Լրահոս
Օրվա լրահոսը

Ծննդատուն՝ ծննդատան հարեւանությա՞մբ

Մայիս 31,2011 00:00

Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգի կարծիքով, դեմոգրաֆիական անկման պայմաններում կառավարության նման որոշումն աննպատակային է ու չհիմնավորված

\"\"

Դեռեւս 2009 թ.-ին ՀՀ առողջապահության նախարարության եւ Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցին օժանդակող միության միջեւ ստորագրվել է մի հուշագիր, համաձայն որի՝ քաղաքի կենտրոնում գտնվող այս բուժհաստատությունում նախատեսված է ավստրիացիների փողերով բացել մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք: Այսինքն՝ ստացվում է, որ Գյումրիի ծննդատնից ընդամենը 500 մետր հեռավորության վրա բացվելու է մի նոր ծննդատուն, որի պահանջարկը, սակայն, ըստ մարզի գլխավոր գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանի, բացարձակ չկա, հատկապես որ, Շիրակում վերջին տարիներին նկատելի է ծնելիության թվի կտրուկ անկում, մարզն էլ հագեցած է ծննդատներով: «Առողջապահության նախարարության կայքից կարդացի, որ նախարարն ու Ավստրիայի կառավարության ներկայացուցիչները հանդիպել ու բանակցում են այս հարցի շուրջ. միտքն անգամ աբսուրդ է, որովհետեւ հիվանդանոց կամ բաժանմունք բացում են կարիքն առաջանալու դեպքում: Բայց մենք Շիրակի մարզում չունենք դրա կարիքը, մեր մարզում ամենակայացած ու ամենաապահովված ծառայությունը  ծննդօգնությունն է, եւ հանկարծ այդ ծառայության մեջ նորից մի կույրաղիք են մտցնում, որի նպատակը չկա: Եթե միտում լիներ, որ ծնունդներն ավելանալու են կրկնակի կամ եռակի, այդ որոշումն ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, բայց հիմա հակառակն է նկատվում. պակասում են ծնունդներն ու ազգաբնակչությունը, թերբեռնվածությամբ են աշխատում մարզում եղած բոլոր ծննդօգնության հիմնարկները, եւ հանկարծ էս թերբեռնվածության մեջ բացում են աննպատակ մի բաժանմունք: Եթե որեւէ մեկը՝ անկախ իր զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, կարող է հիմնավորել այդ որոշումը, ես, որպես 48 տարվա առողջապահության ու ծննդօգնության կազմակերպիչ, խոստանում եմ համբուրել էդ մարդու ուղեղը»,-ասում է բժիշկ Գրիգորյանը: Նա վիրավորված է, որ որոշում կայացնելիս մասնագետների կարծիքն ընդհանրապես չեն հարցրել, վիճակագրության հետ եւս հաշվի չեն նստել, ուսումնասիրություններ չեն կատարել: Ըստ մարզի գլխավոր գինեկոլոգի, եթե ավստրիացիները, իրոք, ուզում են շիրակցիներին օգնել, ապա այնպիսի մանկական բաժանմունքներ պիտի բացեն, որոնք մարզում ընդհանրապես չկան: Իսկ դրանց թիվը բավականին շատ է: «Հեմատալոգիայի, աչքի հիվանդությունների բաժանմունքներ չկան, կարգին մասնագիտացված քիթ- կոկորդի բաժանմունք չունենք, ալերգոլոգիական բաժանմունք եւս չունենք, մանկական օնկոլոգիա բացարձակապես չունենք, հասնում են Երեւան, վերջին հաշվով՝ շատ բաց տեղեր ունենք առողջապահության մեջ եւ շատ երախտապարտ կլինենք Ավստրիայի կառավարությանը, եթե Ավստրիական մանկական հիվանդանոցում էդպիսի բաժանմունքներ լինեն»,- առաջարկում է բժիշկ Գրիգորյանը: Ըստ նրա, եթե Գյումրիի ծննդատնից 500 մետր հեռավորության վրա մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք բացվի, իսկ ծնունդների թիվը մարզում պակասի, թեկուզ տարեկան 200 ծնունդով, ինչպես որ հիմա է գրանցվում, ապա Գյումրիի ծննդատունը ստիպված կլինի կրճատումներ կատարել իր հիմնարկում: «Այսօրվա դրությամբ Գյումրիի ծննդատան 130 աշխատակիցների թիվը մոտավորապես 25-30%-ով ավելի է, քան պետք է, եւ ծննդատան ղեկավարությունն այսօր կարող է նրանց մարդավայել աշխատավարձ տալ: Փառք Աստծո, որ առողջապահության նախարարությունը մեզ 2-րդ մակարդակ շնորհեց, պետպատվերի փողն ավելացավ, սակայն, եթե Ավստրիականում ծնունդ չեղած պայմաններում մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք բացվի, էս չափի պերսոնալ պահել չի լինի: Իսկ 30 աշխատողի կրճատելը սոցիալական բունտի պատճառ կդառնա»,- ասում է գլխավոր գինեկոլոգը: Ի դեպ, ըստ Հայաստանի ու Ավստրիայի կառավարության միջեւ ձեռք բերած համաձայնության, ավստրիական կողմը նոր բաժանմունքին պիտի ապահովի սարքավորումներով ու ստանձնի կադրերի վերապատրաստումը: «Եթե Հայաստանի կառավարությունը ուզում է ինչ-որ շահ, օգնություն ստանալ Ավստրիայի կառավարությունից, բայց եթե էդ օգնությունը չի ծառայելու որեւէ նպատակի, այլ խաթարելու է արդեն իսկ կայացած ծննդօգնությունը մարզում, ես ոչ մի գնահատական տալ չեմ կարող»-, զարմանում է մարզի գլխավոր գինեկոլոգը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել