ավելի բարձր է, քան ազգային հիվանդանոցինը:

Ստամբուլի 16 հայկական դպրոցներից հինգը 12-ամյա կրթություն է տալիս, իսկ մնացած տասնմեկում հայ աշակերտները մինչեւ ութերորդ դասարան կարող են հաճախել: Էստուկյանը փաստում է՝ կպատահի այնպես, որ տասներկուերորդ դասարանի հայ շրջանավարտը հայախոս չի լինի: «Հայախոսությունը միայն ուսուցման խնդիր չէ, գիտակցության խնդիր է, եւ մեզ մոտ երկար տարիներ հայերենի նկատմամբ մերժման հոսանք մը եղավ: Մարդիկ չուզեցին հայերեն իմանալ, որովհետեւ հայերենը շահավետ չհամարեցին, ավելի նախընտրելի էր, օրինակ, անգլերեն իմանալ»,- կարծում է «Ակոսի» հայերեն էջերի խմբագիրը ու շեշտում թերթը թուրքերենով հասարակությանը հասցնելու կարեւորությունը («Ակոսի» 24 էջից քսանը թուրքերեն է տպագրվում-Լ. Խ.): Մեր զրուցակիցն ասում է, որ տարիներ առաջ իրենք Ստամբուլում ներկայացել են որպես հայ ազգի անհատ, հիմա՝ միայն հայ համայնքի: «Մենք հիմա կրոնական համայնքի վերածված ենք, որը մեզի համար ցավալի պատկեր է: Այստեղ մենք ժողովուրդ, ազգ ըլլալե դադրած ենք, աղանդի պես կդիտվինք, «Եհովաներու աղանդը» կա՞, մենք ալ հայոց աղանդն ենք: Կրոնական դիմագիծ մը ունինք, մեզ ներկայացնողը կրոնապետ մը նե, հանձին պատրիարքին, մինչդեռ մենք կրոնական մարդիկ չենք, հասարակ քաղաքացիներ ենք, հայ ենք, որ կայսրության ժամանակ այստեղ խորհրդարան, հայազգի երեսփոխաններ ունեինք»:

Խառնամուսնությունների թիվը եւս Թուրքիայում օրեցօր ավելանում է, հայերից շատերը նախընտրում են թուրքերի հետ ամուսնանալ: «Երեսուն տարի դա անսովոր, սկանդալային երեւույթ էր, մարդիկ կամաչեին, գետնի տակ կանցնեին, ինչ է թե՝ աղջիկը կամ տղան թուրքի հետ ամուսնացել են: Հիմա սովորական է դարձած: Բայց ինձ համար նշանակություն չունի, թե էստեղի հայերը ինչ ազգի հետ կամուսնանան, խնդիրը այլազգիի հետ ամուսնանալն է: Թուրքի հետ ամուսնանալը կգերադասեմ ֆրանսիացու, հոլանդացու կամ չինացու հետ ամուսնանալուց»,- նշում է Էստուկյանը:

Բ. Էստուկյանի մեկնաբանմամբ, հայ-թուրքական արձանագրությունների չստորագրման մեղավորը խաբեբա Թուրքիան է եւ այդ պետության սարքած ծուղակը հեշտությամբ ընկնող Հայաստանը. «Իմ հայու արժանապատվությունն այս խնդրին մեջ վիրավորված է, որովհետեւ թուրքերը մեր աչքին մեջ նայելով՝ մեզ խաբեցին: Երանի Նալբանդյանն այդ արձանագրությունները ստորագրած չըլլար… Ֆուտբոլի դիվանագիտությունը կրնար իր սահմանին մեջ մնալ: Այցելություններեն մեկնելով՝ պետք չըլլար հիմք չունեցող համաձայնություն մը կայացնելու: Քսան տարի է՝ Հայաստանը փակ սահմանով ոտքի է կանգնել, այսօր հավանաբար ավելի վատ դիրքի մեջ չէ եւ զիջելու ստիպված չէ»: Անդրադառնալով հայ-թուրքական երկխոսության սառեցմանը՝ նա կարծիք հայտնեց. «Սառեցումը թուրքերու համար լուրջ մտահոգություն պիտի ըլլա: Եթե թուրքերը պիտի խորհին Եվրամիությանը անդամակցելու մասին, ապա պետք է հասկանան, որ անհնար է փակ սահմաններով, հարեւան երկրի հետ թշնամական ընթացքի մեջ ըլլալով Եվրամիությանը անդամակցիլ: Թուրքիան այսօր աճող, զարգացող երկիր է, բայց եթե մի քիչ պատմությանը նայես, մտահոգության պատճառ կա՝ միջազգային ատյաններում Թուրքիայի զարգացումը վստահություն չի ներշնչի: Թուրքերն իրենք անգամ զարմանքի մեջ են, թե ինչպես իրենց երկիրը զարգացավ, որովհետեւ հասարակությունն աղքատ է, բայց պետությունը՝ հարուստ, հասարակության կարելիությունները օրեցօր կնվազեն, իսկ պետությանը՝ կավելանան»:

Մեր զրուցակիցը գտնում է, որ Հայաստանը կարող է ղարաբաղյան խնդիրը համաձայնության հանգեցնելու, Ադրբեջանի հետ բանակցությունները շիտակ տանելու ուղղությամբ լուծումներ առաջարկել եւ Ադրբեջանին պարտադրել ճանաչել Ղարաբաղի անկախությունը. «Ադրբեջանը եթե այդ մասին փոքր ազդանշան տա, Հայաստանը կհրաժարվի գրավյալ յոթ շրջանների տիրապետությունից, կըսե՝ երկուսը ինձի բավ է, հինգը ետ կվերադարձնեմ: Այս բանն ըրած վայրկյանին Հայաստանն ավելի հաստատ դիրքի պիտի մատնվի, բայց այս բանը չի կրնա անել, որովհետեւ նույն վայրկյանին ընդդիմադիրները պիտի ասեն՝ վա՜յ ծախեցին, դավաճանեցին Հայաստանը, որովհետեւ ներկա իշխանությունը Լեւոնին նույն բանը ըրավ, հիմա ասոնք կերթան այդ քայլին դիմել: Սա ցավալի վիճակ է, մեր ազգովին դիվանագիտությունը, ռազմավարությունը չգիտնալու, ազգային քաղաքականություն մշակելե անզոր ըլլալու պատկերն է: Մերոնք կկարծեն, թե անլուծելիությունը լուծում է, իսկ թշնամին օրըստօրե ավելի սրված քաղաքականություն կմշակե, զոհերի թիվը կավելանա սահմանի վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել