Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռնափոխադրողները հրաժարվում են

Մայիս 28,2011 00:00

Տուգանքներից խուսափելու համար էլ՝ փոխում մարտավարությունը

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի «բարեհոգության» լիմիտը սպառվեց: Հակամրցակցային համաձայնության մեղադրանքով հանձնաժողովը երեկ որոշեց տուգանել Երեւան-Ստամբուլ բեռնափոխադրումներ իրականացնող 4 ընկերություններին, որոնք ապրանքի մաքսազերծման համար առեւտրականներից նախկին $4-ի փոխարեն պահանջել են $8 (Չինաստանի պարագայում պահանջել են $14՝ նախկին 7-ի փոխարեն): Հանձնաժողովի ուսումնասիրությունների համաձայն, Թուրքիայից բեռնափոխադրումների կեսից ավելին իրականացնում է «Չորս ընկերը», եւ հենց այս ընկերությանն էլ տուգանքի ամենամեծ բաժինը հասավ՝ 55 միլիոն դրամ: 30 միլիոն դրամով տուգանվեց «Սոհոն», 10 միլիոն դրամով՝ «Պրոֆ իմպրոտեքսը», եւ «Նանիսը»՝ 5 միլիոն դրամով: Հանձնաժողովի պահանջով ավելի վաղ 4 տնտեսվարողներն էլ ներկայացրել էին թանկացման պատճառները: Գների բարձրացումը նրանք պայմանավորել էին հիմնականում Թուրքիայում գտնվող պահեստների վարձավճարի, թուրքական ընկերությունների աշխատակիցների սոցապահովության վճարների եւ բեռի տեղափոխման ժամանակ Վրաստանում առաջացած չնախատեսված մեծ ծախսերով: Սակայն, ինչպես վստահեցնում են հանձնաժողովում, 4 ընկերություններից եւ ոչ մեկը չի ներկայացրել որեւէ փաստաթուղթ, որով կհիմնավորվեր պատճառաբանություններից գոնե մեկը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի երեկվա նիստում էլ բեռնափոխադրողները միաձայն հայտարարեցին, թե իրենք ոչ թե բեռնափոխադրող, այլ ներմուծող ընկերություններ են: «Մենք երբեք էլ բեռնափոխադրում չենք իրականացրել, մենք ներմուծող ընկերություն ենք: Ասածս ապացուցող բոլոր փաստաթղթերը ժամանակին ներկայացրել ենք հանձնաժողով, ուսումնասիրել են, բայց այսօր, ի զարմանս մեզ, լրիվ այլ վճիռ են կայացրել: Սա ցույց է տալիս, որ հանձնաժողովը մատների արանքով է ուսումնասիրում հարցը, եթե լրջորեն աշխատեին, նման վճիռ չէին կայացնի»,- հավատացնում էր «Պրոֆ իմպրոտեքս» ընկերության ներկայացուցիչ Շալիկո Փիրուզյանը: «4 ընկեր»-ի ներկայացուցիչն էլ Ա. Շաբոյանից հետաքրքրվեց, թե հանձնաժողովը ինչ փաստաթղթերի հիման վրա է իրենց բեռնափոխադրող ընկերություն դիտարկել: «Չկան ապացույցներ, որ ներմուծող եք»,- պարզաբանեց Շաբոյանը՝ հարցնելով, թե այդ դեպքում ամիսներ առաջ ինչո՞ւ էին ընկերության տնօրենները հայտարարում, թե իրենք բեռնափոխադրող են եւ բացատրում բեռնափոխադրման արժեքի գների փոփոխությունների պատճառները: «Հայկական ոչ մի ընկերություն չի կարող բեռնափոխադրում իրականացնել, եթե պայմանագիր ունեն թուրքական բեռնափոխադրում իրականացնող ընկերությունների հետ, որոնք էլ հենց գին թելադրողն են: Այսինքն՝ հանձնաժողովը ընկերություններին տուգանում է, որ ոչ մի ձեւով չեն կարողացել ազդել գների վրա: Նույն բանն է, եթե ասեք, թե տաքսի վարձողը դառնում է բեռնափոխադրող, ու տուգանեք վարձողին»: Տնտեսվարողների ու հանձնաժողովի ներկայացուցիչների անհամաձայնությունը շարունակվեց մինչեւ նիստի ավարտը: Բայց ընկերության ներկայացուցիչներին այդպես էլ չհաջողվեց հանձնաժողովին հակառակը համոզել:
Ընկերություններին տուգանելուց հետո հանձնաժողովի նախագահը անդրադարձավ նաեւ «Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկային» (ԼՏԹՖ) տարեկան հասույթի 2%-ի չափով տուգանելու որոշմանը՝ հիշեցնելով, որ այն դատարանում բողոքարկելու վերջնաժամկետը մինչեւ մայիսի 10-ն էր։ Ըստ Ա. Շաբոյանի, գործող օրենսդրության համաձայն՝ դատարան ներկայացված ընկերության դիմումի մեկ օրինակը ստանում է նաեւ հանձնաժողովը, բայց դեռ չեն ստացել. «Երեկ դիմել ենք դատարան եւ տեղեկացել, որ «Լուսակերտի թռչնաֆաբրիկայից» դիմում չեն ստացել»:
Ու քանի որ արդեն անցել է բողոքարկման ժամկետը, հանձնաժողովը վարչական դատարան է դիմել գրությամբ՝ խնդրելով վճարման կարգադրություն պատրաստել եւ այն տրամադրել հանձնաժողովին, որ այդ գումարը դրվի բռնագանձման։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031