Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՂԱԿԸ ՍԵՂՄՎՈՒՄ Է

Մայիս 27,2011 00:00

\"\"Վլադիմիր Կարապետյանը մտահոգված է, որ ԼՂՀ հարցում միջազգային ճնշումը մեծացել է

Ֆրանսիական Դովիլ քաղաքում երեկ գումարված Մեծ ութնյակի գագաթաժողովում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել: Փաստաթղթում նախագահները Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներին կոչ են արել՝ «բնակչությանը պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի» ու «Քաղաքական կամք ցուցաբերել եւ հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների աշխատանքները։ Հետագա ձգձգումը հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը՝ պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում»,- ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի՝ ասված է երեք նախագահների համատեղ հայտարարության մեջ։ Նախագահները նաեւ հավելել են. «Երբ պայմանավորվածությունը ձեռք բերվի, մենք պատրաստ ենք վկայել այդ սկզբունքների ֆորմալ ընդունումը, նպաստել խաղաղ համաձայնագրի մշակմանը եւ մեր միջազգային գործընկերների հետ աջակցել դրա կատարմանը»: Ապա ավելացրել են. «Մենք հաստատում ենք, որ միայն բանակցությունների ճանապարհով կարգավորումը կարող է հանգեցնել խաղաղության, կայունության եւ հաշտեցման՝ տարածաշրջանային զարգացման եւ համագործակցության հնարավորություններ ընձեռելով։ Համոզված ենք, որ եկել է ժամանակը, որպեսզի ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերը դեպի խաղաղ կարգավորում քայլ անեն»:

Սա ղարաբաղյան հակամարտության շուրջ երեք նախագահների ընդունած երրորդ հայտարարությունն է։ Նախորդ հայտարարությունները ընդունվել են 2009 թվականի հուլիսի 10-ին՝ Ակվիլիայում, եւ 2010 թվականի հունիսի 26-ին՝ Մոսկոկայում: Դովիլյան հայտարարությամբ նախագահները, փաստորեն, վերահաստատում են իրենց նախորդ հայտարարությունների հիմնական սկզբունքները: Հիշեցնենք, որ, մասնավորապես, Մոսկոկայում ամրագրվեց «օկուպացված տարածքների վերադարձ» սկզբունքը:

Զուգահեռներ անցկացնելով երեք հայտարարությունների միջեւ՝ երեկ «Առավոտի» հետ զրույցում ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը մտահոգություն հայտնեց առ այն, որ միջազգային հանրության ճնշումը կողմերի վրա մեծացել է. «Սա աննախադեպ է, որովհետեւ կոնկրետ ժամկետներ են նշվում»: Մեկնաբանելով երեք նախագահների երրորդ հայտարարությունը՝ Վլադիմիր Կարապետյանն այն բնութագրեց «շատ լուրջ փաստաթուղթ»: Ըստ մեր զրուցակցի, առաջին անգամ մենք գործ ունենք երեք ամենաազդեցիկ պետությունների նախագահների, տարածաշրջանային կտրվածքով, հայտնած շատ հստակ դիրքորոշման հետ, որն արտահայտվում է կոչով՝ առաջիկա հանդիպման ժամանակ ընդունել փաստաթուղթը, որն առկա է ԼՂՀ հարցի վերաբերյալ բանակցություններում: Հաշվի առնելով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ երեկ խորհրդարանում հայտնած կարծիքը, որ Ադրբեջանը դեռեւս չի համաձայնվել հայկական կողմի պնդմանը, որ ԼՂՀ կարգավիճակը պետք է որոշվի ժողովրդի կողմից կամարտահայտության միջոցով, որը նաեւ իրավական ուժ պետք է ունենա, ինչը ներկայիս փաստաթղթի «մեխն է», Վլադիմիր Կարապետյանը տարակուսում է, թե ինչպե՞ս կարող են կողմերը գալ համաձայնության ողջ փաստաթղթի շուրջ: «Ավելին, ի տարբերություն 1997 թվականի փուլային փաստաթղթի, որը նախատեսվում էր ստորագրել երեք կողմերի միջեւ՝ Ադրբեջան, Հայաստան եւ ԼՂՀ, որին համաձայն էին Հայաստանն ու Ադրբեջանը, եւ որտեղ երաշխիք կար, որ հետագա կարգավիճակի շուրջ բանակցություններում Ղարաբաղը, որպես լիիրավ կողմ, ստորագրելով այդ փաստաթուղթը՝ այնուհետեւ մասնակցելու է բանակցություններին ու Հայաստանի հետ միասին ամբողջությամբ կպաշտպանի մեր մոտեցումները, այս փաստաթղթում Ղարաբաղը չկա: Հետեւաբար, եթե այդ կետը ձեւակերպում չստանա, գոնե այնպես, ինչպես երեկ Նալբանդյանը ներկայացրեց, անհնարին է, որ կարող է որեւէ մեկի մտքով անցնել սա ստորագրել: Այս առումով մտահոգություն է առաջացնում միջազգային հանրության, փաստորեն, սաստկացող ճնշումը կողմերի վրա: Ի մասնավորի՝ հայկական կողմի՝ ընդունելու սեղանի վրա դրված փաստաթուղթը»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը: Նրա հավաստմամբ, այս փաստաթուղթն ունի բազմաթիվ այլ վտանգավոր եւ խոցելի դրույթներ եւս, որոնց, սակայն, պարոն Կարապետյանն առայժմ չցանկացավ անդրադառնալ: Որպեսզի հայկական կողմի շահերը հնարավորինս պաշտպանված լինեն, մեր զրուցակցի վստահությամբ, ԼՂՀ կարգավիճակի հարցի հստակեցումն այլընտրանք չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել