Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Մայիս 14,2011 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնմեկերորդ

ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԿՅԱՆՔԵՐ

Էս արտագրությունս լկտիաբար գրական նորարարություն հռչակելով՝ ամենեւին էլ մտադիր չեմ էս նորարարությունս կրկնել ու էս վեպիցս նորանոր հատվածներ արտագրել, որովհետեւ էս նորարարությունս հասկանալով ու գնահատելով՝ հասկանում եմ նաեւ, որ «Առավոտի» խմբագրին էլ առանձնապես ձեռնտու չի էս տեսակ արտագրությունների համար ինձ անաշխատ հոնորարներ վճարել, եւ, դրանից էլ բացի, նաեւ հասկանում եմ, որ նորարարն ու մանավանդ գրող նորարարն իրավունք չունի անընդհատ կրկնելով՝ էժանացնել ու փոշիացնել իր գրական ու գեղարվեստական գյուտը, բայց, այսուհանդերձ, պարտավոր եմ նաեւ խոստովանել, որ էս միանգամյա գյուտս  միանգամայն պատահաբար  կատարվեց ու տեղի ունեցավ, որովհետեւ մեր էդ բանակային ճակատամարտը հիշելով՝ հիշեցի նաեւ, որ մեր էդ ճակատամարտն ամենայն մանրամասնությամբ նկարագրել եմ երրորդ հատորիս վերջերում, ու էդ հիշելով՝ մտածեցի, որ ավելի ճիշտ կլինի, եթե վերցնեմ ու երրորդ հատորիցս էդ հատվածն ամբողջությամբ  ու նույնությամբ  արտագրեմ, մանավանդ որ՝ էդ ճակատամարտն ավելի լավ չէի կարող նկարագրել, քան՝ երրորդ հատորիս մեջ արդեն  նկարագրել էի, եւ, դրանից էլ բացի, ես չէի կարող բանակային մեր էդ մեծ ճակատամարտին երկրորդ անգամ չանդրադառնալ, որովհետեւ առաջին անգամ միանգամայն այլ տեսանկյունից էի անդրադարձել՝ նշելով ու շեշտելով, որ էդ կռիվն իմ կյանքում ամենավերջինն էր, եւ հիմա վերստին նշելով ու շեշտելով, որ էդ կռիվն իսկապես իմ կյանքում  ամենավերջինն էր, պիտի ավելացնեմ նաեւ, որ բանակային մեր ամենամեծ ճակատամարտում եւս հրաշքով ու բախտի բերմամբ փրկվեցի՝ ինչպես որ  ժամանակին  Ստալինյան ջրանցքի ամենակուլ երախից էի հրաշքով ու բախտի բերմամբ փրկվել, եւ դրանից հետո  մի անգամ էլ Նալբանդյանի դպրոցի  իմ համադասարանցիներ Հովանի ու Նորոյի հետ Մոնումենտի Չուգունի ու նրա տղերքի ճիրաններից էինք հրաշքով փրկվել, եւ դրանից հետո էլ՝ իմ համակուրսեցի Ֆլորի ծննդյան օրը Ծաղկաձորի  Ալիկի ոհմակից փրկվելս, եւ հիմա վերստին սկսնակ սնկահավաք Երվանդի  սնկերը հիշելով՝ սկսում եմ հասկանալ, որ էս կյանքում բազմիցս եմ հրաշքով փրկվել եւ պոեզիայից արձակի անցնելս ոչ թե երկրորդ կյանքս է, այլ՝  հերթականը, մինչդեռ երկրորդը Ստալինյան ջրանցքից փրկվելուցս անմիջապես հետո սկսվեց, եւ դեմբելների էդ մեծ ճակատամարտից հետո էլ վերածնվեցի՝ ինչպես որ Մոնումենտի ու Ծաղկաձորի դեպքերից հետո էի վերածնվել, եւ եթե Ժելուդկովն իր էդ կոպալով մի քիչ ավելի սրտանց գլխիս խփած լիներ, ես վերածնվելու ու շարունակվելու տարբերակ դժվար թե ունենայի. այսինքն, եթե Ժելուդկովն ինձ էնքան սրտանց խփեր՝ ինչպես Վալերն ու Պարգեւն էին դեմբելներին սրտանց խփում, ես էդ օրն, ըստ ամենայնի, հավերժական քնով կքնեի, եւ էս ուղղությամբ ավելի ու ավելի խորանալով՝ սկսում եմ ենթադրել նաեւ, որ եթե էդ գիշեր էդ ահավոր ու հաստ կոպալը ոչ թե վեհերոտ ու բարեգութ Ժելուդկովի ձեռքին հայտնված լիներ, այլ՝ առավել վճռական ու չարամիտ մեկ ուրիշի, ես էդ օրն իսկապես հավերժական քնով կքնեի, բայց հիմա էդ օրը վերստին հիշելով ու  էդ ճակատամարտի ամենահնարավոր հետեւանքները պատկերացնելով՝ հասկանում եմ նաեւ, որ Ժելուդկովի վեհերոտ հարվածից տապալվելով ու սուտմեռուկի տալով՝ առաջին հերթին մյուսներին փրկեցի եւ առաջին հերթին՝ հենց դեմբելներին ու նույն Ժելուդկովին, որովհետեւ Ժելուդկովի հարվածից առաջ Վալերն ու Պարգեւն արդեն անխնա տապալել էին դեմբելներից շատերին եւ նույն ոգով շարունակում էին, չհաշված որ՝ նվագախմբի մյուսներս էլ էինք մեր չափով մասնակից՝ ներառյալ Բախվա Բուրչուլաձեն, եւ Մացոն էլ էր արդեն մեր կողմից խառնվել, եւ չնայած էդ ճակատամարտի հիմնական ծանրությունը Վալերի ու Պարգեւի ուսերին էր, այդուհանդերձ, էդ վճռական ճակատամարտին բոլոր հայերս որոշակի  մասնակցություն ունեցանք՝ բացառությամբ Շկարուպետայի վարորդ Սաքոյի ու նոյեմբերյանցի ջեւիկների, իսկ ինչ վերաբերում է էդ մեծ ու վճռական ճակատամարտին նախորդած մանրմունր ընդհարումներին, դրանց ելքը Վալերը հիմնականում մենմենակ էր վճռում, վատագույն դեպքում՝ Պարգեւի հետ. ինչ վերաբերում է ինձ, ես էդ մանրմունրներին ոչ միայն մասնակից, այլեւ ականատես էլ չէի լինում, որովհետեւ ամբողջ ժամանակ արհեստանոցումս էի, ու էդ մանրմունրներն էնքան աննշան էին, եւ Վալերն ու Պարգեւն էնքան արագ էին դրանց ելքը վճռում, որ տղերքը չէին էլ հասցնում ինձ իմաց անել, մինչդեռ մեր ու դեմբելների էդ մեծ ու վճռական ճակատամարտի մասին ինձ տեղեկացնելու կարիք չառաջացավ, որովհետեւ էդ մեծն ու վճռականը, փաստորեն, սկսվեց ու տեղի ունեցավ նվաստիս պատճառով՝ նոր տարուց մի քանի օր հետո, եւ չնայած Շաբլովսկու հետ արդեն որեւէ խնդիր չունեինք, մյուս դեմբելները ոչ մի կերպ չէին կարողանում հաշտվել էն բանի հետ, որ նվագախմբի մեր տղերքը շաբաթական մի անգամ  են նարյադ գնում, ու ես՝ ոչ մի անգամ, ու հեչ պատահական չէր, որ հենց ինձ թիրախ ընտրեցին, եւ երբ  չարաբաստիկ էդ գիշեր կազարմա մտա, դեմբելների Չեչենն ինձ առաջարկեց էդ գիշեր իր փոխարեն դնեւալնի կանգնել, ու ես, բնականաբար, մերժեցի, եւ երբ երկու այլ դեմբելներն առավել կոպիտ ու առավել հասկանալի ռուսերենով ինձ բացատրեցին, որ իրենց Չեչեն ախպերը բարձր տաքություն ունի ու ես պիտի իր փոխարեն մինչեւ լույս դնեւալնի կանգնեմ, ես անմիջապես հասկացա, որ կազմակերպված գործ է, ու մինչ կփորձեի ավելին ընկալել ու հասկանալ, մշտապես աչալուրջ  Վալերն արդեն կողքիս էր, ու մինչ Վալերի համար հայերեն կթարգմանեի իրենց պահանջը, Չեչենն արդեն հատակին էր, ու մինչ Չեչենը կփորձեր ոտքի կանգնել, մյուս երկուսն էլ հատակին հայտնվեցին, ավելի ճիշտ՝ ոչ թե հատակին, այլ՝ Չեչենի վրա, բայց հենց էդ պահին դեմբելները մահճակալներից թռան ու վրա տվին, եւ չնայած նվագախմբի մեր տղերքն էլ ճիշտ ժամանակին վրա հասան, իրենք քանակով մեզնից մի քանի անգամ շատ էին, մանավանդ որ՝ նոյեմբերյանցի ջեւիկները դիտորդի դերում էին, եւ հակառակորդի կողմից էլ մեծն Շաբլովսկին էր դիտորդի դերում, ավելի ճիշտ՝ էդ երեքը ոչ թե դիտորդի դերում էին, այլ իրենց մահճակալներին պառկած՝ քնած էին ձեւանում, եւ չնայած երկու հոգու էլ արդեն անձամբ Պարգեւն էր գետին փռել, այդուհանդերձ, դեմբելների թիվն ավելանում ու չէր պակասում, եւ չնայած աղմուկի վրա Մացոն էլ էր արդեն հայտնվել ու մեր կողմից խառնվել, այդուհանդերձ, էականը Վալերն ու Պարգեւն էին, մանավանդ որ՝ Վալերն արդեն ինձ ու Ազատանցուն հստակ ցուցում էր տվել՝ «դուք մենակ մեջքս  պահեք՝ հետեւիցս չխփեն», ու էդ կռվի ամբողջ ընթացքում աչալուրջ Ազատանցին ու ես Վալերի թիկունքին էինք, եւ չնայած Ժելուդկովը կոպալի պես ինչ-որ բան ձեռին մեր շուրջ ֆռֆռում ու տպավորություն էր ստեղծում թե՝ ինքն էլ է դեմբելների կողմից կռվին ակտիվ մասնակից, ես Ժելուդկովին ահագին ճանաչելով՝ գիտեի, որ չափազանց բարի ու անշառ մեկն է,  եւ չնայած  իր էդ կոպալը ձեռին մյուսներին հավասար ճվճվում ու ղժղժում էր, իր վրա առանձնապես ուշադրություն չէինք դարձնում, եւ չնայած էդ պահի դրությամբ Վալերն ու Պարգեւն արդեն դեմբելներից ամենաակտիվներին հնձել էին, դրանց ճվճվոցներն ու հայհոյանքներն ավելի  ուժեղ էին շարունակվում, ու էնքան լարված էինք, որ դեռեւս գլխի չէինք ընկել, որ մեր դեմ  ոչ միայն նոյեմբերյանցի ջեւիկների պրիզիվն է, այլեւ՝ Մացոյինն ու Ժելուդկովինը. այսինքն, մեր դեմ ոչ թե երկու, այլ երեք պրիզիվներ էին համերաշխված կռիվ տալիս, ու էդ  ամբողջ  ընթացքում նոյեմբերյանցի ջեւիկներն ու մեծն Շաբլովսկին իրենց անկողինների մեջ պառկած՝ իբր քնած էին, եւ չնայած էդ ահավոր աղմուկի մեջ քնելն անհնար էր, երեքն էլ մեռելի պես անշարժ էին ու քնած էին ձեւանում, եւ դրա համար հատկապես ջեւիկներն արդարացում ունեին (հետագայում  նոյեմբերյանցի զույգերը մեր առաջ արդարանում էին՝ ասելով, որ եթե արթուն լինեին, ստիպված պիտի իրենց պրիզիվի կողմից մեր դեմ դուրս գային, եւ իրենց պրիզիվի տղերքի մոտ էլ հակառակ կերպ էին արդարանում՝ ասելով, որ եթե էդ պահին  քնած չձեւանային, իրենց զեմլյակներին միացած՝ իրենց իսկ պրիզիվի դեմ պիտի կռիվ տային), եւ չնայած որեւէ մեկը չհանդգնեց Շաբլովսկուց բացատրություն պահանջել, Շաբլովսկին ինքն իրեն հաշիվ տալով ու ինքն իր առաջ արդարանալով՝ մեզ ասում էր, որ եթե էդ գիշեր ինքն արթուն էլ լիներ, էդ կռվին որեւէ կողմից խառնվելու իրավունք չուներ, որովհետեւ ինքը դիսբատցի ու անպրիզիվ մարդ էր, եւ իր իրական պրիզիվցիներն արդեն տարիուկես էր՝ ազատության մեջ ու իրենց տներում էին, եւ երբ ամեն ինչ խաղաղված ու պրծած  էր, երեքն էլ գրեթե միաժամանակ արթնացան, ու էդ ճակատամարտը՝ որ ինձնով ու իմ պատճառով սկսվել էր, ինձնով ու իմ շնորհիվ էլ ավարտվեց, որովհետեւ Ժելուդկովի էդ հանկարծակի հարվածից տապալված ու կազարմայի հատակին բերանքսիվայր փռված՝ ես զգում ու հասկանում էի, որ եթե կենդանության նշաններ ցույց տամ ու վեր կենամ, ամեն ինչ անմիջապես  կվերսկսվի, ընդ որում՝ նոր թափով կվերսկսվեր, որովհետեւ նախքան տապալվելս տեսել էի՝ ինչպես էր արյունլվիկ Չեչենի ձեռքում դանակը պեծին  տալիս, ու ես բերանքսիվայր վիճակում սուտմեռուկի տված ու  գլուխս մի քիչ թեքած՝ մատներիս արանքներից, փաստորեն, ամեն ինչ տեսնում էի՝ ճիշտ այնպես, ինչպես «Առավոտի» ու «168»-ի կոլեկտիվների հետ «Մաֆիա» խաղալիս եմ մատներիս արանքներով նայում ու ամեն ինչ տեսնում, եւ հիմա ինքս ինձանից էս արտագրությունս վերջնականապես  ավարտելով՝ ուզում եմ ավելացնել, որ եթե «Մաֆիա» խաղալիս մատներիս արանքներով մյուս խաղացողներին թաքուն նայելն ընդամենը մանր խորամանկություն է, մեր ու դեմբելների էդ հուժկու ճակատամարտի ամենավճռական պահին սուտմեռուկի տալով ու էդ վիճակում մատներիս արանքներից իրավիճակին ու ճակատամարտի մասնակիցներին ամենայն ուշադրությամբ հետեւելով՝ ես, փաստորեն, էդ ճակատամարտն ավարտին հասցրի, ընդ որում՝ միանգամայն բարեհաջող, եւ չնայած բարոյական հաղթանակը հայերինս էր, Բախվա Բուրչուլաձեն մեզնից պակաս չէր ուրախացել՝ մանավանդ էն պահին, երբ իր ու բոլորի համար պարզ դարձավ, որ կյանքիս որեւէ վտանգ չի սպառնում, եւ որ ասում եմ՝ մեր էդ հաղթանակը բարոյական էր, էնքան էլ ճիշտ չեմ ասում, որովհետեւ մեր էդ հաղթանակն, ըստ էության, ոչ միայն բարոյական էր, այլեւ՝ ֆիզիկական ու նյութական, որովհետեւ երբ ոտքի  կանգնեցի, հատակին թափթփված լիքը դեմբելներ կային, ու մեր էդ ճակատամարտին  էսքան մանրակրկիտ անդրադարձա, որովհետեւ էդ ճակատամարտից կախված՝ մասնակիցներիս հետագա ճակատագիրը կարող էր միանգամայն այլ լինել, եւ  ամեն ինչ հենց էսպիսի շարունակություն ունեցավ, որովհետեւ ես բերանքսիվայր փռված ու իրավիճակը շատ ճիշտ գնահատելով՝ փաստորեն, միանձնյա որոշեցի ու վճռեցի էդ, ուրեմն, ճակատամարտի ելքը, եւ ես էդ արեցի, որովհետեւ անձամբ ինձ էր վիճակվել էդ անել, եւ, որ ամենակարեւորն է, ես ի վիճակի էի էդ անել, որովհետեւ նույնիսկ իմ կռվազան տարիներին, երբ հաճախ ինքս էի կռվի պատճառ հանդիսանում, որեւէ մեկին ցավ պատճառելու ցանկություն ու նկրտում չեմ ունեցել՝ ոչ ֆիզիկական ու ոչ էլ բարոյական իմաստով. այսինքն, իմ էդ ջահելական կռիվներն ու ընդհարումները ոչ թե չարության արդյունք էին, այլ ընդամենը՝ իրավիճակի, եւ չնայած ինքս եմ բազմիցս նախահարձակ եղել,  այդուհանդերձ, կռիվն ու վեճը հաշտության հուն տեղափոխողն էլ եմ շատ հաճախ ինքս եղել. այսինքն, ուզում եմ ասել, որ խաղաղասիրության ջիղն էն գլխից է մեջս գոյություն ունեցել, այլապես, ըստ ամենայնի, էս հիմնավոր կերպափոխությունս ու հաջորդ կյանքերս էլ սկսված ու հունի մեջ մտած չէին լինի, բայց հիմա իմ ամենավերջին կերպափոխությունս եմ լիասիրտ ու անմնացորդ ըմբոշխնում, ու էս վերջինը, ինչպես արդեն գիտեք, բանաստեղծությունը վերջնականապես թոթափած եւ հիմնովին ու ամբողջովին պրոզայի մեջ խրված արձակագրինն է, ու էս վերջինով ոգեւորված ու ոգեշնչված՝ մշտապես նախորդներին եմ վերադառնում ու անդրադառնում, եւ նախորդներին վերադառնալով ու նախորդները վերապրելով՝ արդեն հասել էի իմ հազար ինը հարյուր յոթանասունյոթ թվական ու «Ծիծեռնակ», եւ չնայած արդեն քանի հատոր է՝ ոչ մի կերպ չեմ կարողանում վերադառնալ իմ յոթանասունյոթ թվական ու «Ծիծեռնակ», այդուհանդերձ, պարտավոր եմ էդ անել, որովհետեւ, չնայած էս պահին արձակագրի էս վերջին կյանքս եմ  ապրում, էս վերջինը, ինչպես արդեն հասկանում եմ, հանուն նախորդների եմ ապրում, որովհետեւ արձակը, ի տարբերություն բանաստեղծության, ավելի շատ անցյալի հետ է առնչվում, քան՝ ներկայի, եւ սա իմ անձնական կարծիքն է, ավելի ճիշտ՝ էս պահի իմ անձնական կարծիքն է, իսկ ավելի ճշգրիտ՝ սա անձնական կարծիքն է մեկի՝ ով իր գիտակցական տարիների գերակշիռ մասը բանաստեղծության վրա է մսխել, եւ չնայած այլ բանաստեղծներ ձեզ միանգամայն այլ բան կասեն, դուք պարտավոր եք իմ ասածները լսել, ընկալել ու ընդունել, որովհետեւ, ի տարբերություն ձեզ, ես գիտակցական տարիներիս զգալի մասը բանաստեղծության վրա եմ մսխել, եւ, ի տարբերություն գործող բանաստեղծների, էս պահին բանաստեղծությունից էնքան եմ հեռու, որ էս հեռավորությունից հեշտուհանգիստ կարող եմ դատողություններ ու եզրակացություններ անել բանաստեղծության ու բանաստեղծների վերաբերյալ, չնայած բանաստեղծ եղածս ժամանակ միամտորեն կարծում էի թե՝ բանաստեղծներն իրարից ավելի տարբեր են, քան՝ սովորական մարդկանցից, եւ չնայած հիմա էլ արձակագիրների մասին եմ նույնը կարծում, այդուհանդերձ, էս պահին չեմ կարող չհայտարարել, որ արձակագիրներս, ի տարբերություն բանաստեղծների, հիմնականում անցյալով ենք ապրում, չնայած հիմա՝ էս ասելիս մտքովս անցավ, որ արձակագիրներս էլ ենք իրարից ահագին տարբեր. այստեղից հետեւություն. էն ամենը՝ որ հիմա ձեզ ասում եմ, ոչ թե ընդհանրապես արձակին ու արձակագիրներին է վերաբերում, այլ՝ անձամբ ինձ ու իմ արձակին, եւ սա անձամբ իմ ճակատագիրն է, որովհետեւ ես, ի տարբերություն այլ արձակագիրների, արձակ սկսեցի գրել նոր հազարամյակի սկզբներին՝ երբ մարդիկ ընդհանրապես դադարեցին գրքեր ու մանավանդ վեպեր կարդալ, էլ չեմ ասում՝ էս տեսակ անվերջանալի ու անկանխատեսելի վեպեր. անկանխատեսելի՝ ոչ միայն էն իմաստով, որ նախապես որեւէ մեկն ու նույնիսկ ձեր խոնարհ ծառան չէին կարող կանխատեսել եւ նույնիսկ ենթադրել, որ կյանքում ու գրականության մեջ կարող է նաեւ էս տեսակ վեպ գոյանալ ու առաջանալ, այլեւ էն իմաստով, որ էս վեպիս ընթացքն ու ավարտն էլ են անկանխատեսելի՝ ոչ միայն բովանդակային, այլեւ՝ տեւողության ու շարունակականության իմաստով, բայց պոեզիայից ճիշտ ժամանակին վազն անցնելով եւ իսկական ու գործող արձակագիր դառնալով՝ էնքան չեմ ինքնասիրահարվել, որպեսզի կարծեմ թե՝ անկանխատեսելի ինչ-որ բան գրելն արդեն  իսկ  գործ է. ավելին. վերջնականապես արձակագիր դառնալով եւ մարդկության ու գրականության պատմության մեջ էս ամենածավալուն վեպը բստրելով՝ ես շարունակաբար մտածում եմ, որ գրականության ու մանավանդ գեղարվեստական արձակի պատմության մեջ շատ բաներ կարող էին գրվել՝ որ չեն գրվել, եւ, որ ամենակարեւորն է, շատ էլ ճիշտ է, որ չեն գրվել, որովհետեւ գեղարվեստական արձակը, ինչպեսեւ ժանրերից յուրաքանչյուրը, այլ ժանրերից առանձնանում է ոչ միայն իր հնարավորություններով, այլեւ իր սահմաններով ու սահմանափակումներով, ճիշտ այնպես, ինչպես բանաստեղծությունն է արձակից  ու ամեն ինչից հստակորեն ու ակնհայտորեն սահմանազատվում, եւ որպես նախկին բանաստեղծ՝ կարող եմ ձեզ հավաստիացնել, որ ամենահստակ գծված սահմանները հենց պոեզիայինն են, չնայած, որպես նախկին բանաստեղծ, կարող եմ նաեւ հավաստիացնել, որ պոեզիայի էդ հստակորեն գծված շրջանակի մեջ ինձ լավ էլ ազատ էի զգում՝ նույնիսկ ավելի ազատ, քան՝ արձակի էս չափազանց ընդարձակ տարածքում, ու երբեմնի էդ ազատությունս հիշելով՝ ստիպված եմ մեծամտորեն կարծել ու ենթադրել, որ ես իսկական բանաստեղծ էի, այլապես դժվար թե  բանաստեղծության էդ չափազանց նեղ շրջանակներում ինձ էդքան ազատ զգայի եւ էդքան ազատ դեգերեի ու երբեմն նույնիսկ ճախրեի էլ, ու էս խոստովանությունս լսելով՝ շատերի պես դուք էլ զարմացած կհարցնեք՝ «եթե բանաստեղծության շրջանակներում քեզ էդքան ազատ էիր զգում, էլ ինչո՞ւ քեզ  էդ շրջանակներից դուրս մղեցիր». չափազանց տրամաբանական ու չափազանց բնական ձեր էս հարցին միգուցե դժվարանայի պատասխանել, եթե էդ հարցը նախապես ինքս ինձ տված չլինեի, բայց քանի որ էդ հարցն ինձ բազմիցս եմ տվել, դրա միարժեք պատասխանն արդեն ունեմ, ու էդ պատասխանը հետեւյալն է. եթե համառորեն ու պնդաճակատորեն շարունակեի բանաստեղծություն գրել, կնմանվեի էն բանաստեղծներին՝ ովքեր բանաստեղծություն գրելը համառորեն ու պնդաճակատորեն շարունակելով՝ ոչ միայն որպես բանաստեղծ են ձանձրալիորեն կրկնվում, այլեւ՝ իբրեւ մարդ. այսինքն, ես էլ դրանց պես էդ  բնագավառում սպառվել էի եւ արդեն կրկնվելով՝ նույնիսկ ինքս ինձ էի ձանձրույթ պատճառում, եւ չնայած էս արձակիցս էլ լիքը ձանձրացողներ կան,  առնվազն ձեր խոնարհ ծառան էս արձակից ամենեւին չի ձանձրանում, եւ, որ ավելի կարեւոր է, էս արձակս տպագրողն ու հրապարակողն էլ իմ էս արձակից դեռեւս չի ձանձրացել, բայց, այսուհանդերձ, ամենից ավելի զարմանում եմ էն ջահել  բանաստեղծների վրա,  որոնք Սովետի օրոք չապրելով, չստեղծագործելով ու երբեւէ բանաստեղծության ու բանաստեղծական տողի համար հոնորար  չստանալով՝ էս վայրի ու վայրենի կապիտալիզմի ընթացքում  են բանաստեղծություն գրում, ընդ որում՝ անշահախնդրորեն  ու անվարձահատույց, ընդ որում՝ վաղն էլ են շարունակելու գրել, եւ, որ ամենաէականն է, չսիրելով են էդ գործն անում, ու չսիրելով էլ շարունակելու են, եւ չնայած մեր էս յուրօրինակ կապիտալիզմի օրոք շատերն են իրենց չսիրած գործով զբաղվում, էդ շատերը հանուն մի կտոր հացի են իրենց  չսիրած գործն անում, եւ չնայած էս արձակ զբաղմունքս շատ եմ սիրում, ինքս էլ եմ երբեմն-երբեմն մտածում, որ «Առավոտի» պերմանենտ հոնորարների բացակայության դեպքում դժվար թե էս արձակս գոյանար ու էսքան շարունակվեր, որովհետեւ, ինչքան էլ մեծ ու բարձր բաներից խոսենք, հացի ու ապրուստի խնդիրներն անկախ մեր ցանկությունից կան ու գոյություն ունեն, եւ եթե առաջներում Պռոշյանն ու բոլորս «հացի խնդիր» ասելով՝ մարդկանց սոցիալական խնդիրները  նկատի ունեինք, մեր էս յուրատեսակ կապիտալիզմի  պայմաններում շատերը բառացիորեն հացի խնդիր ունեն, ու ես էլ երեւի կունենայի՝ եթե «Առավոտի» ամենամսյա հոնորարները չլինեին, եւ եթե չլինեին, ստիպված ինքս էլ պիտի չսիրածս գործերով զբաղվեի, լավագույն դեպքում՝ լրագրությամբ, ավելի ճիշտ՝ վատագույն դեպքում լրագրությամբ եւ լավագույն դեպքում՝ ֆիլմերի ու սերիալների թարգմանությամբ, եւ իմ սեփականի փոխարեն՝ ուրիշների մոգոնած սերիալներն էի ձգձգելով շարունակելու, եւ չնայած մեր էս յուրօրինակ կապիտալիզմի ժամանակներում  հիմնականում օրաթերթերում ու շաբաթաթերթերում եմ աշխատել, եւ չնայած Սովետի օրոք էլ եմ զանազան խմբագրություններում աշխատել, ինչքան ինձ հիշում եմ՝ երբեւէ  լրագրող ու ժուռնալիստ չեմ եղել, եւ սա  ոչ հպարտությամբ եմ ասում ու ոչ էլ ամաչելով, այլ՝ որպես փաստ, եւ «Առավոտում» էլ էսքան տարի աշխատելով՝ նախկինում էլ եմ, փաստորեն, էս նույն  գործն արել. այսինքն, նախքան էս վեպս էլ էի «Առավոտում» արձակագիր աշխատում, եւ տարիներ շարունակ թերթի վերջին էջին տպագրվող անոնիմ հումորներս նույնիսկ Հրանտ Մաթեւոսյանն էր որակյալ արձակ համարում՝ ի հեճուկս բոլոր նրանց՝ ովքեր համառորեն շարունակում են ինձ բանաստեղծ համարել, ու էս պարագայում վիրավորականը ոչ թե բանաստեղծ համարվելս է, այլ այն, որ առ էսօր ինձ բանաստեղծ համարողները չեն հասկանում կամ, ավելի ճիշտ, չեն ցանկանում հասկանալ, որ էս արձակովս իմ հերթական կյանքս եմ  սկսել ու շարունակում, եւ նմանապես չեն ցանկանում հասկանալ, որ էս հերթականն սկսողը միանգամայն այլ մարդ է, քան՝ նախորդներն ապրածը,  եւ շատ տրամաբանական ու շատ էլ բնական է, որ էս չափազանց տեսանելի ու չափազանց հասկանալի փոփոխությունը չեն տեսնում ու չեն հասկանում, որովհետեւ մեզանում քչերն են հասկանում, որ բանաստեղծն ու արձակագիրն իրարից ավելի են տարբեր, քան նույնիսկ՝ բանաստեղծությունն ու արձակը, էլ չեմ ասում, որ բանաստեղծության ու արձակի տարբերությունն էլ շատերը չգիտեն ու չեն հասկանում՝ ինչպես որ լրագրողի ու արձակագրի տարբերությունը չգիտեն ու երբեւէ չեն իմանալու, ինչպես նաեւ՝ լրագրության ու գրականության տարբերությունը,  եւ ես ոչ թե խելքիս ու  ընդունակություններիս շնորհիվ էս բոլոր տարբերությունները գիտեմ, այլ ընդամենը՝ կյանքիս փորձից, ավելի ճշգրիտ՝ ապրածս էս մի քանի կյանքերի փորձից, եւ չնայած ինքներդ եք վկա՝ ինչպես եմ շարունակ խճճվում ու մոլորվում արձակի էս անիմանալի ու անանցանելի լաբիրինթոսներում, այդուհանդերձ, արձակագրի էս տաժանակիր ու անշնորհակալ զբաղմունքը միանգամայն սրտովս է, եւ եթե հակառակը լիներ, էս մի քանի տարիների ընթացքում դժվար թե էսքան  գրած ու էսքան առաջացած լինեի:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել