Լրահոս
Օրվա լրահոսը

Հարսանիքից առաջ…

Մայիս 07,2011 00:00

Մայիսի 14-15-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցով մեկ հարսնացուներ են շրջելու, որովհետեւ «Հարսանյաց ցուցահանդես-վաճառք» է լինելու: Երեկ այս մասին լրագրողներին տեղեկացրեց «Մարիոթ» հյուրանոցի վաճառքի եւ մարքեթինգի տնօրեն Զոլտան Կոնսանսզկին:

Ըստ Զ. Կոնսանսզկիի, արդեն 6-րդ ամենամյա ցուցահանդեսն է տեղի ունենալու. «7 տարի առաջ հյուրանոցը մի նախաձեռնություն սկսեց՝ հարսանյաց ցուցահանդեսների կազմակերպում ու ամեն տարի այն իրականացվում է: Սակայն անցյալ տարի ինչ-ինչ պատճառներով չկայացավ: Դա փոքրիկ դադար էր մեր կողմից: Իսկ այս տարի որոշեցինք վերականգնել ավանդույթը, քանի որ գիտենք՝ ինչ արձագանքներ է այն ունենում: Այս ցուցահանդեսը հետաքրքիր ու առանձնահատուկ է լինելու այն առումով, որ 25-ից ավելի ցուցադրողներ ենք ունենալու: Մասնակցում են հարսանյաց, գեղեկցության, նորաձեւության, ծաղկի սրահներ, էսթետիկայի եւ SPA կենտրոններ, զարդերի եւ ձեռագործ իրերի խանութներ եւ այլն»:

Նրա խոսքով, «Հարսանյաց ցուցահանդես-վաճառքի» նպատակն է՝ հնարավորություն ընձեռել Հայաստանի շուկայում իրենց հաստատուն դիրքը ունեցող կամ նոր շուկա մուտք գործող տասնյակ կազմակերպությունների եւ անհատ ձեռներեցների՝ ներկայացնելու իրենց ծառայությունները, նորամուծությունները եւ շահավետ առաջարկները. «Սա մի խաչմերուկ է, որը համագործակցության, նոր ծանոթությունների եւ գործնական կապերի դռներ է բացում, միեւնույն ժամանակ նորապսակներին ներկայացնելով առաջարկներ իրենց հարսանեկան հանդիսությունը տոնի վերածելու համար: Այս տարի ցուցահանդեսին ներկաները հնարավորություն կունենան ականատես լինել բազմաթիվ անակնկալների»: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ցուցահանդեսի մասնակիցների շարքում չհիշատակվեց հայ դիզայներների անուններ: Պարոն Կոնսանսզկիի փոխանցմամբ, միայն մի դիզայներ է մասնակցության ցանկություն հայտնել:

Բանախոսը հավելեց, որ առաձին ստենդով մասնակիցների շարքում լինելու է նաեւ հյուրանոցի հարսանյաց փաթեթի ցուցադրությունը. «Մենք ունենք հարսանյաց փաթեթ՝ որի մեջ, բացի հարսանեկան արարողության կազմակերպումից, մտնում է նաեւ «Մարիոթի» կողմից նվեր ամուսնական զույգերին՝ առաջին գիշերն անցկացնելու համար սենյակ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել