Լրահոս
Օրվա լրահոսը

Ուռճացվա՞ծ, թե՞ չճշգրտված հերթացուցակ

Հունիս 30,2011 00:00

Ախուրյանում պաշտոնապես գրանցված 182 անօթեւաններից 24-ի գործերն արդեն իսկ մերժվել են

\"\"

Շիրակի մարզի ամենամեծ գյուղական համայնքում՝ Ախուրյանում «Գլենդել հիլզ» ընկերության կողմից սկսվել է բնակարանաշինություն: Երեկ քաղաքաշինության ԲՀԿ-ական նախարար Վարդան Վարդանյանը մարզային իշխանությունների ուղեկցությամբ եկել էր Ախուրյան՝ շինարարության մեկնարկն ազդարարելու, սակայն ի սկզբանե խոսակցությունը ծավալվեց անօթեւանների, այսպես ասած, «ուռճացած» հերթացուցակի թեմայով: Տեսնելով Ախուրյանի դաշնակցական գյուղապետ Արծրուն Իգիթյանին՝ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են այդքան մեծ թվով անճշտություններ հայտնաբերվել հերթացուցակում: «Կադաստրը հստակ ինֆորմացիա չի կարողանում տրամադրել՝ այդ մա՞րդն ես, թե՞ չէ»,- մեղքն անմիջապես կադաստրի վրա բարդեց համայնքապետը: Ի պատասխան՝ Գիզիրյանը հարցրեց. «Իգիթյան Արծրուն, հիմա քեզ ինչ ա պետք, որ մենք քեզ օգնենք եւ էդ հարցը արագ լուծե՞նք»: Խոսակցությանը միջամտեց քաղաքաշինության նախարարը՝ ինչ-որ տեղ պաշտպան կանգնելով կադաստրին. «Երեւանի կադաստր հասնելու կարիք չկա, տվյալ համայնքի կադաստրի հետ պայմանավորվածություն ունենք, կադաստրը պատրաստ է այդ բոլոր հարցերը լուծել, ուղղակի մի քիչ հետեւողականություն է պետք»: Իսկ երեւանյան կադաստրին, քաղաքաշինության նախարարի պարզաբանմամբ, հարցում են կատարում՝ ճշտելու համար, թե տվյալ շահառուն հանրապետության այլ բնակավայրերում բնակարան ունի՞, թե՝ ոչ: Խնդիրն այն է, որ հերթացուցակի հստակեցումից հետո միայն պիտի կողմնորոշվեն, թե քանի 1, 2 կամ 3 սենյականոց է անհրաժեշտ կառուցել Ախուրյանում: Մենք Ախուրյանի համայնքապետից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է կատարվում եւ ինչո՞ւ է բնակբաշխման հանձնաժողովը այսքան քիչ քանակություն ունեցող անօթեւանների հերթացուցակում այդքան մեծ թվով անճշտություններ հայտնաբերել: «Բնական է, անճշտություն որտե՞ղ չկա, տարիներ են անցել, 3 տարի չի քննարկվել հարցը, հիմի ավելի մանրակրկիտ, մանրամասն քննարկում են: Նախկինում մենք բավարարվում էինք Շիրակի մարզում հարցում կատարելով, էսօր նախարարությունը հարցում է կատարել հանրապետությունով մեկ, Երեւան քաղաքում: Իսկ Երեւան քաղաքում կան դեպքեր, որ կադաստրային գործերում համընկել են անուն-ազգանունը, սակայն կադաստրը պատասխանել է, որ կադաստրային գործում չկա անձնագրային տվյալները եւ հայրանունը, որը խնդիր է առաջացնում՝ հիմա էդ մարդն է, թե էդ մարդը չէ: Իսկ դա ճշգրտելու հետ կապված բավականին խնդիրներ են առաջանում, այսինքն՝ պետք է տվյալ հասցեի սեփականատերերին հրավիրել կադաստր, ներկայացնել իրենց անձնագրերի պատճենները, տվյալները, որպեսզի կադաստրը կարողանա հստակ ինֆորմացիա տալ՝ տվյալ անձնավորությունը սեփականություն ունի՞, թե՝ ոչ: Երեւան գնալ-գալը, ամեն մի կադաստր մտնելը… Ես, որպես համայնքի ղեկավար, դժվարությամբ եմ կարողանում կադաստրի տեղը գտնել, կադաստրի ղեկավարին տեսնել, խնդրել, որ մի քիչ արագ տան տեղեկանքը, բնական է, 65-75 տարեկան միայնակ ծերին ամիս է պետք, որ գնա հարց պարզի, ծախսեր են պետք»,- պարզաբանեց գյուղապետը: Ըստ նրա, մինչեւ բնակարան են կառուցում, անօթեւանության հերթացուցակում գրանցված միայնակ ծերերը հերթով մահանում են, օրինակ, նրանցից մեկը՝ Ռոզա Գասպարյանը 2 օր առաջ է մահացել, եւ նա միակը չէ. «Կան բաներ, որ ես չեմ ընդունում, անցել է 25 տարի, եւ էսօր մենք մի շարք նոր պահանջներ ենք ավելացնում: Մարդը վերջը պիտի ապրի՞, թե՝ ոչ: Մեկը եկել-ասում էր՝ մտածո՞ւմ եք, թե ես էսքան տարի հակահիգիենիկ, հակասանիտարական, «բոմժի» կարգավիճակում պիտի մնայի, որ ինձ տուն տայի՞ք: Բնակարան եմ կորցրել, լավ չէ՞, որ ինչ-որ չափով կարողացել եմ բարելավել, պայմաններ ստեղծել, որ ապրեմ»,- մեկնաբանում է գյուղապետը: Ըստ նրա, այն 24 անօթեւանները, որոնց զրկել են բնակարան ստանալու հնարավորությունից, պատճառը կա՛մ բնակարանային պայմանների բարելավումն է, կա՛մ մահացածության դեպքերն են, կա՛մ անձնագրերի փոփոխման ժամանակ գրանցումների հետ կապված թյուրիմացությունները, որոնք պիտի պարզաբանվեն դատական կարգով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել